Գերդաստաններ

Հայկական գյուրզայի հակաթույնի հեղինակը՝ Վանի հնագույն Տեր- Սարգսյանների գերդաստանից․ «Գերդաստաններ»

Տեր-Սարգսյանները Վանի հնագույն տոհմերից են։ Այս տոհմում շատ հոգևորականներ կային։ Տեր Սարգիսը, որն այս տոհմի 4-րդ քահանան էր, բնակություն է հաստատում Հայկավանքի հարավային կողմում գտնվող հայաբնակ թաղում, և այդ թաղն էլ կոչում է Տեր-Սարգսյան թաղ։

Այս թաղի ճիշտ դիմացը մի գերեզմանատուն կար, որը համարվում էր հայերի սեփականությունը։ Կովկասից Վանում ապաստանած մի քանի հայ հայերի սեփականություն համարվող այս գերեզմանատունը հանձնում է թուրքերին։

Գերդաստանի մասին տեղեկություններն ամփոփված են «Գանձեր Վասպուրականի» գրքում, որը հրատարակել են գերդաստանի՝ ցեղասպանությունից փրկված շառավիղները։

Տեր-Սարգսյանների գերդաստանի նախնիներից Հայկը եղբոր հետ մեկնել է ֆրանսիա, այստեղ բարեկամացել է Ջրբաշյանների հետ, և դարձել են խնամիներ։

Հայկ Սարգսյանի հորեղբայր Ավետիսը Վանի ոսկերչական արվեստի հիմնադիրներից էր։ Նա և այս գերդաստանի այլ անդամներ հետագայում մեկնեցին Թիֆլիս։

Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանն այս գերդաստանի շառավիղներից է։ Նաիրան շուրջ հիսուն գիտական աշխատանքների հեղինակ է և երեք գիտամեթոդական գրքի համահեղինակ։ Այժմ Եվրոպական թունաբանության միջազգային կազմակերպության նախագահն է։

Պարզվում է, որ ոչ միայն ամեն մարդ գիտի իր արժեքը, այլ նաև ամեն օձ։ Գիտնական կինը ուսանողական տարիներից հետաքրքրվել է իրենց արժեքը լավ գիտակցող օձերով և նույնիսկ տանն է պահել։ Գիտի նաև, որ դրանց հրեշավոր զենքը վախ է ներշնչում մարդկանց։ Հաղթելու համար անհրաժեշտ է իմանալ նրանց միջից ժայթքող նյութի բաղադրությունը։

Այս մահաբեր թույնը, մտնելով մարդու օրգանիզմ, ոչնչացնում կամ փոփոխության է ենթարկում արյան բջիջների կառուցվածքը։

Երկարատև ուսումնասիրություններից հետո Նաիրան գտավ մարդու օրգանիզմում այն չեզոքացնելու տարբերակը։ 2018 թվականն էր, երբ մի օր լաբորատորիայի խառնարանի մոտ մասնակիցները թեթևացած շունչ քաշեցին. գյուրզայի հակաթույնը ստեղծված էր, այլևս վախենալ պետք չէր։

Այս մասին գրեցին եվրոպական հեղինակավոր ամսագրերը։ Տեր-Սարգսյան գերդաստանի երիտասարդ շառավիղը հպարտ էր, քանի որ հայաստանյան գիտության մեջ ներդրում էր ունեցել։
Գիտնականը նաև պարզեց, որ գյուրզայի թույնից կարելի է ստանալ նաև հակաուռուցքային և հակա– նյարդադեգեներատիվ դեղամիջոց:

Նաիրա Այվազյանի ղեկավարությամբ կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ոսկանյանը խնկածաղկից և գյուրզայի թույնից ցավազրկող դեղամիջոց է ստեղծել:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում Նաիրան կազմակերպում է գիտական միջոցառումներ, որոնք նպաստում են երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացմանը։

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը հավատում է, որ Նաիրան կշարունակի ղեկավարել ինստիտուտի աշխատանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button