ԿարևորՀասարակություն

Խտրականության բացառման օրինագիծը՝ նորից օրակարգում

«Իրավահավասարության ապահովման մասին» նախագիծն արդեն մի քանի տարի  օրենք չի դառնում։ Դեռ 2019 թվականից ԱԺ-ում գտնվող նախագիծը դեռ լրամշակվում  է, ինչը տարատեսակ մտահոգությունների առիթ է դարձել շահագրգիռ կողմերի շրջանակում։ Վերջինները հերթական հանդիպումն են կազմակերպել նախագծի շուրջ իրենց առաջարկները ներկայացնելու , հեռանկարներն և այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակության հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Կրթության մատչելիության մասին խոսելիս տեսնում ենք, որ այն ոչ բոլորին է հասանելի, առողջության մասին խոսելիս, գիտակցում ենք, որ ցավազրկողները ոչ բոլորին են հասանելի։ Որքան ավելի շատ ենք խոսում խտրականության բացառման  մասին, այնքան ավելի հաճախ ենք խտրականության դրսևորումների ականատեսը դառնում՝ նկատում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը՝ ընդգծելով՝ խտրականություն ենք տեսնում յուրաքանչյուրս ամեն օր ամեն քայլափոխի։

«Բոլոր կազմակերպությունների մեր գործընկերների հետ արդեն տևական ժամանակ պայքարում ենք հակախտրականության օրենքի ընդունման համար և փորձում ենք տարբեր միջոցներով հասնել դրան։ Օրենքի ընունումը շատ կարևոր է, չընդունումը ցույց է տալիս պետության վերաբերմունքն ու դիրքորոշումը։ Բայց շատ ավելի կարևոր մի հարց կա, որը չի լուծվում։ Այն մարդիկ, կազմակերպություններն ու անհատները, որոնք փորձում են մեր հասարակության արժեքային համարակգում փոփոխություն բերել, իրենք են սկսում խտրականության ենթարկվել։  Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը, որը խոսում էր խտրականության դեմ, ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Խոսքը Սաշիկ Սուլթանյանի մասին է։ Քանի մենք ունենք այս իրավիճակը, չգիտեմ, թե ինչ–որ մի օրենքի ընդունումը մեզ փրկելու էր այս իրավիճակից, թե ՝ոչ»։

Մինչ Դավիթ Ամիրյանը կասկածի է տակ է դնում ընդունման դեպքում օրենքի արդյունավետությունը, ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը հակադարձում է. օրենքի ընդունումն ուղղակի անհրաժեշտություն է։ Այս տեսակետն օմբուդսմենը վիճակագրությամբ է հիմնավորում։

«Պաշտպանին հասցեագրվող դիմումների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես աշխատանքի վայրում ու աշխատանքային  հարաբերություններում խտրականության դեպքերի, խտրական տարբերակված վերաբերմունքի դիմում-բողոքները։ Այնցյալ տարի, ճիշտ է, Աշխատանքային օրենգրքում փոփոխություններ կատարվեցին, և տեսչական մարմնին վերապահվեցին նոր գործառույթներ, բայց առնվազն նախորդ տարվա հաղորդմամբ արձանագրել ենք, որ այս մարմինը ինստիտուցիոնալ առումով պատրաստ չէ նման դեպքերին արձագանքելու։ Որպես կանոն՝ մենք շարունակել ենք տեսնել, որ օրինակ աշխատանքային բնույթի վեճը  տեսչական մարմինը համարել է իր իրավասության սահմաններից դուրս»։

Խտրականության դրսևորումներ, ըստ այդմ նաև բողոքներ ՄԻՊ գրասենյակը ստանում են ամենատարբեր բնագավառներից։ Դրանք ստացվում են ազգային, սեռական փոքրամասնություններից, վերաբերում են նաև գենդերային  անհավասարության խնդիրներին։ Համակարգային խնդիր է շարունակում մնալ նաև  հաշմանդամություն թիրախավորումը։  Քրիտինե Գրիգորյանը կարծում է, որ իրավահավասարության ապահովման ինստիտուցիոնալ և հիմնավոր լուծումներ գտնելու առաջին քայլը հենց այս օրենքի ընդունումն է։

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, կիսվելով սեփական հաջողությամբ,  հիշեցնում է, թե ինչպես  մեծ ջանքեր գործադրելուց հետո վերջապես կարողացան հասնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ընդունմանը։

«Մենք իսկապես շատ դժվար աշխատանք ենք տարել, նույնիսկ  այն ժամանակ, որպես կառավարության անդամ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել այդ օրենքն ընդունել այնպիսին, ինչպիսին ցանկացել ենք։  Սա նշանակում է, որ կառավարությունում հրաշքներ տեղի չեն ունենում, և այդ լիազորությունը կախարդական փայտիկի հնարավորություն չի տալիս։  Որքան էլ տարօրինակ է՝ մեր երազած օրենքի ընդդիմադիրներից մեկը ՄԻՊ–ն էր։ ՄԻՊ գրասենյակը դեմ էր , որ մենք ունենայինք մի այնպիսի օրենք, որն  այսօր  կխթաներ ու կվերահսկեր մատչելիության գործընթացը։ Ոչ մի հեծանիվ չկա, պետք է խոսել պատգամավորների հետ, առաջարկներ ներկայացնել, որովհետև պատգամավորները պարզապես սպասում են դրան։ Իրենք դա կարող են նախաձեռնել, կարող են նաև չնախաձեռնել, բայց ուրախությամբ ընդունել այդ առաջարկը»։

Ըստ հիմնավորման՝ «Իրավահավասարության ապահովման մասին» նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Նախագծի հեղինակը Արդարադատության նախարարությունն է։  Շահագրգիռ կողմերը որոշեցին առաջիկայում հանդիպել կոնկրետ առաջարկներով և ավելի գործուն քայլերով շարժվել նախագծի վերակենդանացման, ապա նաև օրենքի ընդունման ուղղությամբ։

Back to top button