ԿարևորՔաղաքական

Միջազգային արձագանքը՝ պայքարի գործիք․ ներսում միմյանց դեմ, դրսից՝ Հայաստանի

Հայաստանում ընդդիմության ցույցերն ու ակցիաները միջազգային ուշադրության կենտրոնում են։ Հայաստանյան իրադարձություններին պաշտոնական մակարդակով արդեն արձագանքել են մի շարք պետություններ՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ադրբեջանը։

Այս արձագանքներն ու գնահատականները նույնպես սկսել են օգտագործվել  ներքաղաքական պայքարում՝ ընդդիմություն–իշխանություն փոխհարաբերությունները պարզելու համար։  

Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին և հանրահավաքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղարության արձագանքն ուղղված է թե ընդդիմությանը, թե իշխանությանը։  Խոսնակ Նեդ Փրայսը բողոքի խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր է համարում, ընդգծում՝ նահանգները լիովին աջակցում են արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։

Նեդ Փրայսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, իսկ  բողոքի ակցիաների մասնակիցներին՝  զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը։

Հայաստանյան ընդդիմությունը ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը գնահատում է որպես հստակ կեցվածքի ցուցադրում։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախընտրում է գնահատել ընդհանուր, այլ ոչ հենց ընդդիմությանն ուղղված «բռնություններից զերծ մնալու» կոչ.

«Իրականում ընդհանուր գործընթացին է անդրադարձ կատարվում։ Սա բնական երևույթ է, որ այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի դիվանագիտական լեզվով էր։ Արձագանքներից ամենահատկանշականը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն է, որը բառացի կրկնում է այն, ինչը Փաշինյանն է ասում, այն, ինչ ՔՊ–ական պատգամավորները իրենց ստատուսներով գրում են»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը տարբեր հայտարարություններով ևս անդրադարձել է Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին։ Ակնարկել է, որ «սահմանների դելիմիտացիայի գործընթացով» պահանջելու են Հայաստանի Տավուշի մարզից 7 գյուղ և Տիգրանաշենը։ Այս ուղղությամբ  տարվող զուգահեռներին և մեղադրանքներին խորհրդարանական մեծամասնությունից պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է․

«Ընդդիմությանն եմ ասում՝ ապրեք։ Հասցնում եք սրա՞ն։ Երկրի ներսում անկայունության դրսևորումներ են տեսնում, ասում են՝ սա էլ գցենք շրջանառության մեջ, թող ավելի խորանա դա։ Երբ կայուն վիճակ էր, այդպիսի տեսակետ չկար, հենց անկայունության դրսևորումներ են սկսում ձևավորվել մեր երկրի ներսում, անմիջապես Ադրբեջանը որոշ այդպիսի ռազմաքաղաքական հայտարարություններով է հանդես գալիս։ Այնպես որ այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Բայց որպեսզի դա բացառենք, մենք պետք է օր առաջ, կառավարության ծրագրին համապատասխան, վերականգնենք մեր կորուստները, որը կրել ենք 44–օրյա պատերազմի ընթացքում»։

Այս հարցում ընդդիմությունն իր հերթին մեղադրում է իշխանությանը։ Բանակի հանդեպ իշխանության վերաբերմունքը նկարագրելու համար որպես հիմնական փաստարկ նշում են՝ Հայաստանի ԶՈՒ-ն մի քանի ամիս է, ինչ չունի Գլխավոր Շտաբի պետ։ Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է՝ կա Շտաբի պետի պարտականությունները կատարող զինվորական։ Պատգամավորը չի կարծում, որ ԳՇ պետի թեկնածուի փնտրտուքը կտևի եւս մի քանի ամիս.

«Չեմ կարծում, որ ամիսները դա արդարացված է։ Քանի որ մենք ունենք բանակի հետ կապված լուրջ ծրագրային մոտեցում, բնականաբար, շտաբի պետի փնտրտուքը առկա է, հակառակ դեպքում նշանակումը արդեն կլիներ։ Այդ խնդիրը նույնպես կլուծվի, բայց այդ խնդիրը խոչընդոտ չէ բանակի կառավարման համար, որովհետև բանակն ունի պաշտպանության նախարար, բանակն ունի նախարարության կառույցներ և ունի ԳՇ կառույցները՝ համալրված բոլոր առաջին դեմքերով։ էլ չեմ ասում, որ կոնտինգենտ մենք ունենք։  44–օրյա պատերազմը մեզ տվել է այնպիսի սպայակազմ միջին օղակից վերև, որտեղ և մենք կկարողանանք տեսնել ապագան պատկերացնող այն զինվորական ծաղկաբույլը, որը մեր բանակը կտանի առաջ»։

Խոսելով քաղաքական անելիքների ու ընդդիմադիր թեւից հնչող այլ մեղադրանքների մասին՝ իշխանական պատգամավորը նախ ընդդիմադիր գործընկերներին՝ հատկապես իր ղեկավարած հանձնաժողովի անդամներին հորդորում է  վերադառնալ  խորհրդարան՝ մասնակցելու անվտանգային կարևոր հարցերի քննարկմանը։ Ասում է՝ Ղազինյանին հանձնաժողովում փոխարինած Աննա Գրիգորյանին հանձնաժողովի նիստերին անգամ դեռ չի տեսել։ Իսկ ընդդիմությանն առհասարակ հիշեցնում է՝ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է նաև ընդդիմության մասնակցություն և պատասխանատվություն երկրի կառավարման գործում։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում հրապարակներից վերադառնալ խորհրդարան։ Մի քանի ուղղությամբ մայրաքաղաքում անցկացված ավտոերթից հետո պայքարի հերթական օրը եզրափակեցին Ֆրանսիայի հրապարակում։ Կարեւոր ասելիք ունեն՝ ասաց Իշխան Սաղաթելյանը.

«Մենք ասել ենք․ քանի այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ, պետական համակարգը չպետք է ծառայի այս իշխանությանը։ շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները այնքան, մինչև հասնենք մի ծավալի, որ այլևս ժողովրդի ցասումը չկարողանան կասեցնել»։

Միջազգային հարթակներից հայաստանյան իրադարձություններին հետևում են նաև Ռուսաստանում։ Այդ երկրի ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևի փոխանցմամբ՝

«Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրենք շահագրգռված են դաշնակից հանրապետության անվտանգ և խաղաղ զարգացմամբ: Ելնում են նրանից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում, համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերով»։

Ռուսաստանում չեն կարծում, որ Հայաստանում ընթացիկ իրադարձությունները կդանդաղեցնեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Պաշտոնական Մոսկվայի ընկալմամբ՝ խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է։

Back to top button