ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի պատերազմական գոտիներում դեռ հայեր կան, վերադարձողներ՝ նույնպես

Ուկրաինական պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Մարիուպոլում, իրավիճակը քիչ թե շատ կայուն է՝ «Ռադիոլուրին» պատմում են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։ Դոնեցկի և Լուգանսկի շրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ Ամիրյանն ասում է՝ սպասում է հատուկ թույլտվության, որ կարողանա Մարիուպոլ գնալ տեղի հայերի հետ հանդիպելու։

«Մարիուպոլում նախկին թեժ վիճակը չի արդեն, ում փնտրում էինք, գտնվել են, լավ են, արդեն համակերպվել են։ Պայթյունները, կրակոցներն  առաջվա նման չեն արդեն։ Կարողացել ենք կապ հաստատել տեղի հայերից մի քանիսի հետ։ Դեռ թվեր և մանրամասներ չգիտենք, բայց, ցավոք, նաև շատ հայեր են զոհվել»,-պատմում է տեր նարեկ քահանա Ամիրյանը։

Իրավիճակը նույնն է, լարված ու մռայլ՝ ասում է Տեր Նարեկ Ամիրյանը։ Պարբերաբար ռուսական կողմից հումանիտար օգնություն են ստանում, փոխանցում պատերազմական գոտիներից դեպի Ռուսաստան տեղափոխվող հայերին։ Իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է նաև Խարկովի մարզում, սակայն մինչև այսօր էլ կան հայեր, որոնք դեռ իրենց տներում են կամ պատերազմի մեկնարկից 3 ամիս անց են որոշել լքել երկիրը՝ ասում է Խարկովի պատվո հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

«Խարկովի մարզում վերջին մի քանի օրերի ընթացքում մի քանի բնակավայրեր ազատագրվել են, և իրավիճակը համեմատաբար կայուն է, այսինքն՝ նույն ինտենսիվությամբ այլևս չեն ռմբակոծվում բնակավայրերը ու բնակելի շենքերը»։

Վերջին օրերին կրակոցների թիրախ են դարձել Ուկրաինայի արևմտյան և հարավ–արևմտյան Լվով և Օդեսա քաղաքները։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ այս քաղաքներում ևս բազմաթիվ հայեր են ապրում, քիչ չեն նաև պատերազմի ժամանակ Ուկրաինայի արևելքից այս քաղաքներ տեղափոխվածները։

«Հիմա շատ շրջաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, այսինքն՝ ակտիվ ռազմական գործողություներ չկան, օրինակ՝ Կիևի, Չերնիգովի մարզում, Սումիում։ Բայց կան նաև շրջաններ, որտեղ բախումներն ավելի ինտենսիվ են, մասնավորապես, արևելյան և հարավային շրջաններում»,-ասում է Դավիթ Մկրտչյանը։

Հայերի միության տվյալներով՝ մինչև պատերազմը Ուկրաինայում ավելի քան 400 հազար հայ էր ապրում։ Մկրտչյանը վստահեցնում է՝ դեռ կան հայեր, որոնք շարունակում են պատերազմական գոտիներում մնալ։ Կան նաև հայ ընտանիքներ, որոնք պատերազմի սկզբից հեռացել են, իսկ հիմա վերադառնում են Ուկրաինա։

«Իհարկե, հոսքը բավական նվազել է, բայց 24 ժամ շարունակ մարդիկ դուրս են գալիս։ Կա նաև հակառակ հոսքը, մարդիկ սկսել են վերադառնալ Ուկրաինայի տարբեր քաղաքներ, օրինակ՝ Կիևի քաղաքապետի տվյալներով վերջին մեկ ամսվա ընթացքում 1.2 միլիոն մարդ վերադարձել է Ուկրաինայի մայրաքաղաք»։

Պատերազմի մեկնարկից 75 օր հետո Ուկրաինայից դուրս եկած կամ Ուկրաիանայում մնացած հայերի մասին թվային հստակ տվյալներ հայերի միությունում դեռ չունեն։ Միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ դիմել են Ուկրաինայի սահմանապահներին տվյալներ ստանալու համար, պատասխան դեռ չունեն։

Փոխարենը հստակ են Միգրացիայի ծառայության տվյալները։ Կառույցից  «Ռադիոլուր»-ին հայտնում են, որ 2022թ առաջին եռամսյակում Հայաստան է եկել Ռուսաստանի 142 հազար և Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի․ նրանցից ավելի քան 120-ը դիմել է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։

«Ազգությունը, իհարկե, ապաստանի հայցում չի նշվում, և, ըստ էության, էական չէ։ Գաղափարը օտարերկրյա քաղաքացուն միջազգային պաշտպանություն հատկացնելն է։ Ըստ այդմ՝ թե՛ ազգությամբ ուկրաինացիները, թե՛ հայերը, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են, կարող են և դիմում են մեզ։ Այնուամենայնիվ, դիմումատուների հետ շփման արդյունքում պարզ է դառնում, որ կեսից ավելին հայեր են»,-ասում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Այս տարի շուրջ 3 անգամ ավելացել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների թիվը՝ օրերս ԱԺ-ում հայտնել էր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ տվյալները համեմատելով նախորդ տարվա ցուցանիշերի հետ։  «Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունից էլ հայտնել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից ՌԴ շուրջ 1600 և Ուկրաինայի շուրջ 30 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ քաղաքացիների դիմումների թիվը մոտ 8 անգամ ավելացել է, իսկ Ուկրաինայի քաղաքացիների դեպքում՝ կրկնապատկվել։

Back to top button