ԿարևորՀասարակություն

ԵՊՀ–ում կրճատումներ չեն լինի

ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում,  մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ-ն արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող  տեղեկություններին, թե սեպտեմբերից դասախոսների 30 տոկոսը կրճատվելու է, և այդ հարցի շուրջ ներքին խորհրդակցություն է հրավիրվել։ ԵՊՀ–ից մինչդեռ հայտնել են, որ բարեփոխումների նոր փուլ են սկսում, որի  հիմքում պրոֆեսորադասախոսական կազմի վերարժևորումն է։

Երևանի պետական համալսարանում դասախոսների կրճատում չի սպասվում։ Մայր բուհում  հերքում են մամուլում հրապարակված լուրերը։ Ավելին ՝ մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին իրազեկվել է, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում։ Աշխատակիցներին հորդորել են չտրվել մեդիա-մանիպուլյացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։ ԵՊՀ խոսնակ Ազնիվ Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց՝ հանդիպում իսկապես եղել է, բայց ոչ կրճատումների մասին տեղեկացնելու նպատակով.

«ԵՊՀ-ում փոխդեկանների հետ անցկացված հանդիպման ժամանակ առհասաարկ անդրադարձ չի եղել կրճատումների հարցին։ Քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով  իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը։ Իսկ փոխդեկանները բարձրացրել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները»։

Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերից ԵՊՀ դասախոսների շուրջ 30 տոկոսը կրճատվելու է, և այդ առիթով ռեկտորը հանդիպել է ֆակուլտետների փոխդեկանների հետ։ Մինչ ԵՊՀ-ն հերքում է, մամուլում լուրեր տարածող աղբյուրը շարունակում է պնդել սպասվելիք կրճատումների մասին, իր ձևակերպմամբ, հավաստի տեղեկությունները։ Մանրամասնել չցանկացան: Դասախոսների և հաստիքների կրճատումն անիրատեսական է համարում նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Խնդիրներ կան, չի հերքում, բայց դրանց լուծումը բոլորովին էլ կադրերի կրճատումը չէ՝ ասում է.

«Համալսարաններում դու կարող ես նույնիսկ մասնագետ պահել, որը  1-2 առարկա է դասավանդում։  Կան նեղ մասնագիտություններ, որոնցում  դասախոսների կրճատումն անընդունելի է»։

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը չի  հերքում՝ բուհում իսկապես որակյալ կրթության խնդիր կա։ Շատերը դասախոսական աշխատանքը համատեղում են այլ զբաղվածության հետ, ինչը բնականաբար իր բացասական ազդեցությունն է թողնում աշխատանքի որակի վրա։  Պատճառը ցածր վարձատրությունն է։ Դասախոսի 1 դասաժամը գնահատվում է 4000-5000 դրամ.

«Օրինակ ՝ գիտությունների թեկնածու դոցենտը ստանում է 200 հազար դրամ մեկ դրույքի դիմաց։ Չեմ կարծում, որ օպտիմալացում է պետք։ Նույնիսկ եթե տվյալ մասնագետը այդ մի առարկան է  լավ կարդում, նրան անպայման պետք է տալ այդ հնարավորությունը։ Ուրիշ խնդիր է, որ պետք է նաև խստացնել նրանց ներկայացվող պահանջները խստացնել՝ միևնույն ժամանակ խրախուսման մեխանիզմներ առաջարկելով»։

Ըստ փորձագետի՝ լավագույններին խրախուսել է պետք՝ հնարավորություն տալով ոչ միայն մնալ բուհում, այլև արժանի վարձատրություն ապահովելով։ ԵՊՀ–ում ներկայում հիմնական դասախոսները 1003-ն են։ Համատեղությամբ աշխատում է 198, իսկ ժամավճարային հիմունքով՝ 294 դասախոս։

Փորձագետի կարծիքով՝ արդյունավետ կրթության կազմակերպման համար կարևոր են ոչ միայն որակյալ դասախոսները, այլ նաև որակյալ  գրականությունը.

«Վերջին տարիների փոփոխություններից մեկն այն է, որ  ուսանողների զգալի մասը ոչ ռուսերեն է հասկանում, ոչ անգլերեն։ Այժմ մեզ լրջագույն ներդրումներ հայալեզու ձեռնարկներ, դասագրքեր ստեղծելու համար։ Եթե մենք դա չանենք,  բավական մեծ թվով ուսանողներ չեն կարողանալու այդ օտարալեզու աղբյուրները հաղթահարել։ Սա ես համարում եմ բարձրագույն կրթության կորևորագույն խնդիրներից մեկը»։

Մայր բուհից հայտնեցին, որ պլանավորում են թարմացնել ուսումնամեթոդական ձեռնարկները՝ համապատասխանեցնելով ժամանակակից կրթական պահանջներին։ Հավաստիացնում են, որ  աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Back to top button