ԿարևորՀասարակություն

Հերոսները դպրոցում ներկա են «ստանում»

«Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոցի աշակերտները բեմին կանգնած են զինվորական համազգեստով ու ինքնավստահ։ Վայրկյաններ առաջ, սակայն, այս դահլիճում իրարանցում էր։ Հայաստնի Ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված միջոցառման պատասխանատվությունը մինչև բեմ բարձրանալն արտառոց լարվածությամբ էին զգում․

«Որ ասեցին այս միջոցառմանը մեր դասարանն է մասնակցելու, մեզ հպարտ զգացինք, որ էդ պատասխանատվությունը մեզ են տվել, մեզ են վստահել։ Այս միջոցառումը տարբերվում է բոլոր միջոցառումներից թե՛ իր բովադակությամբ, թե՛ հագուստով, ամեն ինչով։ Ու մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ազգային հերոս»,- պատմում են 8-րդ դասարանցիները։

Միջոցառման գլխավոր հյուրերը Վահագն Ասատրյանի ընտանիքի անդամներն են, ընկերները, հարազատները։ Առաջին հերթին եկել են դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը Վահագն Ասատրյանի անունով անվանակոչելու արարողությանը մասնակցելու։ Դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը նշում է՝ վերանորոգված դասասենյակը կնպաստի երեխաների գիտելիքների, իսկ այն հերոսի անունով կոչելը՝ ոգու բարձրացմանը․

«Ես կարևորում եմ, որ մեր երեխաները ճանաչեն մեր հերոսներին, և իրենց հետքերով էլ գնան։ Մեր երեխաներին պարտավոր ենք ծանոթացնել մեր ազգային հերոսներին, առավել ևս մեր այն հերոսներին, որոնց շնորհիվ երեխաները հանգիստ, խաղաղ քուն են մտնում»։

«Կարևորությունը իհարկե շատ մեծ է, հատկապես հիմա՝ այս շրջանում շատ մեծ է նզպ–ի դերը, որովհետև ազգային հերոսները ծնվում են իրենց ընտանիքներում, իսկ հոգևոր առումով հերոսներ դառնում են դպրոցում, դպրոցական հասակից»։

Փոխգնդապետ Եղիշ Ներսիսյանը ռազմական գործով զբաղվում է 1993-ից, ռազմական գործի մասին գիտելիքները երեխաներին փոխանցում՝ 2006-ից։ Ասում է՝ այս պահին ամբողջ ազգն է զինվոր և Հայաստանյան դպրոցներում մեր հերոսների ոչ ֆիզիկական ներկայությունն անգամ կարող է կարևոր դերակատարում ունենալ։

«Հատկապես կրակային պատրաստություն, զենքերի հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ է։ Այս պահին 200 աշակերտներ հրաձգության մրցումների են մասնակցում, ոնց էլ չլինի նրանց 50 տոկոսը ձեռք կբերեն հմտություն, իսկ դա բավական մեծ թիվ է կազմում։ Մեր մի աշակերտն էլ եթե կարողանա լավ զինվորական դառնա ապագայում, դա արդեն հաղթանակ է մեզ համար»։

Դպրոցի 4 շրջանավարտներ զոհվել են 44-օրյա պատերազմում, նրանց նկարներն ամեն օր աչքի առաջ ունենալու, շուտով նաև Ազային հերոսի անվամբ դասասենյակում սովորելու փաստին երեխաները մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում։

«Հագուստը կրելուց նախ զգում ենք հպարտություն։ Մեր արյան մեջ կա էդ հպարտությունը, որ զինվոր ենք ու պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, ու ցանկացած աղջիկ-տղա պետք է կրեն այս հագուստը և զգան այն ամենը, ինչ զգացել է զինվորը մարտի դաշտում իր մայրերին, քույրերին, եղբայրների պաշտպանելուց»,-ասում է դպրոցի աշակերտուհիներից մեկը։

Back to top button