ԿարևորՄշակույթ

«Ոգեղեն սահմանապահը»․Խորանաշատի վանական համալիրը կանգուն է արդեն 800 տարի

Արձակագիր Լարիսա Պետրոսյանի նախնիները հոգևորականներ են եղել՝ Արցախից Տավուշ գաղթած։ «Հովտաց աղբյուրի կանչը» գիրքը պատմվածքների ժողովածու է, որտեղ գրողը պատմում է իր հայրենի գյուղի՝ Չինարի մասին։ Պատմություններում, որոնք  իրական դեպքերի հիման վրա են գրվել,  գյուղացին է, հողը և Խորանաշատը՝ որպես հավատի խորհրդանիշ։ Տարիներ շարունակ Լարիսա Պետրոսյանը փնտրել է ամբողջ կյանքը Չինարում ապրած իր պապի գերեզմանը, ասում է՝ պատկերացնել անգամ չէր կարող, որ այն պիտի Խորանաշատում գտնի։

«Ես գիտեի, թե պապս շիրիմ չունի, անհետ կորել է Հայրենական պատերազմի ժամանակ, բայց Խորանաշատում հայտնաբերել են պատին փորագրված նրա անունը  և հետո պարզել, որ նա մասնակցել է վանքի վերանորոգման աշխատանքներին, և պատկերացնում եք, պապիսի շիրիմը Խորանաշատի տարածքում գտանք»,-ասում է Լարիսա Պետրոսյանը։

Չինարի գյուղից 25 կմ արևելք ընկած անտառապատ սարին գտնվող Խորանաշատ վանական համալիրը 800 տարեկան է։ Այն եղել է գրչության և դպրության հայտնի կենտրոն, որի առաջին շրջանավարտներից են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին և այլոք։ Երկարատև դադարից հետո Խորանաշատում եպիսկոպոսական պատարագ նորից է մատուցվել 5 տարի առաջ։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի խոսքով՝ թեև վանական համալիրը հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է , այնուամենայնիվ այնտեղ պարբերաբար պատարագ է մատուցվում, իսկ մայիսի 28-ին մատուցվելիք Սուրբ Պատարագին կկատարվի նաև Անդաստանի արարողություն՝ 1224 թվականին գրված «Խորանաշատի ավետարանով»։ Բագրատ Սրբազանի խոսքով՝ մայիսի 28-ը հատուկ է ընտրված, «Հայ ժողովրդի պատմական հայրենիքի վկայությունն է Խորանաշատը, որը թե ֆիզիկապես է կանգուն, թե շարունակում է պահպանել իր հոգևոր ու կրթամշակութային դերը»,-ասում է Սրբազանը․

«Խորանաշատը սահմանապահ վանք է, ժամանակին այն գտնվում էր Հայաստանի սրտում, և պատմության հոլովույթում է այն դարձել սահմանապահ վանք, ուղղակիորեն թշնամու դիրքից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում։ Մեզ համար 5 տարի առաջ սուրբ պատարագի մատուցումը թեկուզ փոքր խմբով շատ կարևոր նշանակություն ունի, շարունակվել են աղոթքները և այս բոլորը, իհարկե, մեր զինված ուժերի աջակցությամբ է տեղի ունեցել, որոնք այսօր էլ գիշեր ու ցերեկ պահպանում են սահմանն ու վանքը»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդը։  

Խորանաշատին նվիրված «Խորանաշատ 800» գիրք–ալբոմը կազմվել է մի քանի մասնագետների կողմից և  խմբագրվել  15 օրում՝ Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի կողմից։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Չինարի գյուղի մշակույթի տանը։ Վահե Թորոսյան․

«Գրքում Խորանաշատը ներկայացվում է որպես գրչության կենտրոն, անդրադարձ կա նաև վանական վարդապետի մատենագրական ժառանգությանը,  ինչպես նաև Խորանաշատի ճարտարապետական առանձնահատկություններին»,-ասում է Վահե Թորոսյանը

Խորանաշատի դպրատանը գրչագրվել են մեկուկես տասնյակ արժեքավոր ձեռագրեր, 2022 թ․ Խորանաշատի 800–ամյակին ընդառաջ միջոցառումների շարքում է նաև վանքում ստեղծված բնագիր ձեռագրերի ցուցադրությունը, որն արդեն բացվել է Մատենադարանում։ Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան․

«Մատենադարանում ցուցադրություն ունենք, որտեղ բնագրեր կան մեկնողական գրականությունից, պատմագիտական երկեր, որոնք հենց Խորանաշատում են կազմվել, նաև ուսումնասիրություններ կան ցուցադրված, որոնք նվիրված են Խորանաշատին, վանական վարդապետին և նրա աշակերտների գործունեությանը»,-ասում է Մատենադարանի տնօրենը։

Պատմական Ուտիք նահանգի կարևորագույն վանական համալիրներից մեկը կանգուն է մինչ օրս, հայ-ադրբեջանական սահմանից հեռու ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Դարերով կանգուն վանական համալիրին նվիրված միջոցառումների շարքը խոսուն խորագիր ունի՝ «Ոգեղեն սահմանապահը»։

Back to top button