ԿարևորՔաղաքական

Նոր առճակատում՝ Թեհրանի և Անկարայի միջև. Թուրքիայի «ջրային» ագրեսիան  նոր ռիսկեր է ստեղծում նաեւ Հայաստանի համար

Թուրքիայի ագրեսիվ ջրային քաղաքականությունը նոր դրսեւորումներ է ստանում՝ կապված, մասնավորապես, Արաքս գետի վրա կառուցվող ամբարտակի հետ։ Թուրքիայի՝ ջուրը հարևանների հետ հարաբերություններում որպես գործոն օգտագործելը նոր մարտավարություն չէ, այդ երկիրը ջրային ռեսուրսների կառավարման հատուկ մշակված ռազմավարություն ունի։  Այն երկար տարիներ է մեգանախագծեր է իրականացնում՝ հոգալով իր էներգետիկ և գյուղատնտեսական խնդիրներն՝ ի վնաս տարածաշրջանի երկրների: Այս քաղաքականությունն ընդօրինակում է նաև Ադրբեջանը՝ փորձելով կառավարել անգամ անդրսահմանային ջրահոսքերը։ Խնդրի մասին բարձրաձայնում են ու ահազանգում թե Երեւանը, թե Թեհրանը։

Թուրքիան այսօր ամեն ինչ անում է, որ սահմանային և անդրսահմանային, ինչպես նաև հարևան երկրների ընդհանուր օգտագործման ջրային ռեսուրսները այսպես ասած
«սեփականաշնորհի»: Այդ նպատակով Արաքս գետի իր հատվածում հիդրոնախագծեր է կյանքի կոչում, որոնք ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի և գետափնյա մյուս երկրների վրա՝ փորձելով ավելի լայն կառավարում ունենալ նաեւ անդրսահմանային ջրահոսքերի վրա: Ավելին, շատ մասնագետներ մշտապես ահազանգում են նաեւ Եփրատ և Տիգրիս գետերի վրա իրականացվող խոշորածավալ ծրագրերի բացասական հետևանքների մասին՝ շեշտելով՝ Թուրքիայի կառուցած ամբարտակները հանգեցրել են ջրի պակասի Սիրիայում և Իրաքում, և դա էլ ավելի է սրել իրավիճակը տարածաշրջանում: Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ջրի հասանելիությունը կրճատելը Թուրքիան որպես քաղաքական մահակ է ծառայեցնում։

Թուրքիայի ագրեսիվ ջրային քաղաքականությունը նոր դրսեւորումներ է ստանում՝ կապված, մասնավորապես, Արաքս գետի վրա կառուցվող ամբարտակի հետ: Իրանի ԱԳՆ-ն երկրի օրենդիր մարմնում նախօրեին «անընդունելի» է  որակել հարևան Թուրքիայի կողմից ընդհանուր ջրային ուղիների վրա ամբարտակների կառուցումը` կոչ անելով սահմանակից երկրին դադարեցնել այդ գործողությունները:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ «Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումն անընդունելի է, և մենք դեմ ենք դրան»: Խնդիրը տարբեր խողովակներով ներկայացվել է Անկարային, բայց թուրթական կողմն անդրդվելի է․ հիդրոնախագծերը շարունակվում են։

Իսկ ի՞նչ խնդիր է լուծում այդ ամբարտակը. 124 մ բարձրությամբ կառույցն ապահովելու է Իգդիրի և Կարսի խմելու և ոռոգման ջրի կարիքը, բայց մյուս կողմից ջրի լրջագույն խնդիրներ է ստեղծելու Իրանի Ատրպատական և Արդաբիլ նահանգների համար՝ անջրդի թողնելով ցանքատարածքներ ու այգիներ: Թուրքական ամբարտակի առկայությունը նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանների ջրամատակարարման լուրջ ռիսկեր է ենթադրում: Ըստ որոշ գնահատումների՝ Արաքսի վրա Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցմամբ ջրի պաշարները կարող են նվազել 1.6 մլրդ խորանարդ մետրով:

Հայ մասնագետները եւս ահազանգում են՝ Արաքս գետի վրա թուրքական ամբարտակ կառուցելու հետևանքով Հայաստանում ջրային պաշարները կկրճատվեն:

Դեռ 1927 թ. վավերացված կոնվենցիայով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել են  Արաքս և Ախուրյան գետերի ջրերն օգտագործել հավասարաչափ` 50/50 մասնաբաժնով՝ ոչ ավելի, ոչ պակաս: Մինչդեռ այսօր փորձագետները մտահոգվում են՝ վերջին տարիներին Թուրքիայի կողմից Արաքս գետի վտակների վրա ակտիորեն կառուցվող ջրամբարները Հայաստանը կկանգնեցնեն ջրային պաշարների նվազման լուրջ խնդրի առաջ:

Մեր երկրի ջրային խնդիրները սրվել են նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի հետո՝ նաեւ Ադրբեջանի ձեռամբ։ Քարվաճառի ջրային կայանը Հայաստանի ու Արցախի ջրային դոնորն է։ Այստեղից են սկիզբ առնում ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Սևանա լիճ թափվող Արփա ու Որոտան գետերը։ Տարածքն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։ Քարվաճառի հատուկ պահպանության հարցը կարևոր է եղել միշտ, այժմ  կենսական անհրաժեշտություն է համարում Արցախի արտաքին գործերի նախարարը։ Դավիթ Բաբայանն այս խնդրի մասին խոսում է 20 տարուց ավելի.

«Հիմնական խնդիրը ՀՀ ջրային պաշարների անվտանգության, Սևանա լճի  հարցն է։ Կարծում եմ, որ եթե Արփայի ու Որոտանի ակունքներում լինեն միջազգային դիտորդներ, ապա սա միանշանակ նոր որակ կհաղորդի ջրային անվտանգությանը։ Ադրբեջանից, պարզ է,  պետք է ամեն ինչ ակնկալել։ Սա իմ անձնական կարծիքն է՝ որպես գիտնականի, որ տարիներ շարունակ զբաղվում է  այդ գործով, նաև որպես՝ քաղաքական գործչի»։

Ըստ տվյալների՝ տարեկան շուրջ 5 մլրդ խորանարդ մետր ջուր է  Հայաստանից հասնում Ադրբեջան ու Թուրքիա՝ ոռոգելով ոչ միայն նրանց, այլև մեր մյուս հարևանների դաշտերն ու այգիները։ Իսկ ինչպե՞ս են հայկական ջրերը հասնում Թուրքիա և Ադրբեջան։ Հիմնական պատճառը՝ ռելիեֆն է՝ աշխարհագրական դիրքը։ Հայաստանից ջրերը հոսում են Կուր-Արաքսյան ավազան, Թուրքիան էլ առիթը բաց չի թողնում ու ամբարում է: Միակ ելքը, ըստ Հայաստանի ազգային  ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ Գուրգեն Եղիազարյանի, ջրամբարներ կառուցելն է․

«Առանց ջրամբարաշինարարության  մենք չենք կարող այս խնդիրն արմատապես լուծել։ Այժմ մի քանի խոշոր ծրագրեր իրականացվում են՝ Վեդու ջրամբարն է կառուցվում, Կապսի ջրամբարի հետ կապված որոշ աշխատանքներ են իրականացվում, Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցումն է օրակարգում»։

Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր Կապսի ջրամբարում տարվող աշխատանքների մասին՝ շեշտելով՝ այսպիսով կլուծվի Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի խնդիրը: Ջրամբարի կառուցմամբ Արփի լճի մոտ 60 մլն խորանարդ  մետր  ազատ հոսքերը կկուտակվեն։ Ջրային ռեսուրսների կառավարման հեռահար այլ ծրագրեր էլ կան. առաջիկա 10-15 տարիներին 12 ջրամաբար կկառուցվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում՝ մակերևութային ջրերը ամբարելու նպատակով։

Back to top button