ԿարևորՀասարակություն

Դիլիջանում վերաբացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ ամյակի առթիվ Դիլիջան քաղաքում այսօր  տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը:

Ինչպես հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամից, հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:

Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների,  կազմակերպությունների աջակցությամբ և  Դիլիջանի համայնքապետարանի  ու բնակիչների համատեղ ջանքերով։ Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:

Աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ, որի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել են համալիրի  հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։ 

Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էին տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։

««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի  դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված  հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ  մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս  համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել,  և  հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասաց TUF  հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:

«Դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը. այստեղ մենք ունենք և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Հայրենական պատերազմի, և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի է TUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-նշեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։  

Արարողությունից հետո  մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ  և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր տնկեցին  հուշարձանի հարակից՝ նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։

Back to top button