ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը հավաքների, ԶԼՄ-ների և սոց հարթակների մշտադիտարկում է իրականացրել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել հավաքների և զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական հարթակների մշտադիտարկում: 

Մշտադիտարկման այս պահի արդյունքները վկայում են, որ հավաքներին մասնակցում են նաև անչափահաս անձինք՝ իրացնելով ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրենց իրավունքները: 

Միաժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ համացանցում տարածվում են հանրային վայրերում իրականացված՝ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ առերևույթ նախադպրոցական տարիքի երեխաների գործողությունները, ճիշտ է կապված չլինելով որևէ հավաքի հետ, այդուհանդերձ կրկնօրինակում են հավաքների ու երթերի մասնակից մեծահասակների, անցորդների քաղաքական բնույթի կոչերը:

Նշվածի կապակցությամբ Պաշտպանը հատուկ իրազեկում է. 

• ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաների համաձայն՝ երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք: Միջազգային սկզբունքները և երեխայակենտրոն մոտեցումը պահանջում է մշտապես առաջնորդվել երեխայի լավագույն շահով: Թեև որևէ իրավական նորմով սահմանված չէ հավաքներին երեխաների մասնակցության տարիքային շեմ, այնուամենայնիվ, երեխայի զարգացող հնարավորությունների նկատմամբ հարգանքի հիմնարար սկզբունքը պահանջում է երեխային վերաբերող ցանկացած գնահատականի, գործողության պարագայում հաշվի առնել նրա սեփական իրավունքներն ինքնուրույն իրացնելու ունակությունները: Նշվածի կարևորությունը կայանում է նրանում, որ պետությունը և երեխաների իրավունքներով զբաղվող ցանկացած կառույց, անկախ պետական կամ մասնավոր լինելուց, պետք է երաշխավորի այնպիսի միջավայր, որը կապահովի երեխայի բնականոն զարգացումը՝ իր տարիքին և կարողություններին համապատասխան:Միայն այս կերպ է հնարավոր իրապես հարգել երեխայի անհատականությունը և ինքնուրույնությունը: 

• Այս կապակցությամբ դեռևս 2018թ. տարեկան հաղորդմամբ արձանագրվել է, որ երեխայի մասնակցության սկզբունքը հռչակում է վերջինիս ներուժը՝ որոշումների կայացմանը նպաստելու, իր հեռանկարները կիսելու և իբրև քաղաքացի ու փոփոխությունների դերակատար մասնակցելու առումներով: Միևնույն ժամանակ, ըստ միջազգային իրավական մոտեցումների՝ երեխայի մասնակցությունն իսկական չէ (non-genuine participation), եթե վերջինս հնարավորություն չունի հասկանալու իր արտահայտած կարծիքի ազդեցությունն ու հետևանքները, ինչպես նաև, երբ երեխայի մտահոգություններն ու առաջարկությունները քննության առարկա չեն դառնում: 

• Երեխաների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք պետք է լինի բոլորի համարր՝ անկախ անձի հասարակական կամ սոցիալական դիրքից: Այս առումով Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ խնդրահարույց է նաև այն, որ համացանցում լայնորեն տարածվում են երեխաների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, որոնց մեկնաբանություններում ակնհայտորեն ոտնահարվում է երեխաների արժանապատվությունը: Օրինակ՝ առկա են ատելության խոսքեր, որոնք անուղղակիորեն թիրախավորում են երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերջիններիս դարձնելով առավել խոցելի: 

Նշվածը խիստ վտանգավոր է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության, այնպես հանրային համերաշխության ձևավորման տեսանկյունից: Ուստի, Պաշտպանը հորդորում է բոլոր օգտատերերին զերծ մնալ երեխաների իրավունքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ոտնահարող տեսանյութերի, լուսանկարների տարածումից, ինչպես նաև մեկնաբանություններից:

Այս նպատակով Պաշտպանն առանձնահատուկ ընդգծում է լրագրողների դերը և գործունեությունը՝ համատեղ պայքարելու երեխայի լավագույն շահը ոտնահարող երևույթների դեմ: 

Մասնավորապես, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից, հեռացնել երեխաներին թիրախավորող մեկնաբանությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից վերահսկվող կայքերից: Հատուկ կարևորում ենք նյութերի վերնագրերի ընտրության հարցում էլ առավելի զգոնության և նրբանկատության ցուցաբերումը՝ առաջնորդվելով «Մի վնասիր» սկզբունքով և մասնագիտական էթիկայի ամենաբարձր պահանջներով: 

Աջակցելու նպատակով առաջարկում ենք օգտվել նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված և հրապարակված «Ինչպես լուսաբանել երեխաների իրավունքները» ուղեցույցից, որտեղ ներկայացված են Լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ երեխաներին առնչվող հարցերի վերաբերյալ հաղորդումների ուղենիշները և սկզբունքները:

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով

Հատուկ արձանագրում ենք, որ սույն հայտարարությունը նպատակ չունի որևէ կերպ սահմանափակելու երեխաների՝ հավաքներին մասնակցելու իրավունքը և լրագրողների գործունեությունը, այլ բացառապես միտված է պաշտպանելու երեխաների իրավունքներն ու ազատությունները:

Back to top button