ԿարևորՀասարակություն

Լարսի հերթերը հասնում են մինչև Թբիլիսի

Թբիլիսիի արվարձաններում դեպի Լարս գնացող բազմաթիվ հայկական բեռնատարներ են կուտակվել։

Հայ վարորդներից Ռաֆայել Օգանեսյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ավելի քան 10 օր կենտրոնական ճանապարհից դուրս՝ ձորակում են, զրկված բավարար պայմաններից․

«Մոտ 200 մեքենա Թբիլիսիի արվարձանում՝ Զագեսում է կանգնած, արդեն մի քանի օր է գլխավոր մայրուղուց դուրս։ Ես 13-րդ օրն եմ գիշերում այստեղ։ Արդեն երկու օր է բաց են թողնում, հուսով եմ իմ հերթը երկու օրից կգա»։

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կապ մեջ է հերթերում սպասող հայ վարորդների հետ։ «Ռադոլուրին» դեսպանատնից հայտնում են․

«Ռուս-վրացական «Վերին Լարս» անցակետում և Վրաստանի տարածքում բեռնատարների կուտակումների պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն ու ռուսական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են։ Եթե եղանակային չնախատեսված պայմաններ չնկատվեն, ապա մոտ 1 շաբաթում բեռնատարների հերթերն ու կուտակումները հավանաբար կվերանան»:

Ռուսական կողմում ևս հերթերը շատ են, Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը նշում է․ «Այս պահին Լարսը բնականոն աշխատում է։ Եվ մարդատար, և բեռնատարների համար բաց է, հերթերը սկսել են պակասել։ Հիմա շուրջ 2000 մեքենա է կուտակված Ռուսաստանի տարածքում»։ 

Պատճառներից մեկը հոսքերի ավելացումն է։ Վրաստանի ճանապարհներն այս պահին խիստ ծանրաբեռնված են։ Ըստ Թանանյանի, իր տեղեկություններով, օրինակ Թուրքիայից Վրաստան՝ Սարփի մաքսակետի տարածքում դեպի Լարս գնացող 700 բեռնատար է կանգնած, նույն վիճակն է Կարմիր կամրջի հատվածում (Ադրբեջանով Ռուսաստան գնացող)՝ 500 մեքենա։ Մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Մցխեթայի հատվածից հերթեր են ձգվում դեպի Լարս։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, ընդգծել էր

«Լարսում վիճակը շատ վատ է։ Կուտակումները ոչ ԵԱՏՄ անդամ երկրների մեքենաներն են, ինչը նշանակում է, որ սահմանային ու մաքսային հսկողությունը դանդաղել է։  Թողունակությունը օրական 700 մեքենա այսօր չեն կարողանում ապահովել նաև, որ մեքենաների մեծ մասը ԵԱՏՄ կարգավորումներով չեն ու դանդաղ են անցնում սահմանը»։ 

Թանանյանի  խոսքով, իրոք այդպես է։ Լարսը հատող մեքենաների հիմնական մասը հայկական է, վրացական և թուրքական, դրանցից հայկականներն ավելի արագ՝ հեշտացված կարգով են անցնում․

«Երրորդ երկրից եկող բեռները մաքսային մանրակրկիտ ձևակերպում են անցնում։ Հայկականները՝ որպես ԵԱՏՄ գոտուց եկող, Վրաստանով տարանցիկ են անցնում, արագ  ձևակերպվում են, իսկ օրինակ թուրքական մեքենան ավելի քան կես ժամ գործընթաց է անցնում»։ 

Լարսում Հայաստանի մաքսային կցորդի հաշվարկով ևս առաջիկա տասը օրերին, եթե եղանակային պայմանները չվատանան, կուտակումները զգալիորեն կկրճատվեն։ Իսկ ընդհանրապես Վրաստանի տարածքով անցնող, դեպի Ռուսաստան տանող Հայաստանի համար կենսական նշանակության այս ճանապարհն անկախ կլինի բնության քմահաճույքներից մոտ ապագայում։ Վրաստանը նախատեսում է մինչև 2024 թվականն ավարտել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածի ամենաբարդ և վտանգավոր հատվածի՝ Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի շինարարական նախագիծը։

Ցուցադրել ավելի
Back to top button