ԿարևորՀասարակություն

Եռատոնը առանց Շուշիի. իշխանության և ընդդիմության հետևությունները

Մայիսի 9-ի պաշտոնական այցելությունները ավանդական երկու ուղղություն ունեն՝ Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի։ Երկու վայրերում էլ այսօր ծաղիկներ են դրվել, հարգանքի տուրք մատուցվել տարբեր պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։ 

Մայիսի 9-ը՝  հայկական տոնացույցի ամենապայծառ օրերից մեկը, արդեն երկրորդ անգամ նշվում է առանց տոնական տրամադրության ու հանդիսությունների, ինչն ամենևին չի նսամացնում մեր հերոսների սխրանքն ու հաղթանակների կարևորությունը, բայց նաև ստիպում է խոսել քաղած դասերի մասին։ Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրվա ասելիքի առանցքը դասեր քաղելու ու հետևություններ անելու մասին է։

Պարզապես պաշտոնական հաղորդագրություններ և այցելություն Եռաբլուր ու Հաղթանակի զբոսայգի՝ տարբեր տարիների պատերզմներին նահատակվածների հիշատակը հարգելու և ծաղկեպսակ դնելու համար։  

Նախագահը, կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչները միասին են այցելել  Եռաբլուր։  Բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ շփում չէին նախատեսել, հանրությանն ուղղված ասելիքը պաշտոնական տեքստերում էր։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, սակայն, որոշեց հստակեցնել․

«Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք Եռատոնը, որովհետև պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ գոյություն են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում՝ նաև Շուշիի ազատագրումը»։  

Թե իշխանության, թե ընդդիմության օրվա ասելիքի առանցքը դասեր քաղելու ու հետևություններ անելու մասին է։ Հենց սա է շեշտադրում հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը։

«Ինչպես Եռատոնը նախկինում ենք նշել, բնականաբար, չենք կարողանում այդ նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է մեր բոլորիս համար։ Որևէ կերուսը չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կերուստ մեզ չպետք է հետ պահի մեզ ավելի ուժեղ պետություն կառուցելուց։ Մենք թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ, եթե մենք նախորդ հաղթանակներից հետո այդ ուժեղ պետությունը կառուցած լինեինք, այս օրվան հասած չէինք լինի։ Նույնը ապրիլի 24-ի ուղերձն էլ՝ ուժեղ պետություն կառուցելու այլընտրանք չկա։ Դրա մեջ յուրաքանչյուրդ կարող եք ձեր երազանքը տեսնել։ Հիմա ուղղակի այն ժամանակը չէ, որ Հայաստանի որևէ իշխանություն՝ այս իշխանությունը, նախկին իշխանությունըկ, եկող իշխանությունը ինչ-որ ամբիցիաներ դրսևորի։ Հիմա շատ է շեշտը դրվում՝ ինչու չեք ասում, հայտարարենք, որ հեսա Մասիսը հետ ենք բերում և նման այլ բաներ։ Ժողովուրդ, եկեք մեր պետությունը կառուցենք, ուժեղ, արդյունավետ պետություն ունենանք, հետո մնացած հարցերը, բնականաբար, կխոսենք»։

Թույլ տված խնդիրների և հետևություններ անելու մասին է խոսում նաև պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Չի բացառում և անգամ հաստատում է, որ 44-օրյա պատերազմի օրերին եղել են նաև դրական դրսևորումներ՝ հերոսություններ և քաջագործություններ։ Եղել են և՛ հրամանատարներ, և՛ զինվորներ, որոնք լավ են գործել՝ ասում է.  

«Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական «ռելսերի» վրա։ Օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել պետական կառավարման ողջ համակարգերը համախմբել մեր ամբողջ թե մարդկային, թե այլ, օրինակ՝ շինարարական, ինժեներական մաբողջ ներուժը ժողովել՝ խորքում պաշտպանությունն իրականացնելու համար։ Դատաիրավական համակարգի մոտ էլ բացակայել վճռականությունը կարգուկանոն և օրինականություն հաստատելու համար»։

Հետևություններ անելու կոչերում, սակայն, իշխանությունը և ընդդիմությունը տարբեր նպատակներ և գործողություններ են պատկերացնում։ Եթե ընդդիմությունը շեշտում է, որ անհրաժեշտ է միախմբվել ընդդիմության շարժման շուրջ, իշխանությունը նախատեսում է արած հետևությունները արտացոլել փաստաթղթերում։ Երկրի գլխավոր փաստաթղթերից մեկը՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը, 44-օրյա պատերազմից հետո չի համապատասխանում ներկա վիճակին։ Փաստաթուղթը վերանայման փուլում է, դրանից հետո՝ 2022-ի երրորդ եռամսյակում, կսկսվի նաև ռազմական հայեցակարգի մշակումը։ Թեև փաստաթուղթը դեռ չկա, բայց ընդդիմությունն արդեն տեսնում է բովանդակային խնդիրներ, հատկապես Հայաստանի խաղաղասիրական նպատակների առնչությամբ։ Հարցին անդրադարձ եղել է ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում՝ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյան պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան երկխոսության ժամանակ։

Գեղամ Մանուկյան «Պարոն Սարգսյան, կառավարության հաշվետվությունում գրված է, որ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգով ԶՈՒ-ն  զարգանալու և վերափոխվելու է ոչ թե ագրեսիայի, այլ՝ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով։ Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող եղե՞լ է, որ հիմա էլ հայեցակարգով ուզում եք ոչ ագրեսոր ԶՈՒ ձևավորել, թե՝ ուղղակի «անատամ» ԶՈՒ, որը պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չլինի անցնելու»։

Արման Սարգսյան. «Բնականաբար, մեր նպատակը «անատամ» բանակ ունենալը չէ։ Պաշտպանությունն իր մեջ ներառում է նաև հակահարձակում և այլն, սակայն, մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ ԶՈՒ նպատակը պատերազմ հրահրելը չէ, իր հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելը չէ։ Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար, այն ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ նպատակը չի եղել ագրեսիվ գործողությունները»։  

Բարեփոխումների ծրագրով նախանշվելու է նաև արտաքին հետախուզություն ունենալու առաջնահերթությունը։

Back to top button