ԿարևորՎերլուծական

Չեզոք երկրների սասանվող չեզոքությունը․ Ֆինլանդիան ու Շվեդիան՝  ՆԱՏՕ-ի անդամակցության  ճանապարհին

Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Ֆինլանդիայի խորհրդարանի մեծ մասը կողմ է անդամակցելուն: Վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ կառավարությունը և նախագահը միասին կընդունեն ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշումը, այդ մասին հայտարարություն կարվի մինչև մայիսի 14-ը:

Նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում նաև Շվեդիայից։ Ըստ տարբեր հարցումների` ապրիլին շվեդների 57 տոկոսը կողմ է արտահայտվել դաշինքին միանալուն։  Այս կարծքն ունեցողների թիվը  այժմ 20 տոկոսով ավելին է, քան  մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը: Սկանդինավյան երկու պետություններում էլ նշում են` Ուկրաինայի օրինակը շատերի համար ցուցիչ է դարձել։

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի սպառնում Ռուսաստանին` այս կարծիքին է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ֆինլանդիայի խորհրդարանն անցյալ շաբաթ քվեարկել է դաշինքին անդամակցելու օգտին: Սկանդինավյան այս երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 12-ին։ Շվեդիայում համապատասխան որոշում կընդունեն մինչև մայիսի կեսերը։ Կանադան հայտարարել է, որ սատարելու  է երկու երկրների մուտքը ՆԱՏՕ, ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ընդգծելէ, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։

«Ֆինլանդիան այն երկիրը չէ, որ իր տարածքով սպառնալիք հանդիսանա Ռուսաստանի համար, ոչ էլ համապատասխան ռեսուրս ունի ։ Այդ երկրի տարածքն այնքան մեծ չէ հրթիռներ տեղակայելու համար։ Ֆինլանդիայում գիտակցում են, որ ռուսական կողմը համապատասխան հրթիռների տեղակայմամբ շատ արագ կարձագանքի ֆինների այդ քայլին։ Իսկ Շվեդիան սահման չունի Ռուսաստանի հետ։  Մեծ իմաստով՝ ոչինչ չի փոխվի, բացի այն, որ մեկ-երկու լրացուցիչ զորամաս կտեղակայվի այդ ուղղությամբ`  ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում։  Ռուսական ռազմական տեխնիկան ի վիճակի է խոցել  ցանկացած թիրախ։ Այստեղ շատ կարևոր է դիտարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրումը` հաշվի առնելով հսկայական տարածքը, առկա ռեսուրսը,  այս ամենը իրական վտանգ է ստեղծում  Ռուսաստանի համար»։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է, որ Ֆինլանդիան, որը եվրոպական պետություններից ամենաերկար ցամաքային սահմանն ունի Ռուսաստանի հետ, մինչև ուկրաինական պատերազմի սկիզբը նույնիսկ ավելի քիչ էր հակված դաշինքին միանալուն, քան Շվեդիան։ ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցել է ֆինների 20-30%-ը: Ռուսական ներխուժումից հետո այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի։

Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն հայտարարել է` դիմելու դեպքում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը արագացված ընթացակարգով կկազմակերպվի։ Իր հերթին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է իրադարձությունների նման զարգացման դեպքում բալթյան տարածաշրջանում ռուսական ուժերի ավելացման, ինչպես նաև Կալինինգրադի մարզում միջուկային զենք տեղակայելու մասին։ Բալթյան տարածաշրջանում ռուսական ուժերի կուտակման սպառնալիքն արդյո՞ք կկանգնեցնի քաղաքական չեզոքությամբ աչքի ընկնող Շվեդիային և Ֆինլանդիային:

«Ֆինլանդիան չեզոք երկիր է, մինչև ԽՍՀՄ կազմաքանդումը միակ երկիրն էր, որ լավ հարաբերություններ էր պահպանում Ռուսաստանի հետ։ Շվեդիան նույնպես չեզոք կարգավիճակ ունի, սակայն սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Դեռևս վստահ չենք, որ այս երկրները կանդամակցեն ՆԱՏՕ-ին։ Խնդիրը Ուկրաինան է, և այդ երկրի հնարավոր «չեզոք» կարգավիճակը, որը քննարկվում էր ռազմական գործողության առաջին օրերին։ Սակայն այժմ իրավիճակն այլ է,  որևէ մեկը չի կարող կանխատեսել  Ուկրաինան կդիտարկվի որպես չեզոք երկի՞ր, թե՞ կմնա Կիևի սահմանակից 5-6 մարզերով, իսկ հարավ-արևելյան ամբողջ տարածքը, ինչպես նաև Արևմտյան Ուկրաինան կանցնի այլոց հսկողության տակ»։

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հատուկ ռազմական գործողությունների երկրորդ փուլին անցնելու նպատակները.

«Եթե առաջին փուլի նպատակը Դոնեցկում և Լուգանսկում տեղակայված ուկրաինական զորքի ջախջախումն էր, ապա այժմյան ծրարգով Ուկրաինայի հարավն ու  արևելքն ամբողջությամբ պետք է անցնի ռուսաստանյան հսկողության տակ, թե ինչ է դա նշանակում, առայժմ հստակ չէ։ Հիմա այլևս չեզոքության մասին խոսելը արդիական չէ, Ուկրաինայի ապագա ճակատագիրը որևէ մեկին հայտնի չէ»։

Ավելի քան երկու ամիս շարունակվող  ռուս-ուկրաինական հակամարտությունը հիմնովին փոխել է անվտանգային խնդիրների ըմբռնումը աշխարհում։ Սկանդինավյան երկու պետությունները ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշումը մեծապես պայմանավորում են հանրության շրջանում անվտանգային սպառնալիքներից պաշտպանվելու ցանկությամբ։ Պաշտոնական Մոկսվան էլ արձագանքում է` անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

Back to top button