Վերնատուն

Հրանտ Դինքի ձայնը՝ լսելի աշխարհի չորս կողմում․ «Վերնատուն»

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվելու է Դինքի կյանքն ու պայքարը ներկայացնող՝ «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսը։

«Հրանտ Դինք» հիմնարկի երևանյան և պոլսո գրասենյակների ծրագրերի համակարգողներ Արմենուհի Նիկողոսյանն ու Թալին Սյուզմեն խոսում են ցուցահանդեսի նպատակներից ու կարևորությունից, «Հրանտ Դինք» հիմնարկի ծրագրերից։

«Հրանտ Դինք» հիմնարկի Պոլսո գրասենյակի Հայաստան– Թուրքիա ծրագրերի համակարգող Թալին Սյուզմեն պատմում է, որ «Ակոսի» գրասենյակը Դինքի սպանությունից հետո կարևոր տեղ դարձավ թուրքիայի ժողովրդի հավաքական հիշողության համար։

«Հրանտ Դինքի» ընտանիքը և հիմնարկը միասին որոշեցին «Ակոսի» գրասենյակը վերածել հիշողության վայրի, որտեղից Դինքի ձայնը կշարունակի լսելի լինել Թուրքիայում, նաև՝ աշխարհի 4 կողմերում։

Ցուցադրությունը առաջինը որոշեցին ներկայացնել Երևանում։ Դինքի՝ 15 տարի առաջ ասված խոսքերը այսօր էլ կարևոր են և արդիական՝ ասում է Թալին Սյուզմեն։ Դինքին ճանաչելու ամենալավ առիթը հենց այս ցուցահանդեսն է՝ կազմված է իր ձայնագրություններից, տեսաերիզներից ու հոդվածներից։

Ինչո՞ւ էր Հրանտ Դինքը կարևորում Հայաստան– Թուրքիա երկխոսությունը․ինչո՞ւ էր դա պետք անցյալում և ինչո՞ւ է կարևոր այսօր․ այս հարցերի պատասխանները նույնպես կգտնենք ցուցահանդեսում՝ լսելով Դինքի խոսքը, ծանոթանալով նրա գաղափարին ու արժեքներին, մեկնաբանում է Արմենուհի Նիկողոսյանը։

«Հրանտ Դինքը պայքարում էր համամարդկային արժեքների համար՝ ժողովրդավարություն, արդարություն, հավասարություն, մարդու իրավունքներ», – ասում է Նիկողոսյանը։

Back to top button