ԿարևորՏնտեսական

Մեղվապահությունը՝ և՛ զբաղմունք, և՛ եկամուտ  

Նոր Կեսարիայում Ռուստամ Մնացականյանն արդեն 20 տարի մեղվապահությամբ է զբաղվում: Իր այգում պատահաբար հայտված մեղվի պարսը բռնել էր ու տեղավորել փեթակում:  Մեղվաընտանիքները բազմացել են ու ավելացրել փեթակների թիվը՝ հասցնելով 55-ի: Մեղվապահը տարվա մեջ մի քանի անգամ մեղուներին  աշխարհագրական  տարբեր վայրեր է տեղափոխում, որտեղ փարթամ բուսականություն կա:

Ռուստամ Մնացականյանն արդեն 20 տարի ուշի ուշով հետևում է մեղվաընտանիքների շարժին, ասում է՝ ձմեռվանից հետո  մեղուների բնական անկումը մեծ է լինում, բայց չի անհանգստանում՝ ձվաբջջիջներից նորերն են դուրս գալու:

«Գարնանը մեղուները սկսում են բազմանալ: Սա փեթակի շրջանակն է, մեջը մեղր է, կենտրոնում՝ մեղվի թրթուրները: Հենց թրթուրները մեղու դառնան ու դուրս գան, այդ տեղն էլ մեղրով կլցնեն, հետո ես կքամեմ: Ձմռան ընթացքում  մեղվի կերապաշարը՝ մեղրը, միշտ թողնում եմ: Նայում եմ մեղվաընտանիքի զանգվածին, ու ավելի շատ մեղր թողնում: Հիմա  գարուն  է, բայց մեղուները դեռ սնվում են այդ մեղրով»:

Ռուստամն ու կինը  պարբերաբար բացում են փեթակներն ու ստուգում մեղվաընտանիքների կարիքները, անհարաժեշտության դեպքում փոխում են շրջանակներն ու ավելացնում փեթակները:  Տարվա մեջ երկու անգամ մեղր են քամում:  

 «Փեթակը  բացում եմ, երբ տեսնում եմ, որ շրջանակների վրա  մեղր լցնելու տեղ չկա, սերակալել է, արդեն քամում ենք, ժամանակ ունի: Անցած տարի 7 տարա մեղր եմ ստացել, 350 կգ»:

«Հունիս, հուլիս օգոստոս ամիսները մեղուների բերքահավաքի շրջանն է: Առաջին քամը անում ենք հուլիսի 20-ից հետո: Լինում են շրջանակներ, որոնց կեսը մեղր է լինում, կեսը՝ մեղվի թրթուրներ, թողնում ենք մեղուն դուրս է գալիս, տեղը բերք է լցնում՝ մեղր: Երկրորդ  անգամ արդեն քամում ենք օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին»։

Մեղվապահ ամուսինները  փեթակները համարակալել են. այդպես նրանք տարբերակում  են  մեղվաընտանիքները,  հետևում նրանց աշխատանքին ու առողջությանը: Բուժումներն աշնանն են անում:

«Բուժման ժամանակ քիչ քանակությամբ շաքարավազ են տալիս, քանի որ դեղը դառն է: Գրքով էլ է նախատեսված՝ մի մեղվաընտանիքին տարեկան 5կգ-7կգ շաքարավազ է հասնում, իսկ գարնանը գրգռիչ կեր  ենք տալիս, որպեսզի զարգանան»

Մեղվապահությունը գիտություն է՝ ասում են  ամուսինները․ ինչքան պահում ես,   կարդում ու  սովորում, այնքան  սովորելու բան կա: Մեղուների աշխատանքի ու մեղվաընտանիքների կազմի մասին   Գայանե Ավետիսյանն ամեն օր գրանցումներ է անում: Դրանց համար հատուկ գրքեր ունի:

«Սա մեղուների  աշխատանքի գիրքն է, գրանցում եմ, թե որ օրը ինչքան բերք են բերել: Օրինակ՝ անցած տարի մայիսին եղել ենք Թալինի  Զարինջա գյուղում: Փեթակը կշռել ենք, 62կգ 300 գրամ է եղել, հաջորդ օրը դարձել է 63 կգ, այսինքն՝  այդ օրը 700 գրամ բերք են բերել: Մյուս օրը 64,5 կգ է դարձել, 1.5կգ մեղր են սարքել:  Ամեն օր փեթակները կշռել ենք, անցած տարի ամենաշատ բերքը Արտենիից ենք վերցրել օրը 3 կգ  մեղր են տվել»:

Մյուս գրքում  գրանցում է մեղվաընտանիքների կազմը: Աշխատասեր մեղուների բնությունը տարբերվող է՝ իրենք են ընտրում մայր մեղվին.  խնամում, փայփայում, իսկ մյուս մայրերին՝ սատկացնում.

«Հունիսի 19-ին թիվ 3 փեթակում մայրափոխում է արվել, մայրը սատկել էր: Մայր մեղուն նորմալ չէր ձվարկել, մեղունները սատկացնում են  ու նոր մայր ընտրում: Բջջի միջից, երբ թրթուրները դուրս են գալիս՝ մի քանի մայր են ընտրում, որը  որակով է լինում՝  թողնում են, մյուսներին՝ սատկացնում»:

Ռուստամ Մնացականյանը, մեղուների հետ զբաղվելով, ավելի շատ  խաղաղություն է գտնում և հոգու հանդարտություն, ասում է՝ մեղվից սովորելու շատ բան ունենք:

Փեթակներն առայժմ բակում են․ Նոր Կեսարիայի ծառ ու ծաղկունքի ծաղկափոշին են հավաքում, մայիսի վերջին կտեղափոխվեն ավելի բարձրադիր վայրեր:  Երկար տարիներ մեղուների ժամանակավոր բնակատեղին, նախ, Շիրակի մարզի դաշտերն են, հետո՝ Արագածոտնի մարզի լեռները:  Երկու տարի առաջ  մեղուների անկումը շատ էր՝ 20 փեթակ հանգեց, պատճառն առվույտի միջատասպան դեղամիջոցն էր։  Պարզել էին՝ Ադոնիս միջատասպան պատրաստուկն է: Այն գրանցված է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական անվանացանկում: Դրանով հիմնականում բուժում են առվույտի ցանքատարածքները: Արթուր Միքայելյան.

«Մեղուների համատարած անկման պատճառով դիմեցի մարզպետարան, իրենք էլ զգուշացրեցին թունաքիմիկատների վաճառքի կետերին, որպեսզի դադարեցնեն  Ադոնիս բուժանյութի վաճառքը: Հիմա թունաքիմիկատներում հարցնում եմ, մարդիկ չեն վաճառում: Չնայած բուժանյութը արգելված չէ, հանված չէ, բայց մարդիկ ընդունեցին, որ դա վնաս է մեղուներին և չեն վաճառում»:

Մեկ ամսից մեղուներին  կտեղափոխեն լեռնային շրջաններ: Այս տարի սարերում ձյունը շատ էր, հողը՝ բավականաչափ  խոնավ: Մեղվապահները հույս ունեն, որ  լեռներում  փարթամ բուսականություն կլինի, որը հարմար միջավայր է մեղուների համար:

Back to top button