

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կառուցվել են բոլոր այն երկրներում, որոնցում կան հայկական համայնքներ։ Այդ խորհրդանշական հուշարձանների մոտ մշտապես կազմակերպվում են ոգեկոչման միջոցառումներ։
Այդ կառույցների դերը կարևոր է տարբեր տեսանկյուններից, ինչով էլ պայմանավորված է այն, որ թուրքական իշխանությունները և թուրք հասարակությունն ամեն կերպ փորձում են կասեցնել դրանց կանգնեցման գործընթացը։
Նմանատիպ յուրաքանչյուր հուշարձանի բացումը դառնում է քաղաքական լարվածության պատճառ։ Թուրքական կողմը հակաքայլ է անում՝ կանգնեցնելով սեփական հուշարձանները։
Դրանց միջոցով նույնպես թուրքական իշխանությունները կեղծում են պատմական իրականությունն այն առումով, թե իբր հայերն էին ցեղասպանել Օսմանյան կայսրության մեջ ապրող թուրքերին։
Դրանք տեղադրվում են Արևմտյան Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ 1915-ին ոչնչացրել էին հայությանը։
Երբ խնդիրներ են ծագում հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում, թուրքերը պղծում են Հայոց ցեղասպանության այդ լուռ, բայց խոսուն վկաներին։
Օրինակ՝ պղծվել է Փարիզում կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձանը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի»:
Հուշարձանների նկատմամբ իրականացվող այս գործընթացն ակտիվացել էր հատկապես 44-օրյա պատերազմի շրջանում։
Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։ «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանները և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ: