ԿարևորՔաղաքական

Խաղաղության բանակցությունները  դետալներո՞վ,  թե՞ փաթեթով

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսելու համար Ադրբեջանը 5 կետ է նախանշել, հայկական կողմը, ընդունելով դրանք, առաջարկել է իր 6 կետերը։ Բանակցությունների սեղանին թեև «5+6» օրակարգն է, բայց Բաքվից հնչող  ձեւակերպումները պարբերաբար  փոխվում են։ 

Հաագայի Խաղաղության պալատում հայկական խաչքարի բացման արարողության ժամանակ վարչապես Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար: «Հազարամյակներով Հայաստանը եւ հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց հայրենիքում ապրելու եւ արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը», – ասել է ՀՀ վարչապետը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն  օրերս Երեւանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով    խաղաղության օրակարգի շուրջ քննարկումներին, ասել էր, որ արցախցու համար կարեւորը ինքնորոշման իրավունքի հարցն է․

«Արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող, երեւի, չկա: Մյուս կողմից՝ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որով սկիզբ ենք դրել շարժմանն առաջին օրվանից, շեղվելու որեւէ ուղղություն չենք տեսնում։ Այն տեսակետը, որ ձեւավորված է, որ ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, որը նաեւ բխելու է Արցախի ժողովրդի տրամադրություններից, ողջունելի է։ Իհարկե, այլ կերպ հնարավոր էլ չէ»։

ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ օրերս հստակեցրել էր, որ Հայաստանն իր առաջարկած 6 կետերի շրջանակում կարևորում է  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ լուծումը։ Նա նաեւ հստակեցրել էր, որ հայկական կողմի  համար առաջնային են Արցախի բնակիչների անվտանգության պաշտպանության, իրավունքների և  Արցախի կարգավիճակի հարցերը։

Խաղաղության օրակարգի շրջանակներում  Հայաստանի ներկայացրած 6 կետերը գումարվել են Ադրբեջանի ՝ մինչ այդ ներկայացրած 5 առաջարկներին։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը օրերս  նկատել էր, թե դժվար է դրանք առաջարկներ անվանել։ Նրա խոսքով՝ հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հակազդող է Ադրբեջանի առաջարկներին:

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ հարցը պետք է ոչ թե դետալային դիտարկել, թե որ կողմը քանի առաջարկ է ներկայացրել, այլ՝ որպես մեկ ամբողջություն, քանի որ խնդիրը փաթեթային է.

«Թուրքիան առաջ է քաշել հիմնականում երեք կետ՝ Կարսի պայմանագրի ընդունում, Հայոց ցեղասպանության օրակարգից հրաժարում եւ  Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։ Այս երեք կետերը թուրքական օրակարգում անսակարկելի են, եւ նրանք գնում են այս երեք կետերի ուղղությամբ»։

Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մնացյալ խնդիրները վատագույն տարբերակով  կլուծվեն՝ պնդում է զրուցակիցս, բայց նաեւ նկատում է, որ  Հայաստանի ու նաեւ Ռուսաստանի  համար կարմիր գծեր են չհայտարարված երեք նախապայմանները, քանի որ  դրանց իրագործումը կնշանակի Ռուսաստանի դուրս մղում տարածաշրջանից կամ Թուրքիայի վերահսկողություն տարածաշրջանում, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին.

«Երբեք ու երբեք հակամարտությունը նաեւ ֆորմալ առումով չի վերջանալու մեր տարածաշրջանում, քանի որ սա լեգիտիմ հենք է գերտերությունների համար իրենց ազդեցությունն այս տարածաշրջանում տարածելու։ Եվ կապրենք ու կտեսնենք, որ ոչ սահմանն է բացվելու, ոչ տարածքային ամբողջականությունն է ճանաչվելու, ոչ էլ մնացած խնդիրները»։

Ռուս–ուկրաինական պատերազմը ավարտվելու նշաններ դեռ չի դրսեւորում, եւ օր օրի խաղադրույքներն ավելանում են։ Որքանով ռիսկային կլինի ռուս–ուկրաինական պատերազմի տխուր վերջաբանը Հայաստանի համար։ Այս հարցում Սուրեն Պետրոսյանը վատ սցենար է ներկայացնում․

«Եթե Ռուսաստանը տանուլ է տալիս Ուկրաինան, Ռուսաստանի պատմությունն ունենում է 20-50 տարվա կյանք։ Եթե Ռուսաստանը գնում է նշված նախապայմանների ընդունման ճանապարհով , Ռուսաստանի կյանքն ունենում է այդքան տարիների պատմություն, որովհետեւ դրանից հետո ակտիվանալու են էթնիկական խնդիրները, եւ Ռուսաստանը, ինչպես ԽՄ–ն ճեղք է տալու հենց ներսից։ Ուկրաինան եւ Հարավային Կովկասում Հայաստանը ՌԴ–ի համար կարմիր գիծ են։ Դա դեռ խորհրդային ժամանակներից է այդպես»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանի համոզմամբ՝ ոչ միայն Ռուսաստանը,  այլեւ ողջ միջազգային հանրությանն այժմ անում են հնարավորը իրավիճակը սառեցված պահելու համար․

«Հիմա ամենամեծ խնդիրը, որ ուզում են լուծել բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից, իրավիճակը սառեցված պահելն է, մինչեւ «ձեռքները հասնի» դրան, մինչեւ նույն ՄԽ–ն կարողանա լուծումներ գտնել։ Դա կարող է տարիներ տեւել, առնվազն՝ մեկ–երկու ։ Կարեւորն այն է, որ բոլոր երեք կողմն էլ ՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Հայաստան ու Ադրբեջան այցով ցույց տվեցին, որ, մեղմ ասած, իրենց դուր չի գալիս, որ Ադրբեջանը փորձում է այս պահից օգտվել ու էլի ինչ–որ բան կորզել։ Փառուխի դեպքից հետո եկան համանախագահններ, իհարկե բեյջերը փոխած, բայց դրանից իմաստը չի փոխվում»։

Անկլավների հարցում Բաքվից հնչող հայտարարություններին ի պատասխան քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մատնացույց է անում 1926 թվականի ԽՍՀՄ քարտեզները, որտեղ որեւէ անկլավ չկա։

Back to top button