ԿարևորՄշակույթ

Tête-à-tête. երաժիշտներն ու հանդիսատեսը՝ նույն բեմում

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է բացառիկ համերգային երեկո, որի ընթացքում երաժիշտների բեմահարթակում է եղել նաև հանդիսատեսը։ «Տետ ա տետ» խորագրով համերգային ծրագիրը  նախատեսված է 150 հանդիսատեսի համար։

Կարմիր գորգ  ոչ թե արտիստների, այլ` հանդիսատեսի համար։ Դահլիճին էլ  ոչ թե դատարկ է, այլ  պարզապես հանդիսատեսն  իր սովորական տեղում չէ։  Երաժշտասերները  բեմահարթակում են՝  երաժիշտների կողքին: Ֆիլհարմոնիկի՝ նոր ձևաչափով համերգը հենց այդպես էլ կոչվում ՝ «Tet a tet» կամ «Դեմ առ դեմ» ։

Ջութակահար Աննա Խաչատրյան․ «Հնչելու են Վիվալդիի ստեղծագործությունները։ Առաջին անգամ եմ այս ձևաչափով համերգի մասնակցում,  իհարկե հուզվում եմ»։

Նոր ձևաչափի գաղափարը ծնվեց  համավարակի ժամանակ, երբ նվագախումբը շուրջ ամիսներ շարունակ  հնարավորություն չուներ փորձեր անելու և համերգներ ունենալու:  Որպես ելք իրավիճակից ՝ երաժիշտները սկսեցին ամեն շաբաթ փոքր կազմերով կամերային համերգներ նվագել, որոնք հեռարձակվում էին առցանց՝ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջով: Մտահաղացման հեղինակը Ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանն է, որը համերգաշարի խորագիրն ընտրել է նախագծի ձևաչափին համահունչ:

«Նախորդ համերգների արձագանքից կարելի է հասկանալ, որ հանդիսատեսին շատ հաճելի է նման ձևաչափով համերգին  ներկա լինել։  Նրանք  բեմում իրենց  «երաժիշտ»  են զգում»։

Ֆիլհարմոնիկն այս  ձևաչափով արդեն 5-րդ անգամ է հանդես գալիս։ Ֆլեյտահար Նարեկ Ավագյանն  ասում է, որ աշխարհում կամերային փոքր համերգներն ավելի  տարածված են, քան  ավանդական ձևաչափերը։

«Անկախ նրանից՝ հանդիսատեսը բեմո՞ւմ է, թե՞ դահլիճում, պատասխանատվությունը դրանից չի պակասում։ Այս դեպքում հանդիսատեսն ավելի մոտ է, նա սկսում է որսալ նոտաներն ավելի արագ, գուցե նոր ձայներ է հայտնաբերում և այլն։ Բայց նման ձևաչափն ինձ հոգեհարազատ է»։

Ազգային ֆիլհարմոնիկում մտադիր են շարունակել նոր ձեւաչափով համերգները՝ դրանք դարձնելով կանոնավոր համերգաշարի մաս՝ նախատեսված 150 ունկնդրի համար:

Back to top button