ԿարևորՏնտեսական

Հայաստան ուղղվող ներդրումների որակը փոխվել է

2021 թվականին 2020-ի համեմատ ներդրումների ծավալն ավելացել է, բայց դեռ 2019-ի ցուցանիշին չի հասել։ Նախորդ տարվա ընթացքում ներդրումների հիմնական մասն ուղղվել է էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտներին։ Փորձագիտական դաշտում մտահոգ են՝ հետազոտական ու գիտական ներդրումներ գրեթե չկան։

Հուսադրող միտում, սակայն, նկատելի է՝ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումներն արվել են հենց  գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում են՝  ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Հաջորդ եռամսյակներում դրանք արտացոլվելու են նաև այլ ոլորտներում։

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Արգենտինա, Կիպրոս․ 2021 թվականին Հայաստանում ուղղակի ներդրումներ ամենաշատը եղել են այս երկրներից։ 2020-ի համեմատ  ընդհանուր աճը 41 տոկոս է, իսկ ՕՈՒՆ աճը՝  57 տոկոս։

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը վերլուծում է վիճակագրական տվյալները։

«Ներդրումների ս ծավալը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային՝ 2019 թվականի մակարդակին։ Հայաստանում  օտարերկրյա ուղղակի ներդրումները  հիմնականում կենտրոնացված են հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ։ 2021թվականին 383 մլրդ դրամից շուրջ 240 մլրդ դրամը կատարվել է էներգետիկայի ոլորտում, 79 մլրդ դրամը՝ մետաղական հանքաքարի արդյունահանման, իսկ մնացած 65 մլրդ դրամը՝ այլ ոլորտներում»։

Ոլորտներից հաջորդը  գյուղատնտեսությունն է, ապա՝շինարարությունը։ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը մտահոգ է՝ հատկապես հետազոտական ու նոր մշակումների ոլորտներում գրեթե ներդրումներ չեն կատարվել։

«Սա նշանակում է, որ ուղղակի գիտության ոլորտը  ճիշտ չի օգտագործվում։ Հանքարդյունաբերության ոլորտն այն ոլորտն է, որտեղ առանց լուրջ տեխնոլոգիա օգտագործելու լուրջ շահույթ է ստացվում»։ 

Օտարերկրյա ներդրումների աճին նախորդ տարի նպաստել է նաև ԶՊԿ-ի՝ բաժնետոմսերի 60 տոկոս վաճառքը։  Արդյունաբերական ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրաբերել էր Հայաստանի կառավարությանը։

Ներդրողների առաջին հնգյակում ներառված չէ Իրանը։

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանը ընդգծում է՝ փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, ներդրումները՝ ոչ։ Դրական զարգացում, սակայն, կա՝ Իրանում հետաքրքրված են ճանապարհաշինարարության ոլորտով.

«Եթե իրանական կողմն այս ոլորտում իսկապես ներդրումներ իրականացնի, ապա դա չի նշանակում ներդրումներ միայն այս ոլորտում, դրանք կլինեն համալիր ներդրումներ։ Օրինակ՝ բիթումը, մազութը, որ օգտագործվում են ճանապարհաշինարարության մեջ, ցանկանում են բերել Հայաստան»։

Զրուցակիցս նաև այլ փոփոխություն է նշում։ Այս տարվա առաջին եռամսյակում կատարված  ներդրումներն ավելի որակյալ  են, քան 2021-ի ողջ ընթացքում արվածները՝ արձանագրում է Սոս Խաչիկյանն որակական փոփոխությունն ապահովել են  հիմնականում ՏՏ ոլորտում կատարված ներդրումները։

«Այս տարվա առաջին եռամսյակում կատարվող ներդրումները գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում են՝  պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բիզնեսը, ներդրումային հիմնադրամները այստեղ են տեղափոխվում։ Հիմնականում այն ուղղություններն են, որոնք աշխատում էին Արևմուտքի հետ, սակայն, այժմ չեն կարողանում աշխատել ՌԴ-ից, տեղափոխվել  են այստեղ, ներդրումներ են կատարում Հայաստանում և այստեղից են այդ կապը ապահովում»։

Տնտեսագետ  Համլետ Մկրտչյանը նույնպես կարևորում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան այցելող ռուս, բելառուս ու ուկրաինացի մասնագետների հոսքը Հայաստան։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝   Հայաստանում   շուրջ 1000 ԱՁ  և 300 ընկերություն է բացվել , 80 տոկոսը՝ ՏՏ ոլորտում։

«Այս բացասական ֆոնի վրա Հայաստանը որոշակի դիրքավորում կունենա։ ԲՏԱ ընկերություններում աշխատուժը բարձրորակ է, այս ոլորտում  կատարվող ներդրումները կարտացոլվեն   հաջորդ եռամսյակներում և հաջորդ տարվա ընթացքում»։

 Փորձագիտական դաշտում վստահ են՝ եթե անգամ մասնագետները վերադառնան, միևնույնն է, տնտեսական միջավայրը կփոխվի՝ դրական առումով։

Back to top button