ԿարևորՀասարակություն

Մարդկությունը՝ Մարսում, STARMUS-ը՝ Երևանում․ ովքե՞ր են մասնակցելու և ի՞նչ են քննարկելու

Տեխնոլոգիական նոր դարաշրջան ու մարդկության մտածելակերպի կտրուկ փոփոխություն․ սրանք մարդու՝ Մարսի վրա հայտնվելու ցանկության  հետևանքներն են լինելու։ Խնդիրները, որոնք լուծվելու են մարդկությանը Մարս հասցնելու համար, հիմնովին փոխելու են մարդկությանը։ Իսկ այն հարցում, որ մարդը հայտնվելու է Կարմիր մոլորակի վրա, STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը կասկած չունի։

«Կասկած չկա, որ 10-12 տարվա ընթացքում մարդկանց Մարս են հասցնելու, գուցե ավելի ուշ։ Մեր փառատոնին կխոսենք դրա և այլ խնդիրների մասին։ Կլիմայի դեմ պայքարի, նոր տեխնոլոգիաների, որոնք ստեղծվելու են միայն նրա համար, որ մարդը կարողանա Մարսի վրա քաղաքներ կառուցել։ Դա ազդելու է երկրագնդի կյանքի վրա։ Դրա օգնությամբ տեղական խնդիրները լուծվելու են։ Այսինքն, մարսեցիների մասին չի լինելու մեր փառատոնը, այլ նոր տեխնոլոգիաների, մարդկության առջև դրված շատ հետաքրքիր, շատ բարդ, նոր խնդիրների մասին»։

Թեև փառատոնը մարսաբնակների մասին չի լինելու , սակայն այն կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Այն նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը դեպի Կարմիր մոլորակ տեղափոխել է հայ ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։ Փառատոնը նպատակ ունի հաղթահարել հասարակության և գիտնական աշխարհի միջև եղած անջրպետը՝ ասում է Գարիկ Իսրայելյանը։

«Եթե հատուկ աշխատանք չկատարվի, որ այդ անջրպետը նվազի, եթե հասարակությունը չհասկանա՝ գիտությունն ինչի համար է, հարկեր չի վճարի ու գիտությունը կմահանա։ Մարդիկ անպայման պետք է հասկանան դրա կարևորությունը։ Չեմ ասում՝ հասկանան քվանտային մեխանիկան, բայց գոնե հիմնական գիտական բազան, այսինքն՝ ինչու է արվում, ինչպես է արվում, ինչ է գիտական մեթեդիկան, գոնե դա պետք է հասկանալ»։

Միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավելի աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Այսօրվանից փառատոնի կազմակերպիչները սկսում են հայտնել փառատոնի աշխարահռչակ հյուրերի անունները։ Հայաստանը հյուրընկալելու է  Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին։ Նրանք Հայաստան են այցելելու փառատոնին մասնակցելու նպատակով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Հայաստանում փառատոնի անցկացումը կարևորում է հատկապես նոր համագործակցությունների ձեռք բերման առումով։

«Ոլորտի գլխավոր դերակատարները մասնակցելու են միջոցառմանը և ամենակարևորն այն է, որ այդտեղ կարելի շփվել, կապեր ձևավորել։ 5 օրվա մեջ մենք հրաշքների սպասելիքներ չունենք, բայց շարունակական աշխատանք պետք է լինի, որը կարող է շատ մեծ արդյունքների բերել։ Ինչ վերաբերում է IT-ին, դա արդեն ամեն տեղ է, նաև տիեզերական տեխնոլոգիաների մեջ են IT լուծումներն օգտագործվում։ Սա հնարավորություն է ցույց տալու, թե Հայաստանն ինչ կարողություններ ունի այդ ոլորտում»։

Փառատոնը հանրության համար հասանելի է դարձնելու աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները, արվեստի գործիչների կատարումներն ու գիտության ապագա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսությունները։ Այն հարթակ կդառնա երիտասարդ գիտնականների կարողությունների զարգացման համար, կխրախուսի նրանց ներգրավվածությունը գիտական կյանքում և նախաձեռնողականությունը՝  կարծում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի նաև խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հզոր գիտական համայնք` համատեղելով տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող արդյունաբերությունը, ուսումնական կենտրոնները և գիտական հաստատությունները»։

STARMUS փառատոնի տեսլականն է երիտասարդ սերնդի համար ստեղծել նոր հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ՝ հանրայնացնելով գիտությունը։

Back to top button