Մոռացված ֆիլմերի ստվերները

«Անցյալի արձագանքները». ֆիլմ` ստեղծված իրական փաստերի վրա. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ գիտնականի՝ Խորհրդային միությանը մատուցած անուրանալի ծառայությունների մասին պատմող ֆիլմը էկրան բարձրացավ անցյալ դարի 70-ականներին։ Հետաքրքիր սյուժեով նկարահանված ֆիլմը, սակայն, չվայելեց հանդիսատեսի հետ շփումների վայելքը։

Գրիգոր Մելիք-Ավագյանը կինոյի աշխարհ մտավ այլ ասպարեզից։ Դժբախտ պատահարի պատճառով պրոֆեսիոնալ երաժշտի կարիերան թողած Մելիք-Ավագյանը զորակոչվում է բանակ և երկու տարի ծառայում սովետական բանակում՝ Լեհաստանի սահմանին։ Իր ծննդյան օրը զորացրման հրամանը ստանալուց հետո, նա որոշում է հրաժեշտի խնջույք կազմակերպել զինակից ընկերների համար։ Խնջույքի ամենաթեժ պահին լուր է տարածվում, որ Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա։ Կյանքը հետաձգվում է հինգ տարով։

Գրիգոր Մելիք-Ավագյան

Զորակոչիկից պատերազմական գործողությունների մասնակից դարձած զինվոր Գրիգոր Մելիք-Ավագյանը հինգ տարի մասնակցում է բազմաթիվ մարտերի, անցնում շատ դժվարությունների միջով։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանն, ասես փորձելով մեղմել, արդարացնել, երիտասարդի կրած փորձությունները, ասում է՝ ռազմի դաշտում իր տեսածն ու ապրածը հետագայում պիտի ներկայացներ ֆիլմերում։

Սիրանույշ Գալստյան

«Պետք է նշել, որ Գրիգոր Մելիք-Ավագյանը շարքային վետերան չէր: Նա բազմաթիվ պարգևների, շքանշանների է արժանացել: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ հետագայում  պատերազմական սարսափը իր ֆիլմերում ռեալիստորեն ներկայացնելու փոխարեն նա դիմել է լիրիկական ոճով կինոնկարի ստեղծմանը, ինչի արդյունքում պատերազմի թեմային անդրադարձող նրա ֆիլմերը առանց հուզմունքի հնարավոր չէ դիտել»,-ասում է Սիրանույշ Գալստյանը:

«Անցյալի արձագանքները» ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված էին հայ, ռուս և լատվիացի դերասաններ։ Գերմանացի հետախույզների կերպարները ֆիլմում մարմնավորում էին Էդուարդ Մարցևիչն ու Յուրի Յարվերտը, իսկ Արտավազդ Շահինյանի դերում Գրիգոր Մելիք-Ավագյանը հաստատում է Խորեն Աբրահամյանին։

«Անցյալի արձագանքները» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը պատմում է, որ ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1970 թվականի մայիսին։ Շուրջ մեկ ամիս Խորեն Աբրահամյանը և լատվիացի դերասանուհի Աուսմա Կանտանեն Էջմիածնում նկարահանվում էին կինոնկարի հայաստանյան տեսարաններում, հետո ստեղծագործական խումբը մեկնում է Էստոնիայի փոքրիկ Վինլանդի քաղաք, որտեղ էլ նկարահանվում է ֆիլմի մեծ մասը։  

Անահիտ Հայրապետյան

«Ես կարծում եմ, որ Խորեն Աբրահամյանի մարմնավորած այդ կերպարը հավաքական կերպար էր, որովհետև մենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ բազմաթիվ հայ հետախույզներ ենք ունեցել, որոնք մեծ ծառայություններ են մատուցել Խորհրդային Միությանը, բայց նրանցից շատերի մասին  մենք ոչինչ չգիտենք: Դա էր պատճառը, որ Գրիգոր Մելիք-Ավագյանը այս ֆիլմը ստեղծելիս Արտավազդ Շահինյանի կերպարի միջոցով ցանկացել է միավորել նրանց բոլորին և եկող սերունդներին փոխանցել հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած անուրանալի ներդրումը»,- նշում է Անահիտ Հայրապետյանը:

Վինլանդիում երեք ամիս տևած նկարահանումներն ավարտելուց հետո խումբը Երևան վերադարձավ 1970 թվականի աշնանը։ Մի քանի օր հանգստանալուց հետո Գրիգոր Մելիք-Ավագյանն սկսեց ֆիլմի մոնտաժային աշխատանքները։ 1971 թվականի փետրվարի 23-ին Խորհրդային Միությունում նշվող ամենաազդեցիկ տոներից մեկի՝ հայրենիքի պաշտպանի օրը Կինոյի տան հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ «Անցյալի արձագանքները» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին հաջորդեց մոսկովյանը։ Իրական փաստերի հիման վրա ստեղծված ֆիլմը, սակայն, պրեմիերայից հետո մեկ անգամ էլ ցուցադրվեց հեռուստատեսությամբ և մի կողմ դրվեց։

«Ֆիլմը էկրան բարձրանալուց հետո մասսայականություն չվայելեց: Պատճառներից մեկը այն էր, որ հեռուստատեսությամբ այն ցուցադրվեց ընդամենը մեկ անգամ: Շատերը չկարողացան դիտել ֆիլմը, և ստացվեց այնպես, որ կինոնկարի գոյության մասին տեղյակ եղան միայն նեղ մասնագիտական շրջանակում»,-ափսոսանքով նշում է Անահիտ Հայրապետյանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հայ զինվորականների կողքին հետախուզական սխրանքներ էին կատարում նաև հայ գիտնականնները։ Պատերազմի ավարտից հետո այդ ամենը պահպանելու նպատակով գրվեցին գրական ստեղծագործություններ, նկարահանվեցին կինոնկարներ։ Գրիգոր Մելիք-Ավագյանի «Անցյալի արձագանքները» ֆիլմն այդ աշխատանքներից է, բայց այն պատշաճ չներկայացվեց հանրությանը և չկարողացավ կատարել իր առաքելությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button