ԿարևորՀասարակություն

Պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը:

Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը:

Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ: Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի:

Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի:

Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը:

Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու:

Back to top button