ԿարևորՀասարակություն

Բացահայտել քիմիական և միջուկային ռիսկերը, վերացնել զանգվածային ոչնչացման զենքերը՝ ԱԻՆ-ը նոր հզոր սարքեր է ձեռք բերել

Հայաստանն ուժեղացնում է իր կարողությունները՝ դիմակայելու բոլոր հնարավոր աղետներին ու ճգնաժամերին։ ԱԻՆ-ի սարքավորումների ու տեխնիկայի բազայի հերթական համալրումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ռիսկերին դիմագրավել կարողանալու նպատակով է։ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը Հայաստանին հատկացրել է թվարկված վտանգներին արձագանքելու՝ ավելի քան 1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումներ, դրանց թվում նաեւ՝ զանգվածային ոչնչացման զենքերի վերացման և դրանց դեմ պայքարի համար նախատեսվածները։  

Հայաստանը մինչ այդ էլ նման սարքավորումներ ուներ, սակայն դրանք վերազինման, արդիականացման կարիք ունեին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է ԱԻՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչ Արամ Ջալաթյանը:

«Օրինակ՝ ատոմակայանը ինքն իրենից վտանգ է ներկայացնում․ դա, իհարկե, չի նշանակում, որ մեզ հենց վաղը ինչ-որ բան է սպառնում։ Պարզապես, Աստված չանի, հնարավոր աղետի դեպքում մենք պատրաստ կլինենք այդ դեպքին արձագանքելու և կառավարելու ռիսկերը»։

Արտակարգ իրավիճակների ոլորտում վերազինումների և վերապատրաստումների կարիք միշտ կա, իսկ աղետների դեմ պայքարի տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում։ Սարքավորումների ու տեխնիկայի համալրման կողքին ԱՄՆ գործընկերների հետ գործակցությամբ ԱԻՆ աշխատակիցների, հատկապես փրկարարների համար նաև հատուկ դասընթացներ կկազմակերպվեն՝ տեղեկացնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Գրեգորի Փայփսը։

«Զանգվածային ոչնչացման զենքերի վերացման և դրանց դեմ պայքարի համար նախատեսված այս սարքավորումների տրամադրմամբ ՀՀ ԱԻՆ–ը հզոր կարողություններ է ձեռք բերում, որպեսզի անվտանգ կերպով պարզի, բացահայտի ինչպես նաև արձագանքի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային նյութերին»։

ԱԻՆ համապատասխան մասնագետներն արդեն հասցրել են ծանոթանալ ու վարժանքների ընթացքում փորձարկել նորագույն սարքավորումները։ Պատմում են՝ դրանք երկու պայմանական խմբի կարելի է բաժանել․ առաջին խմբում այն սարքերն են, որոնք գործի կդրվեն աղետի ժամանակ բնակչությանը ճառագայթային, քիմիական և կենսաբանական վնասակար նյութերից պաշտպանելու համար։ Երկրորդ խմբում արդեն աղետից հետո տարածքի վարակազերծման, մաքրման և համապատասխան հետազոտություններ իրականացնող սարքեր են։

«Մասսայական վարակազերծում ասելով հասկանում ենք, երբ, օրինակ, խիտ բնակեցված գոտում վթար է եղել, և այդ վարակված շրջանից անհրաժեշտ է մարդկանց անվնաս դուրս բերել։ Այս գործողությունն իրականացնելու համար նախ և առաջ պետք է մարդկանց և դուրս բերվող մյուս մարմինների վարակազերծումն իրականացնել։ Հիմա մենք արդեն ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու նյութերը»,– ԱԻՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչ Արամ Ջալաթյանը։

ԱԻՆ նախարար Արմեն Փամբուկչյանը վստահեցնում է՝ սա ամերիկյան գործընկերների հետ  գործակցության միայն մի փոքր մասն է, բայց նաև մեծ առաջընթաց՝ կարողությունների զարգացման և առաջընթացի առումով։

Back to top button