ԿարևորՀասարակություն

«Իկյա՞ս ես Եղեգնաձոր»․ «Formula Yeghegnadzor»-ը բարձրացնում է մարզերում թվային ակտիվությանը

TCF (The Crowdfunding Formula) հայկական ընկերությունն իր հիմնադրման օրվա կապակցությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է համաժողով, որի ընթացքում ՏՏ ոլորտի առաջատար բանախոսները կիսվում են իրենց փորձով և հմտություններով։ Նախորդ տարի ընկերությունն իր 4 ամյակը նշեց «Formula Goris», այս տարի՝ «Formula Yeghegnadzor» համաժողովի անցկացմամբ։ Համաժողովի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։

Թվային աշխարհում ջնջվում են սահմանները, գտնվելու վայրը գործողության համար որոշիչ չէ։ Հետևաբար, հնարավոր է մնալ ծննդավայրում ու ստեղծել  համաշխարհային ընկերություն։ Սա գլխավոր ուղերձներից մեկն է, որ ցանկանում են մարզաբնակ երիտասարդներին փոխանցել Formula Yeghegnadzor համաժողովի կազմակերպիչները՝ մարզի բարբառով հարց ուղղելով աշխարհին՝ «իկյա՞ս ես Եղեգնաձոր»։ TCF ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյան․

Նարեկ Վարդանյանը

«Հիմնական նպատակը հենց դա է․ այնպես անենք, որ համայնքի մարդիկ մնան համայնքում։ Անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, կարող են ամենածայրամասային գյուղում լինել, եթե այդտեղ ինտերնետին հասանելիություն կա, ուրեմն հնարավորություններ ևս կան։ Քովիդից հետո մարդիկ հասկացան, որ հաջողության հասնելու համար պարտադիր չէ Սիլիկոնյան հովտում կամ ինչ-որ մի գրասենյակում աշխատելը»։

«Ֆորմուլա Գորիսը»  միջոցառումը TCF ընկերության համահիմնադիր Նարեկ Վարդանյանն արդյունավետ է գնահատում՝ մարդիկ ծանոթություն ձեռք բերեցին և ընկերություններ ստեղծեցին։ Մասնակիցներից ոմանք էլ սկսել են նոր մասնագիտություն ձեռք բերել, մյուսները՝ միջազգային պատվերներ ընդունել։

«Մեր նպատակն առաջին հեթին մտածելակերպի փոփոխություն բերելն  է։ Մարզային բնակիչներին ցույց տալ այն հնարավորությունները, որ իրենք ունեն և կարող են օգտագործել։ Փորձում ենք այնպես անել, որ սա շարունակական լինի, այսինքն՝ խմբեր ենք ունենալու, որտեղ հավաքվելու են տարբեր թեմատիկաներով հետաքրքրվող մարդիկ ու շարունակական տեղեկատվություն, աղբյուրներ են ստանալու՝ որտեղից կարող են սովորել։ Փորձում ենք այնպես անել, որ միայն այս կոնֆերանսով չավարտվի ամեն ինչ»։

Համաժողովի անցկացմամբ կազմակերպիչները մի քանի խնդիր են լուծում․ նախ անհրաժեշտ տեղեկատվություն են փոխանցում թվային հնարավորությունների մասին, ապա ոգևորելու գործոնն է․ ոլորտում կայացած մասնագետները, այդ թվում՝ Եղեգնաձորի ՏՏ ընկերությունների ղեկավարները, կիսվում են իրենց փորձով։  Մասնակիցները նաև սոցիալական կապիտալը մեծացնելու, այսինքն՝ նոր կապեր ձևավորելու հնարավորություն են ստանում։  «Formula Yeghegnadzor»–ի մասնակիցները 1000-ից ավելի են՝ ոչ միայն Եղեգնաձորի, այլև Գորիսի, Ջերմուկի և հարակից այլ շրջաններից։ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյան․

«Բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը մեր երկրի զարգացման գերակա ուղղությւններից են։ Այս ոլորտում մենք կիսում ենք նույն տեսլականը։ Կարևոր է այսօրվա աշակերտներին կրթել  և նախապատրաստել վաղվա մասնագիտությունների և աշխատանքների համար»։

Միջոցառման թիրախային լսարանում ավարտական դասարանի աշակերտներն են՝ ասում է  համաժողովի խոսնակ, InConceptLabs ընկերության համահիմնադիր, Եղեգնաձորի բնակիչ Երեմ Խալաթյանը։ Զինել երիտասարդներին արդի գիտելիքներով ու գործիքակազմով, աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում՝ միջոցառումը կարևորում է հենց այս առումով։

«Վերջին տարիներին հարցազրույցներից տեսնում եմ, որ բոլորը մասնագիտություն են փոխում։  Սկզբից սխալ մասնագիություն են ընտրում, սովորելու լավագույն տարիները սխալ ուղղությամբ ծախսում,  հետո ուզում են IT ոլորտ մտնել, ու դա բավականին դժվար է։ Այսօր կփորձենք IT մտնելու տարբեր ճանապարհներ ցույց տալ, թյուր կարծիք կա, որ IT-ում բոլորը ծրագրավորողներ են, բայց այդպես չէ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կան»։

TCF Armenia ընկերության նախաձեռնությամբ Եղեգնաձորի ավագ դպրոցում գրքասերների ակումբ բացվեց։  Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ գրադարանը համայնքային նշանակության անկյուն է լինելու։

«Այս կարգի նախաձեռնությունները և մեծ միջոցառումները նպաստում են մարզերի և համայնքների համաչափ զարգացմանը , որովհետև շատ գյուղաբնակ երիտասարդներ կան, որ պարբերաբար Երևան գնալու  հնարավորություն չունեն՝ այսպիսի մեծամասշտաբ, հետաքրքիր միջոցառումների մասնակցելու համար»։

TCF Armenia-ն ստեղծվել է 2017 թ-ին, ընկերությունն օգնում  է նորարարական արտադրանք ստեղծող ընկերություններին իրենց արտադրանքի համար ֆինանսավորում ստանալ և այն դուրս բերել միջազգային շուկա։

Back to top button