ԿարևորՎերլուծական

Ադրբեջանը շտապում է, որ ստանա առավելագույնը. փորձագետ

Բաքուն փորձում է աստիճանական կորզումներ անել առավելագույնը ստանալու համար՝ ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ՝ անդրադառնալով «անկլավների» մասին ադրբեաջանական կողմի հայտարարություններին։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին՝ հիշեցրել  է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մատնացույց անելով իր եւ ՀՀ ԱԳՆ Միրզոյանի հեռախոսազրույցները։ Ադրբեջանի արտգործնախարաըը  հստակեցրել է, թե դրանց ընթացքում Բաքուն առաջարկել է  հանձնաժողովի աշխատանքների համակարգումը վերապահել  կողմերի փոխվարչապետերին։

Հայկական կողմը, ըստ Բայրամովի, առաջարկն ըմբռնումով է ընդունել, ապա հայտարարել , որ այն ընդունելի է։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կկայանա։

Սահնմանազատման հարցին նախօրեին անդրադարձել էր ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝  մատնացույց  անելով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պարզաբանումը։

«Այն, ինչ ասվեց ԱԽՔ-ի կողմից, դրան ավելացնելու բան չունեմ։ Այսինքն ասվեց, որ քննարկումներն ընթացքի մեջ են։ Երբ հայտնի լինի մեր կողմից հանձնաժողովի կազմը, կհրապարակվի եւ դա կնշանակի, որ հանձնաժողովը ձեւավորված է։ Քանի դեռ չի ձեւավորվում, կազմը հաստատված չէ, ուրեմն որոշակի նյուանսներ կան, մանրուքներ կամ խնդիրներ կան, որոնք քննարկվում են»։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, համադրելով հայկական ու ադրբեջանական կողմերի արտահայտած դիրքորոշումները, եզրակացնում է․

«Պարզ երեւում է, որ պատերազմից հետո Ադրբեջանը մեծ շտապողականություն է ցուցաբերում, որովհետեւ համոզված են, որ որքան արագ այս հարցերը «լուծվեն», այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ Հայաստանը ավելի շատ զիջումների կգնա՝ պատերազմում պարտված լինելով, իսկ իրենք ավելի շատ հնարավորություն կունենան ավելի «արագ լուծման» պայմաններում ստանալ իրենց պահանջածի առավելագույնը»։

Սահմանազատման գործընթացից օրերս խոսել էր  ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, անդրադարձել նաև  անկլավների հարցին՝ ընդգծելով ՝ ընդդիմության պնդումները անկլավների վերադարձի վերաբերյալ,  անհիմն են եւ իրականությանը են համապատասխանում։

«Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ անկլավ կա, ու դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ են այս հարցում, հարցը դեռեւս չի քննարկվել: Հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»։

Անկլավների մասին այս հստակեցումից մի քանի օր անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հակադարձել էր՝ անկլավների վերադարձի  հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում։ Այս ձեւակերպմանը ֆբ գրառմամբ արձագանքել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը,  նշել, որ այդ հեռանկարը լի է վտանգներով՝ իրավունքների զանգվածային խախտումներ, ճանապարհների անվտանգության ու համայնքների միջև կապի խնդիրներ, ներքին տեղահանվածներ կամ փախստականներ և այլն:

Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:

Նախկին օմբուդսմենի համոզմամբ՝ առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա քննարկումներից:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը եւս պնդում է, որ դրանք պատմական հայկական տարածքներ են եւ ռազմավարական նշանակության հատվածներ։

«Սա ոչ թե պարզաբանման կարիք ունի, այլ դիրքորոշման։  ՀՀ դիրքորոշումը պետք է լինի այն, որ որեւէ «անկլավի» հանձնում Ադրբեջանին հնարավոր չէ, եւ դա պետք է բացառել, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն՝ հիմնական մայրուղիների վրա են տեղակայված եւ շատ մեծ խնդիրներ կստեղծեն ՀՀ հետագա կենսունակության տեսանկյունից»։

Հայկական կողմից որեւէ փոխըմբռնման դեպքում Բաքուն նոր պահանջներ է ներկայացնելու, ինչը չպետք է թույլ տալ՝ պնդում է փորձագետը։

«Եթե ուզում ենք հասկանալ, թե գործընթացի տրամաբանությունն ուր է տանում, ապա այն տանում է նրան, որ սահմանազատումը նախատեսվում է իրականացնել  1928 թվականին համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա հետագայում կազմված քարտեզների հիմքով»։

Ադրբեջանագետի  համոզմամբ՝ անկլավների  հարցում պետք է հիմնվել պատմական ու իրավական փաստերի վրա։ Դրանցով հնարավոր կլինի հիմնավորել, որ այդ տարածնքերը  առհասարակ չեն եղել ադրբեջանական։

Back to top button