ԿարևորՀասարակություն

Արհեստական բանականությունն ու տեխնոլոգիական գիտելիքները՝ հաղթելու բանաձև

Առաջատար տեխնոլոգիաների միությունում  համոզված են՝  ապագա պատերազմներում հաղթելու են  ոչ թե զինվորները, այլ՝ արհեստական բանականությունն ու տեխնոլոգիական գիտելիքները։ Հենց այս համոզումից էլ ծնվում են գաղափարներն ու դառնում նախաձեռնություններ։ Միությունն արդեն անօդաչու թռչող սարքերի 10 աշխատանոց լաբորատորիա է բացել, առաջիկա տարիներին նախատեսում է  դրանց թիվը 65-ի հասցնել։ Այս ամռանն առաջին անգամ նաև ԱԹՍ տեխնոլոգիական ճամբար է բացվելու։  

65 ԱԹՍ աշխատանոց լաբորատորիաներ, մեկ տարվա դասընթաց, որն անցած երիտասարդները բանակ զորակոչվելիս կկարողանան ԱԹՍ-ի տեխնիկական  սպասարկում իրականացնել, կառավարել թռիչքներն ու նաև՝ նախագծել նմանատիպ սարքեր։ Նախաձեռնությունը  Առաջատար տեխնոլոգիաների միությանն է։ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ երեք ԱԹՍ լաբորատորիա վերջերս բացվել է Սյունիքի մարզում՝  Գորիսում, Կապանում, Սիսիանում։ Մեկական լաբորատորիաներ էլ  գործում են Վանաձորում, Գյումրիում և  Ստեփանակերտում։

«Շատ կարևորում ենք  դա, քանի որ երբ 65 լաբորատորիա ունենանք, շուրջ 1800 երեխաներ կարող է մասնակցել այդ դասընթացներին։ Նրանցից մոտ 1300 տղա  բանակ զորակոչվելիս պատրաստ կլինի  ԱԹՍ-ի տեխնիկական սպասարկման, թռիչքները կառավարելուն։ Արդյունքում՝ կկարողանանք լուծել այն խնդիրը, որն ունեինք  44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ մենք  մասնագետների, կառավարողների կարիք ունեինք»։

ԱԹՍ լաբորատորիաներում մասնագիտական հմտություններ կարող են ձեռք բերել 14 տարեկանից բարձր տղաներն ու աղջիկները։ Նրանք այստեղ  գիտելիքների որոշակի պաշար կստանան, ԱԹՍ-ների հետ աշխատելու նախնական հմտություններ ձեռք կբերեն։   

Առաջատար տեխնոլոգիաների միությունը ռազմարդյունաբերության ռազմավարական ուղղությունը մշակելու փորձ արել էր նաև Ապրիլյան պատերազմից առաջ։ 2013-2016 թթ․-ին ԱԹՍ-ներին վերաբերող մրցույթներ էին անցկացնում, այդպես կարևորում ռազմարդյունաբերության զարգացումը ոչ միայն խոսքով, այլև ՝ դրան միս ու արյուն տալով։ Գործնական արձագանք, սակայն, այդպես էլ չստացան։

«Հիմա ԱԹՍ-ների թեման շատ թրենդային է։ Բայց մենք դեռ հինգ-վեց տարի առաջ էինք դիմել   կրթական աշխատանոցներ ստեղծելու համար։ Ունենք պաշտոնական բոլոր գրությունները։ Մինչև վերջերս որևէ արձագանք չկար։ Մեզ անհրաժեշտ է օր առաջ դպրոցներում հիմնել «Արմաթ»  լաբորատորիաները, որից հետո արդեն շուրջ 35 հազար երեխա կստանա բարձր տեխնոլոգիական գիտելիք։ Սա հզոր ուժ է, կբերի նաև աշխատատեղերի ստեղծման ու տարածքների համաչափ զարգացման»։ 

Ավագ Սաիյանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնագիտական պատասխանատուն է։ Ասում է՝ նախատեսում են իրենց փորձը ներդնել հանրակրթական դպրոցներում։ Վստահ է՝ իրենց դասընթացները կօգնեն աշակերտներին՝ ավելի լավ հասկանալ առաջին հայացքից բարդ թվացող առարկաները։ Առաջարկը   հատկապես ռոբոտաշինությամբ հետաքրքրվողների համար է։

«Մենք հիմնականում կրթական ռոբոտներ ենք պատրաստում, սակայն կրթականից դեպի այլ ոլորտ մեկ քայլ է։ Ցանկացած ռոբոտ, որը աշխատանք է կատարում, այլ ոլորտներում  նույնպես կարող է կիրառվել՝ ռազմարդյունաբերությունից մինչև քաղաքացիական ոլորտ»։

ԱԹՍ լաբորատորիաներում  աշակերտներին ԱԹՍ նախագծելու բանալիները կտան, կօգնեն, որպեսզի երեխաները կարողանան բացել դուռն ու ներս մտել։ Առաջատար տեխնոլոգիաների միությունը ռազմարդյունաբերության ոլորտին վերաբերող  ևս մեկ նախաձեռնություն ունի։ «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը փոխանցում է․

«Նպատակ կա խոշոր զորամասերում «Արմաթ» լաբորատորիաների նման, բայց ավելի բարձրակարգ լաբորատորիաներ ստեղծել, որտեղ ժամեկտային զինծառայողները գիտելիքներ կստանան։ 15 տարվա ուսումնական պլան ենք կազմել, դիմել ենք ՊՆ։ Մեր զինվորները պետք է ոչ միայն անվտանգության հարցերը լուծեն, այլև կրթություն ստանան ու ավարտելուց հետո շատերը կարող են աշխատանքի անցնել»։

Աշխարհը պատրաստվում է վեցերորդ սերնդի պատերազմներին։ Առաջատար տեխնոլոգիաների միությունում նույնպես պատրաստվում են, բայց համոզված, որ  ապագա պատերազմները հաղթելու են ոչ թե  զինվորները, այլ՝ արհեստական բանականությունն ու տեխնոլոգիական գիտելիքները։

Back to top button