ԿարևորՀասարակություն

Սպանությունից 15 տարի անց Հրանտ Դինքը «պատմում է» իր մասին․ բացառիկ ցուցադրություն Երևանում

Ստամբուլահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում յուրահատուկ ցուցադրություն է բացվել։ Հրանտ Դինքը տեսանյութերով ու ձայնագրություններով ցուցահանդեսի ուղեկցորդն է․ անձամբ է պատմում  իր կյանքի, գործունեության, պատմության, արդարության ճանապարհին իր նկատմամբ հետապնդումների մասին։ Եզակի այս ցուցադրությունը «Հրանտ Դինք հիմնադրամը» Երևան է բերել Ստամբուլից՝ «Ակօս» թերթի գրասենյակից, որը 2019-ին վերաբացվել է՝ որպես Հրանտ Դինքի հուշավայր։ Ցուցադրությունը Երևանում բաց կլինի մայիսի 7-ից մինչև հուլիսի 30-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։

Հրանտ Դինքի հետ շրջում ենք ցուցասրահում․ պատմում է իր մանկության, երիտասարդության, ընտանիքի, ամենամեծ հպարտության՝ «Ակօս» թերթի ու իր նկատմամբ թուրքական իշխանությունների հետապնդումների մասին։ Ստամբուլահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 15 տարի անց Երևանում եզակի ցուցադրություն է բացվել։ Այցելուներին հենց Դինքը տեսանյութերի, ձայնագրությունների միջոցով պատմում է իր մասին։ Ստամբուլահայ լրագրողի կինը՝ Ռաքել Դինքը, ասում է՝ այս ցուցադրությունը Դինքի գործը շարունակելու, Դինքի խոսքը լսելի դարձնելու ծրագրերից մեկն է։

«Հիմա սիրտս զգացմունքներով լեցուն է, քանի որ սիրելի ամուսնուս դաժան սպանությունից 15 տարի հետո նա այստեղ է, և իր կյանքի 52 տարիների ժապավենը ձեզ տեսանելի ու լսելի է։ Հիմա դուք մասնակից կդառնաք մեր սիրո պատմությանը, ամուսնությանը, ընտանիքին, հույսերին, ապագային, ներկային ու, ամենակարևորը, մեր կարոտին վշտին ու ցավին»,– պատմում է Ռաքել Դինքը։

Հրանտ Դինքն իր առաջադեմ հայացքների համար Թուրքիայում հետապնդվել, է դատապարտվել և սպանվել հենց իր սիրելի «Ակօս» թերթի գրասենյակի դիմաց 2007-ի հունվարի 19-ին։ Այն ժամանակ և այնտեղ․․․ Դելալ Դինքը՝ լրագրողի դուստրը, պատմում է՝ հոր սպանությունից հետո երկար են մտածել, ինչպես շարունակել ապրել, ինչ նպատակով․ որոշել են «Հրանտ Դինքի հիմնադրամը» բացել, շարունակել հոր  կիսատ թողած գործը։ Իսկ «Ակօսի» նախկին գրասենյակը, որտեղ ամեն տարի նրա սպանության օրը հազարավոր մարդիկ են հավաքվում, 2019թ վերաբացվել է որպես Հրանտ Դինքի հուշավայր։

«2019թ․ իր սպանության վայրը, որ «Ակօս» շաբաթաթերթի գրասենյակն էր, վերածեցինք հիշողության վայրի։ Թուրքիայում սա շատ հետաքրքիր և եզակի տեղ է։ Եվ այնտեղ հայրս իր պատմությունը, իր կյանքը, իր խոսքը կշարունակի։ Անկեղծ ասած՝ այս տեղի բացումից հետո մեր ուսերի բեռը մի քիչ թեթևացավ։

Երբ 2019-ին մենք այդ հիշողության վայրը բացեցինք, մեր նպատակն էր այս ցուցահանդեսը աշխարհի այլ երկրներ էլ տանել։ Բնականաբար՝ առաջին տեղը պետք է լիներ Հայաստանը։ Ուզեցինք հայրիկիս ու նրա ձայնը բերել ձեզ»,– պատմում է Հրանտ Դինքի դուստրը։

Ցուցասրահի մի անկյունում հատուկ էկրանների միջոցով կարելի է շրջել Ստամբուլի հուշավայրում, լինել Հրանտ Դինքի աշխատասենյակում, տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես թողել է հայտնի լրագրողը։ Նաև առանձնացված սրահ կա՝ նվիրված «Ակօս» թերթին, որտեղ 1996-2007թթ․ հրատարակված բոլոր համարներն են։

«Կենսագրական բաժնում կարելի է Հրանտ Դինքի կյանքի մասին մանրամասներ իմանալ, լսել նրա պատմությունները ապրած դժվարությունների մասին և հենց նրա հոդվածները կարդալով՝ ծանոթանալ գործունեությանը։

Եթե շարունակեք շրջել, արդեն կտեսնենք սպանությանը նախորդած դեպքերը, թե ինչպես Հրանտ Դինքը թիրախ դարձավ, կամ՝ ինչպես դատը սկսվեց և այլն»։

«Ես հայ եմ, թուրքացի եմ․․․ Գեթ մեկ օր չեմ մտածել երկիրս լքելու և «Արևմուտք» կոչված «պատրաստի ազատությունների դրախտում» իմ ապագան կերտելու մասին։ Իմ հիմնական մտահոգությունն է եղել սեփական երկրում էլ նմանատիպ ազատությունների դրախտ ստեղծել»։

Այստեղ Դինքն ավելի հասանելի է հայերին, Հայաստանին, իսկ այստեղ նրան  միշտ սպասում ու սիրում էին․ ընտանիքի անդամները վստահեցնում են՝ երևանյան սպասված ցուցադրությունից հետո այլ հայաշատ երկրներ էլ են այցելելու։ Երևանցիները Հրանտ Դինքին լսելու, նրա հետ նրա կյանքին ու գործունեությանը ծանոթանալու հնարավորություն ունեն մայիսի 7-ից մինչև հուլիսի 30-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։

Back to top button