ԿարևորՏնտեսական

Ո՞ր ոլորտների հաշվին են գերակատարվել հարկային եկամուտները

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար– ապրիլ ամիսներին հավաքվել է շուրջ 632 մլրդ դրամ  հարկային եկամուտ և պետական տուրք՝ ավելի քան 119 մլրդ դրամով կամ 23 %-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Փորձագիտական դաշտում արձանագրում են, որ հարկային եկամուտների աճին նպաստել են համաշխարհային շուկայում պղնձի գների բարձրացումը,  գնաճն ընդհանարապես ու նաև՝ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան այցելողների թվաքանակի աճը։

Ո՞ր ոլորտների ու ո՞ր հարկատեսակների հաշվին են գերակատարվել հարկային եկամուտներն և արդյո՞ք տարվա առաջին 4 ամիսներին գրանցված աճը կայուն է ու շարունակական կլինի։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ հունվար –ապրիլին արձանագրված շուրջ 23 տոկոս գերակատարման մեջ կարևոր դերակատարում ունի  հազար խոշոր հարկատուների ցանկը  գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը։ Միայն այս ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածից  25 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել. 

«Եթե անգամ դիտարկենք  խոշոր հարկատուների հունվար–մարտի ցուցանիշերը, ապա  առաջին տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբնատ»–ն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 35 մլրդ դրամ, անցյալ տարի՝ 10 մլրդ դրամ։ Միայն այս կոմբինատի հաշվին հարկային եկամուտներն ավելացել են շուրջ  25 մլրդ դրամով»։

Պետական եկամուտների կոմիտեից փոխանցում են, որ ընթացիկ տարվա հունվար– ապրիլ ամիսներին  հավաքվել է շուրջ 632 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք՝ ավելի քան 119 մլրդ դրամով կամ 23.2%-ով ավելի, քան  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով, թերևս պայմանավորված հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է՝ նշում է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը.  

«Նախորդ տարվա համեմատությամբ  շահութահարկի աճը 2022թ. ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 98.4 մլրդ դրամ), իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 18.6 մլրդ դրամ), որից 9.4 մլրդ դրամը՝ ռոյալթիի մասով (2022թ. ապրիլին հավաքագրվել է 17.2 մլրդ դրամ)»:

Հարկային եկամուտների աճի առյուծի բաժինը հանքարդյունաբերության ոլորտինն է, ինչը տնտեսագետ Արմեն Քթոյանը միջազգային շուկաներում պղնձի գների աճով է պայմանավորում։ Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այս տարվա ապրիլին պղնձի մեկ տոննայի գինը մոտեցել էր 10 հազար դոլարին, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում 9-9.5 հազար դոլարի շրջակայքում էր։  Բացի դրանից՝ փոխվել են նաև հանքագործական կազմակերպությունների հարկման մեխանիզմները․ ավելացել է շահույթից պետությանը մասհանվող մասը։  Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը: Առաջարկվում է նաև, պահպանելով ռոյալթիի գանձման ընդհանուր սկզբունքները, համակարգը դարձնել պրոգրեսիվ՝   10 տոկոսը գերազանցող շահութաբերության դեպքում ռոյալթիի ավելի բարձր  դրույքաչափ կիրառել։

Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով։ Այն 2021-ին կազմել է շուրջ 11.6 տրլն դրամ՝  40 %-ով գերազանցելով 2020-ի նույն ցուցանիշը: Համախառն եկամտի աճի ցուցանիշում մեծ դերակատարում է ունեցել գործարքների և փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման արդյունք է՝ արձանագրում են ՊԵԿ–ում։ Հարկային եկամուտների ավելացմանը  նպաստել են   նաև մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում արձանագրված աճն ու գնաճը.

«Գնաճը նշանակում է, որ հասույթը կամ հարկման բազան համապատասխան չափով ավելանում է, իսկ դա բնականաբար իր ազդեցությունն ունի։ Դժվար է այս պահին գնահատականներ տալ, բայց ֆորմալ առումով գնաճը բերում է անվանական մեծությունների ավելացման․ օրինակ, եթե շրջանառության հարկը դիտարկենք, այն անվանական մեծությամբ է հաշվարկվում, հետևաբար այստեղ գնաճն ունի ազդեցություն»։ 

Ակնհայտ է, որ փետրվարից ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված փողի ներհոսք կա դեպի Հայաստան։ Սա նաեւ փոխարժեքի տատանումներ առաջացրեց, բայց այժմ շուկան համեմատաբար կայուն է։ Ռուբլու հոսքը միայն դոլարի վերածելու համար չէր՝ արձանագրում է տնտեսագետ Սոս Խաչիկյանը և հավելում, որ գումարի մի մասը շարունակում է մնալ Հայաստանում.

«Բնականաբար, ծախսեր կատարվեցին հյուրանոցի, սննդի, ինքնաթիռի, ծառայությունների համար։ Ծառայությունների շրջանառության աճը միանշանակ նկատելի էր։ Իմ կարծիքով՝ հիմնական գործոնը ռուսական ռուբլու ներհոսքն էր այդ ժամանակահատվածում»։ 

Ռուսաստանը  Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է։ 2021–ին այդ երկրից ներմուծել է 1,7 մլրդ դոլարի ապրանք, արտահանել 847 մլն դոլարի՝ նախորդ տարվանից շուրջ 25%-ով ավելի։ Նախորդ տարիներին Հայաստանի արտահանած ապրանքների ամբողջ ծավալի շուրջ մեկ երրորդը գնում է ՌԴ, ներմուծման մեկ երրորդից ավելին էլ  ՌԴ-ից է: Տնտեսագետ Համլետ Մկրտչյանի դիտարկմամբ՝ առաջիկայում որոշակի դանդաղում կլինի, բայց դրական միտումները կշարունակվեն.

«Կանխատեսվում է, որ գալիք եռամսյակում նախանշված սահմանաչափից ավելի քիչ հարկային եկամուտներ կհավաքագրվեն, սակայն դա կանխատեսում է, միանշանակ պնդել այս փուլում դեռ շատ բարդ է։ Մենք տեսնում ենք նաև, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են գալիս Հայաստան,  գրանցվում  են ընկերություններ, այստեղ ցանկանում են բիզնես ծավալել, իրենց ֆինանսական միջոցներն են նաև ՀՀ տեղափոխում։  Իմ կարծիքով՝ այս գործընթացը որոշակի կերպով կազդի հարկաբյուջետային քաղաքականության վրա»։

Հայաստանի տնտեսությունը վերականգնման  փուլում է, դեռ հստակ չէ, թե ռուս–ուկրաինական  պատերազմն ինչ ավարտ ու ինչ ազդեցություն կունենա։ Հստակ է միայն, որ որքան այն շարունակվի, այնքան տնտեսական խնդիրները կսրվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button