ԿարևորՀասարակություն

Սահմանադրության փոփոխությունների օրակարգում կառավարման համակարգի հարցն է

Նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարում է անհրաժեշտ ՀՀ-ին։ Սա առաջին հարցերից մեկն է, որի պատասխանը փորձելու են տալ Սահմանադրության փոփոխությամբ զբաղվող մասնագետները։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամներն առաջին համատեղ նիստն են անցկացրել, որի ընթացքում Մայր օրենքի հերթական փոփոխությանը վերաբերող առաջին բովանդակային քննարկումն է ծավալվել։ Որոշվել են փոփոխությունների ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Հանձնաժողովում կոնսենսուս չկա՝ Հայաստանում պահպանել խորհրդարանական կառավարման համակա՞րգը, թե՞ անցում կատարել կիսանախագահականի կամ նախագահականի։ Բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը առանձնացրել են 10 ուղղություն, բայց աշխատանքը շարունակելու համար նախ պետք է կողմնորոշվեն  կառավարման մոդելի հարցում։

Բարեփոխումների խորհուրը ղեկավարող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեռ կառավարության կարծիքը չի ճշտել, անձամբ իր և նախարարության դիրքորոշումն է փոխանցում։

«Կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը, և այդ մոդելում շտկումների և բարեփոխումների իրականացմանը։ Խորհրդի 11 անդամներից 3-ը բացակա են, 3-ն այս պահին հրաժարվեցին դիրքորոշում հայտնել, թեկուզ թռուցիկ և մակերեսային, խորհրդի 4 անդամներ հստակ կողմ արտահայտվեցին խորհրդարանական մոդելին՝ իրենց մասնագիտական վերապահումներով, խորհրդի մեկ անդամ այս պահին նախագահական մոդելի կողմնակից է»։

Այս համամասնությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Սեղմ ժամկետներում այս հարցով առաջարկ կձևավորեն և կգնան հանրային քննարկման։ Դրանից հետո կարծիքները կարող են փոխվել։

Քաղաքական դաշտում նույնպես այս հարցով  կոնսենսուս առայժմ չկա։ Խորհրդի կազմում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գործող կառավարման համակարգի պահպանման կողմնակիցն է, բայց հստակ շտկումների անհրաժեշտություն է տեսնում։

«Այս մոտեցումը որոշակի հարվածներ է ստացել և քիչ էր մնում սասանվեր պաատերազմից հետո առաջացած ճգնաժամի ընթացքում, որովհետև այդ ժամանակ ունեցել ենք քննարկումներ, որ միգուցե  կիսանախագահական կամ նախագահական համակարգը ավելի ճիշտ էր։ Բայց խորհրդարանական  ընտրությունների գնալով և ճգնաժամը հաղթահարելով՝ հասկացանք, որ այս մոդելն ավելի լավն է։ Մյուս կողմից՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է պնդել հարցը, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք խորհրդարանական կառավարման մասին։ Այսօր այս կեղծ Սահմանադրությամբ սահմանված կառավարո՞ւմն է խորհրդարանական, երբ պառլամենտը ընտրում է վարչապետ և ձեռքերը լվանում գործադիր իշխանությունից, թե՞ երբ պառլամենտը ընտրում է վարչապետ, հաստատում է նախարարներին, հաստատում է դեսպաններին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ, այսինքն՝ դերակատարում ունի ամբողջ կառավարման համակարգում»։

Քաղաքական դաշտից այլ կարծիք է ներկայացնում բարեփոխումների խորհրդում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

«Մենք կողմ ենք նախագահական կառավարման համակարգին,  բայց կառավարման ձև հասկացությունը չընդունենք որպես դոգմատիկ կատեգորիա։ Որովհետև կարող է լինել խորհրդարանական կառավարման երկիր, բայց ունենա նախագահական կառավարման շատ ընդգծված նրբություններ։ Գույքագրում կատարենք, ուսումնասիրենք սահմանադրական անցած բոլոր խնդիրները։ Կառավարման համակարգին վերաբերող բազմաթիվ ճգնաժամեր են եղել, որոնք պետք է ներառենք մեր քննարկումներում։ Հենց այդ քննարկումների արդյունքում կունենանք լավ փաստաթուղթ»։

Այն, որ 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ունի լեգիտիմության խնդիր, ընդունում են բարեփոխումներով զբաղվող թե խորհրդի, թե հանձնաժողովի անդամները։ Բայց մասնագիտական հանձնաժողովի անդամներից իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Հակոբյանը հստակեցնում է՝ կառավարման համակարգի փոփոխություններ Սահմանադրության փոփոխությամբ սովորաբար չեն արվում։

«2015 թվականի սահմանադրական փոփոխությունը, որով կառավարման համակարգ փոխվեց, բացառիկ երևույթ էր, և մեր պետության, հասարակության կյանքում դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները եթե չասենք պատճառահետևանքային կապով, ապա առնվազն որոշակի կոռելյացիայով կապված էին սահմանադրական այդ փոփոխությունների հետ։ Բացի դրանից՝  գաղտնիք չէ, որ 2015-ի Սահմանադրությունը ունի նաև լեգիտիմության մեծ խնդիր։ Այսինքն՝ հասարակական ընկալման առումով այն կառավարման ձևը, որ հիմա ունենք, ունի որոշակի լեգիտիմության խնդիր և, այո, ես կարծում եմ, որ պետք է սկսել հենց կառավարման համակարգի քննարկումից։ Որոշենք այս հարցը, հանրային քննարկում իրականացնենք, լսենք շահագրգիռ կողմերին և բխեցնենք մասնագիտական հիմնավորված առաջարկություն կառավարման համակարգի վերաբերյալ»։

Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող խումբը առանձնացրել է աշխատանքի շուրջ 10 ուղղություն։ Մասնագիտական հանձնաժողովը հանձնարարական ստացավ մինչև հաջորդ հանդիպում մշակել և ներկայացնել կառավարման համակարգին առնչվող առաջարկները։ Դրանից հետո միայն  կանցնեն մյուս փոփոխություններին։

Նախնական ժամկետը, որ դիտարկվում է Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու համար, դեկտեմբերն է՝ ասում են մասնագետները, բայց նաև հավելում, որ իրականում ժամկետային որևէ սահմանափակում չունեն։

Back to top button