ԿարևորՀասարակություն

Բիզնես՝ դպրոցից․ երեխաները սովորում են ստեղծել ու վաճառել

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի աշակերտներից մեկը կավից կուժ է սարքում, մյուսը՝ փայտի վրա փորագրում Նորավանքի պատկերը, երրորդը էկո թղթից տոպրակներ է պատրաստում։ «Գործ եմ անում» ասելով՝ նրանք իրական աշխատանքը նկատի ունեն․ դպրոցական խմբերով միավորվել, իրենց բիզնեսներն են ստեղծել։ Աշակերտները դա անել սովորել են «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հայկական ղեկավար, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի հիմնադիր Մարինե Ժամկոչյան․

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են աշակերտական ու ուսանողական ընկերություններ, որոնք  կրթական հաստատություններում ապահով պայմաններում զբաղվում են իրական բիզնեսով։ Ուզում ենք խթանել ձեռնարկատիրական գործունեությունը, մտածելակերպը, որ վաղ տարիքից երեխաներն արդեն իմանան՝ ինչ է ձեռնարկատիրական գործունեությունն իրականում, ոչ թե տեսական, այլ իրականում, իր գործունեությամբ, իր բարդություններով, խնդիրներով և այլն»։

Մինչ Ժամկոչյանը պատմում է ծրագրի մանրամասները, Երևանի հայ-հունական պետական քոլեջի աշակերտներն իրենց սեղանն են կարգի բերում, ցուցադրում այն ուտեստները, որոնք պատրաստում ու վաճառում են քոլեջի աշակերտներին․

«Ամբողջ ընթացքում մենք օգտվում են ուսանողների պահանջից, իրենց բողոքների հիման վրա կարողանում ենք ավելի բարելավել մեր արտադրանքը։ Այստեղ ներկայացված է այն տեսականին, որը մենք պատրաստում ենք։ Նույնիսկ հարակից սննդի կետերից մեզ բողոքներ են հասնում, թե ձեր բիզնեսը մեզ խոչընդոտում է, և չենք կարողանում նորմալ առևտուր անել, այսինքն՝ կարող ենք համարել, որ գործն իրոք հաջողված է դառնում»։

Ձեռագործ զարդեր, պայուսակներ, դեկորներ, տպագրական նյութեր  ու թեյի տեսականի։ Այս ամենը՝ գաղափարից մինչև վաճառք, բացառապես աշակերտների «ձեռքի գործն է»․:

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Անուշ Մկրտչյանը երեխաների արտադրանքը ցույց տալուց հետո պատմում է՝ ուսումնարանում 6 ուսանողական ընկերություն է գործում, որոնք բիզնեսով զբաղվելու գաղափարով նաև Շիրակի մարզի այլ համայնքների են վարակել․«Էս «Արևոտ Շիրակ» ուսանողական կոմպանիան ի՞նչ է արել․ երեխեքը հետազոտել են արևային էներգիան, վերականգնվող էներգիան ու գաղափարը ծնվեց այն պահից, երբ ստեղծեցինք ցածր ածխածնային վերականգնվող էներգիայի լաբորատորիա։ Աշխատանքներին ռադիոմեխանիկ էրեխեքն են մասնակցել։ Իրենք էդքան գիտելիք չունեին, բայց կարողացան համալրել իրենց գիտելիքները, դրամաշնորհային մրցույթների մասնակցել և  չորս համայնքներում 5 կվ հզորությամբ արևային կայաններ են տեղադրել»։

Այդ համայնքներից մեկի՝ Սարատակի դպրոցի աշակերտները տեսան, հետաքրքրվեցին, իրենք էլ ցանկացան իմանալ՝ ինչպես է աշխատում բիզնեսը։ Արդյունքում ստեղծվեց համագործակցություն կրթական երկու հաստատության ուսանողների միջև։ Սարատակցիները թեյաբույսեր են հավաքում, չորացնում, գյումրեցիները դրանք փաթեթավորում  են էկո տոպրակներում և համատեղ արտադրանքը վաճառում։

«ՄԿՈՒ համագործակցություն Հարավային կովկասում» ծրագրի համակարգողները երեխաների ոգևորությունն ու պատրաստակամությունը բարձր են գանահարում, միակ անհանգստությունն օրենսդրական բացերի պատճառով երբեմն առաջացող դժվարություններն են։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը փաստում է՝ նախարարությունն այս հարցում հստակ անելիք ունի՝ այս կարևոր փորձառությունը պետք է բերել ինստիտուցիոնալ դաշտ և ստեղծել պայմաններ, որ նման նախաձեռնություններն առանձին հաստատություններում չմնան։

«Դրա համար առաջին հերթին մեզ պետք է, որ օրենսդրական դաշտը և քաղաքականությունը նպաստավոր լինեն նմանատիպ ընկերությունների գործունեության համար։ Մենք այս ուղղությամբ մեր աշխատանքը շատ հստակ պատկերացնում ենք։ Ներկայում քննարկվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը ու ես վստահ եմ, որ կգտնենք արդյունավետ ձևը՝ այս ամբողջ լավ փորձառությունը նաև օրենսդրական առումով խթանելու և խրախուսելու համար»։

Ծրագիրը նախագծվել է՝ գերմանական փորձը հիմք ընդունելով։ Ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը շեշտում է՝ հատկապես կարևոր է, որ բիզնեսի վերաբերյալ պատկերացումները ձևավորվեն հենց դպրոցական տարիներին։

«Եթե նրանք այս տարիքից արտադրական պրոցեսում լինեն՝ գաղափարից մինչև իրացում և  ինչ-որ օղակում ձախողեն, որովհետև ինչ–որ հարցի ուշադրություն չէին դարձրել կամ ինչ–որ բան մանրուք էին համարել ու  դրա պատճառով արտադրական ամբողջ ցիկլը ձախողվի, դա նրանք ամբողջ կյանքում կհիշեն և ապագայում, երբ արդեն իրենց սեփական ձեռնարկությունն ունենան կամ տնտեսության որևէ օղակում պատասխանատու դեր ստանձնեն, իրենք այդ սխալը երբեք չեն կրկնի, որովհետև այս տարիքում, այսպես ասենք, դառը փորձ արդեն ունեցել են»։

Ծրագիրը Հայաստանում գործում է արդեն 3 տարի։ Այն իրականացվում է նաև Վրաստանում և Ադրբեջանում և բացի աշակերտների բիզնես մտածողությունը խթանելուց՝ ունի նաև մասնագիտական կողմնորոշումը հեշտացնելու և կրթական հաստատություն- գործատու, աշակերտ-գործատու կապը ամրացնելու նպատակ։

Back to top button