ԿարևորՀասարակություն

Մայր բուհում «Կիրառական մաթեմատիկա»-ն հաղթում է «Իրավագիտությանը»

Բուհերի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու վերջնաժամկետը  մայիսի 10-ն է։ Մինչև հայտագրման ավարտը՝ ժամը 18-ը, արդեն գրանցված դիմորդները կարող են փոխել նախընտրած բուհն ու մասնագիտությունը։ Հայտագրումն  առցանց է, սկսվել է ապրիլի 15-ից։ Ընդունելության կարգում որոշ փոփոխություններ կան, նաև՝ ուշագրավ միտումներ՝ ըստ հայտագրման արդյունքների։ Այս պահի դրությամբ Մայր բուհում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունն ընտրած դիմորդների թիվն ավելի մեծ է, քան «Իրավագիտությանը»։ 

Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ, երկու կամ երեք քննություն և հնարավորություն ունեին մեկ հայտով մի քանի մասնագիտություն լրացնել, ապա նախորդ տարվանից պայմանները փոքր-ինչ այլ են․ դիմորդները կընտրեն բուհի մեկ մասնագիտություն և կընդունվեն  երկու քննությամբ։  Դիմորդների մի մասի շրջանում այս փոփոխությունը խուճապ է առաջացրել, քանի որ որոշ մասնագիտությունների գծով  մրցույթը շատ բարձր է, հետևաբար՝ ընդունվելու հնարավորությունը փոքր։

-Ես դիմել եմ ԵՊՀ հոգեբանության բաժին։ Որքան էլ զարմանալի է, այս տարի մրցույթը բարձր է։ Սովորաբար այդ բաժնում մրցույթն այդքան էլ մեծ չէր լինում։ Բայց հույսս չեմ կորցնում, կարծում եմ՝ կանցնեմ։

-Դիմորդի ծնող եմ, եթե երեխան դիմում է մի մասնագիտությամբ կոնկրետ բուհ և չի անցնում առաջին փուլով, որովհետև ընդամենը մի  բուհ դիմելու հնարավորություն ունի, երկրորդ փուլին պարզապես կզրկվի իր մասնագիտությամբ դիմելու  հնարավորությունից, ստիպված կլինի դիմել այլ մասնագիտությունների թափուր տեղերին։

Գերատեսչությունից  վստահեցնում են` դրական միավոր ստացած և ոչ մի դիմորդ առանց բարձրագույն կրթության չի մնա։ Ընդունելության առաջին փուլից հետո տեղի կունենա ընդունելիության երկրորդ փուլն արդեն թափուր մնացած տեղերի համար։ Այդուհանդերձ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը դիմորդներին և ծնողներին հորդորում է հաշվի առնել բարձր մրցույթ ունեցող մասնագիտություններով հայտագրվելու ռիսկը՝ հետագայում փաստի առաջ չկանգնելու համար։

«Եթե ձեր ուժերի վրա այդքան էլ վստահ չեք, մի նշեք այնպիսի մասնագիտություններ, որտեղ ամեն տարի, որպես կանոն, մրցույթը բարձր է։ Եթե քո միավորը չհերիքեց, պետք է սպասես թափուր տեղերի մրցույթին, որին կմասնակցես քո ստացած միավորներով՝ արդեն առանց քննության։ Այնտեղ արդեն կարող ես նշել վեց մասնագիտություն, վեց բուհ և սկսել ավելի նախընտրելի մասնագիտությունից»։

Ընդունելության կարգում ևս մեկ փոփոխություն կա՝ ոչ պակաս կարևոր։ Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլևս չեն լինելու` դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով:

«Դուրս է մնացել նաև «Լրագրություն» մասնագիտության ստեղծագործական շարադրությունը և բանավոր հաղորդակցման միջոցներ ներբուհական քննությունը։ Այսինքն՝ ունենք հստակ երկու միասնական քննություն բոլոր մասնագիտություններով»։

Դիմորդների առցանց հերթագրման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։ Ընդ որում՝ դիմորդը մինչև հայտագրման ավարտը՝ ժամը 18-ը,  կարող է կատարել նախընտրած բուհի և մասնագիտության փոփոխություն: Ի դեպ,  ըստ մինչև հիմա ներկայացված հայտերի՝ դիմորդներն առավել նախընտրել են Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտությունները։

Ուշագրավ միտում է նկատվում Մայր բուհում։ Տասնամյակներ շարունակ ամենապահանջված «Իրավագիտություն» մասնագիտությունն այս տարի զիջել է դիրքերը։ Դիմումների քանակով այս պահին առաջատարը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունն է։

Փոխարենը բնական գիտությունների մյուս մասնագիտություններով, ինչպես նաև աստվածաբանության, կրոնագիտության,  փիլիսոփայության, սոցիոլոգիայի բաժիններում ընդհանրապես մրցույթ չկա։

Եվս մեկ մեծ փոփոխություն, բայց արդեն հաջորդ տարվանից։  Դիմորդները հնարավորություն կունենան բուհ ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ:

Back to top button