ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ այսօր․ Ռոզա Լինը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը՝ իր SNAP երգով, ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:

Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Քվեարկությանը մասնակցում են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից Իտալիան ու Ֆրանսիան:

Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, Սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ:

Հյուրընկալ RAI հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային. առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաք:

Առաջին ալիքի եթերում «Եվրատեսիլ 2022»-ը կմեկնաբանեն Հրաչուհի Ութմազյանը և Գարիկ Պապոյանը:

Հաջորդը կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Back to top button