Սփյուռքի ձայնը

Սփյուռքի երիտասարդները համախմբվում են ընդհանուր նպատակի շուրջ․ «Սփյուռքի ձայնը»

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի (WostAYN) նախաձեռնությամբ Սփյուռքի 30 ակտիվ երիտասարդներ կհանդիպեն Բուդապեշտում։ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի առաքելությունն է միավորել աշխարհի հայերին և աջակցել համահայկական խնդիրների լուծմանը։

Առաջին անգամ Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում կիրականացվի միջազգային ծրագիր հայերեն և անգլերեն լեզուներով, որի նպատակն է միավորել կազմակերպված սփյուռքահայ երիտասարդությանը մեկ վայրում, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ քննարկել սոցիալական իրավունքներին և ինտեգրմանն առնչվող հարցերը, վեր հանել սփյուռքահայ երիտասարդության շրջանում առկա մարտահրավերները, հավաքագրել սփյուռքի տարբեր համայնքներում առկա փորձը, զարգացնել երիտասարդների կարողությունները քաղաքականություն մշակողների հետ հաղորդակցվելու, սոցիալական իրավունքների և երիտասարդության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվելու համար։

Հաղորդաշարի հյուրերն են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը և ծրագրի մասնակից Անահիտ Խալաթյանը՝ Ռուսաստանից

«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ նախաձեռնել ենք այս ծրագիրը, որպեսզի զարգացնենք տարբեր եվրոպական երկրներում բնակվող հայ երիտասարդների կարողություններն առավել ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու քաղաքականության մշակման գործընթացում, խթանելու Սփյուռք-Հայրենիք գործակցությունը»,- նշում է կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Ռուսաստանում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներից հատկապես կարևորում եմ հայոց լեզվի պահպանումը։ Այստեղ շատերը պարզապես չեն ցանկանում այն սովորել կամ խոսել մայրենի լեզվով։ Սա անչափ մտահոգիչ է։ Բուդապեշտում կայանալիք հավաքի ժամանակ ես բարձրաձայնելու եմ հատկապես այս հարցը։ Նախկինում համայնքային կառույցները ավելի ակտիվ էին, կազմակերպվող միջոցառումները նպաստում էին հայապահպանությանը՝ բոլոր առումներով։ Այժմ այդ ակտիվությունը չկա։ Մեզ կոգևորեն հատկապես հայրենիքից եկող ազդակները, մենք ուզում ենք, որ կապը Հայաստանի հետ ավելի սերտ լինի՝ պետական ծրագրերի մակարդակով»,– ասում է ծրագրի մասնակից, ռուսաստանաբանակ Անահիտ Խլղաթյանը։

Back to top button