ԿարևորՀասարակություն

Նոր նախաձեռնություններ՝ հայ-սերբական մշակութային հարաբերություններում

Մայիսի 5-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Սերբիայից ժամանած պատվիրակության անդամներին՝ Սերբիայում հայ համայնքի ղեկավար Բիայնա Օբրադովիչ-Շահրիմանյանին, «Center for Strategic Analysis» ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչին,  Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, սերբական և հարավսլավական «Borba» մշակութային ամսագրերի տնօրեն Անդրիա Յորգիչին, ամսագրերի խմբագիր Իլյանա Ստոյանովիչին:

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքն աչքի է ընկնում ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ:  «Հայաստանում և Սերբիայում շախմատի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է առկա: Ուրախ եմ, որ հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում դիտարկում եք նոր շախմատային համագործակցության հնարավորությունները»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը և արդյունքները:

Անդրիա Յորգիչն ընդգծել թ, որ կարևորում է հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, որի ամրապնդման գործում դերակատարություն կարող են ունենալ նաև շախմատային համատեղ միջոցառումները, որտեղ ակնկալում են նաև գրասենյակի աջակցությունը: Հյուրերը նշել են նաև, որ «Borba» ամսագրում պարբերաբար անդրադառնում են Հայաստանի մշակութային ժառանգությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք է բերվել շարունակել համագործակցությունը և մշտական կապ պահպանել համատեղ նախաձեռնությունների իրականացման համար:

Back to top button