ԿարևորՀասարակություն

EK77V-ն՝ ազդականչ․ կապավորները նշում են հաղթանակի 77-ամյակը

Ռադիոսիրողների համար մատչելի այս ազդականչը ռադիոունկնդրի համար ապակոդավորվում է այսպես․ EK77V-ն Հաղթանակի օրվա հատուկ ազդականչի անվանումն է։ EK-ն Հայաստանն է, 77-ը հաղթանակի՝ 77-ամյակը, իսկ V-ն՝  Victory հաղթանակ բառը։

Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյան․

«Հատուկ ազդականչ ունենք այսօր, EK77V-ն, որը հաղթանակ է նշանակում։ Հատուկ ազդականչը ստացել ենք Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Այդ ազդականչը օգտագործելու ենք ամբողջ օրը, միգուցե  մի քանի օր շարունակ»։ 

Երևանը կապ է հաստատում Հաղթանակի օրը  տոնող այլ  մայրաքաղաքների  հետ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր հատուկ ազդանշանը։ EK8A վարչության պետ, գնդապետ Սամվել Խաչատրյան․

«Ռազմական ոլորտում միշտ լավ մասնագետներ ենք ունեցել, այսօր հարգում ենք Հաղթանակի օրը։ Մենք ունենք Մարշալ Բաղրամյան, Խուդյակով, Խամփերյանց, Իսակով և այս բոլոր հզոր մարդիկ պատերազմի ժամանակ մեծ գործ են արել։  Հիմա այն օրն է, որ պետք է հիշենք այդ մարդկանց, նրանց գործերը, հաղթանակները»։

Ռադիոսպորտի ֆեդերացիան տարբեր խմբեր ունի, որոնք մասնագիտացած են ռադիոսպորտի տարբեր տեսակներում։ Արման Բաբլոյան․

«Մենք պատրաստում են կապավորներ, անընդհատ իրենց «տաք» ենք պահում, որ Աստված մի արասցե պետք եղած ժամանակ ծառայեն Հայաստանին։ Մի կողմից կարող է թվալ, թե կապը զարգացել է, ունենք ալտերնատիվ կապեր՝ բջջային կամ ինտերնետային, բայց դա, միանշանակ, պատերազմական կամ արտագարգ իրավիճակներում չի կարող օգտագործվել, որովհետև, երբ թշնամին  ուզում է քեզ կապից զրկել, առաջինը հենց այդ կապի միջոցներից է զրկում»։

Այս ամիս ռադիոկապի սիրահարները միմյանց հետ կապվելու ևս մեկ առիթ են ունեցել։ Երկու օր առաջ՝ Ռադիոյի օրը, իսկ նախորդ ամիս ապրիլի 24-ին ռադիոսիրողները Հայաստանից կապ են հաստատել EK1915  ազդականչով։ Տարիներ առաջ Թուրքիայի քաղաքացիներից մեկը փորձել էր ազդականչը փոխելով հակադրվել Հայաստանից փոխանցվող տեղեկությանը՝ նշելով, թե իբր Ցեղասպանություն չի եղել։ Հնարքը բացահայտել էր գնդապետ Խաչատրյանը, իսկ աշխարհի ռադիոսերներն արագ լռեցրել էին նրան։

«Տեսա՝ անընդհատ հակաճառում է, անտենան պտտացրեցի մեր շենքի վրա սկսեց ձայնը ուժեղանալ Թուրքիայի կողմից։  Պարզվեց, որ Թուրքիայից մեկ ուրիշն իր ազդականչով մտել է ու  ասում է՝ սուտ է խոսում։ Բոլորը միանգամից վրա տվեցին։ Ասեցին՝ շատ ճիշտ է, մենք գիտենք, որ Ցեղասպանություն եղել է։ Ես զարմացա, որ այդքան պետություն միանգամից մտան ու սկսեցին նրան ճնշել։ Արագ թողեց հեռացավ»։

Գնդապետ Խաչատրյանի խոսքով՝  նպատակ ունեն ռադիոսպորտի տեսակների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել հատկապես պատանիների շրջանում։ Վերջերս հենց այդ նպատակով Աղվեսաորսի մրցույթն են անցկացրել «Իրական դպրոցի» սաների հետ։

Back to top button