ԿարևորՀասարակություն

Համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նաև ավագանու կազմից․ նոր փոփոխություն ՏԻՄ օրենքում

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվել են  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած փոփոխությունները, որոնք առաջարկվում են ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Փոփոխությունը վերաբերում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն։ 

Շուրջ մեկ ամիս առաջ նույն օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվել էր, որ այն համայնքներում, որտեղ տարբեր պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, վարչապետը կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։  Նոր փոփոխությամբ հստակեցվում է, որ ժամանակավոր պաշտոնակատարը կարող է նաև ավագանու անդամ լինել։ 

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորները։ Գործող կարգավորմամբ՝  եթե միավորված համայնքի ավագանու առաջին նիստը լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նոր փոփոխությամբ առաջարկվում է հստակեցնել՝ ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել նաև ավագանու կազմից։ Նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանն է  պարզաբանում։   

«Ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, որպեսզի համայնքի բնականոն կառավարումը շարունակվի, վարչապետը կարող է ժպ նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին։ Պարտադիր պահանջ է, որ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Նույն օրենքով մեծամասնական ընտրակարգի դեպքում սահմանափակում կա, ըստ որի՝ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքներ են, օրենքի դրույթները ենթադրյալ հակասությունը վերացնելու նպատակով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102.-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտանակատար կարող է նշանակվել նաեւ տվյալ համայնքի ավագանու անդամը: Սրանով մենք ՀՀ վարչապետին հնարավորություն ենք տալիս, որպեսզի իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինի»։

Պատգամավոր Գուրգեն Արսենյանն առաջարկեց փոփոխության մեջ ներառել ևս մեկ կետ, այն է, որ ժ/պ-ն ոչ միայն ՀՀ քաղաքացի պետք է լինի, այլև  ունենա բարձրագույն կրթություն և լինի ողջամիտ։ Նախագծի հեղինակի դիտարկմամբ՝ նման սահմանման անհրաժեշտություն չկա։ Տվյալ անձը ոչ թե 5 տարով է ընտրվելու, այլ՝ առավելագույնը 3 ամսով։ Բացի դրանից՝ քաղաքական պատասխանատվության հարց կա՝ ասում իշխող խմբակցության պատգամավորը և բացառում, որ  ԺՊ-ին նշանակող անձը նման անպատասխանատվություն դրսևորի։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հիշեցնում է Թալին համայնքում ստեղծված իրավիճակը։ Խոշորացված համայնքը ղեկավար ունի, բայց ավագանու անդամները աշխատանքի չեն գալիս։

«Ոչ ասֆալտապատում է տեղի ունենում, ոչ կանաչապատում, ոչ աղբահանություն։ Պատճառն այն է, որ ավագանին աշխատանքի չի գալիս։ Սրա հետ կապված ի՞նչ հնարավոր լուծումներ եք տեսնում, որովհետև համայնքի բնակիչները խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծել, բայց  համայնքի ղեկավարը չի կարող անել, քանի որ ավագանին չի աշխատում»։

Գևորգ Պապոյանը նկատի ունի Թալինում ավագանու ընդդիմադիր անդամներին, որոնք մեծամասնություն են կազմում։ Արձագանքելով ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նախ ավագանու անդամներին կոչ արեց հավատարիմ մնալ իրենց մանդատներին, ապա քաղաքացիներին հորդորեց պահանջատեր լինել իրենց տված քվեի նկատմամբ և պարտադրել ավագանու անդամներին կատարել օրենքով իրենց վերապահված լիազորություններն ու պարտավորությունները։

Նախագիծն ընդունվեց երկու ընթերցմամբ, միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ։  Շուրջ մեկ ամիս առաջ այս փոփոխության առաջին քայլն էր կատարվել՝ դարձյալ արտահերթ նիստով։ Նախորդ փոփոխությամբ որոշվել էր, որ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը վարչապետը պետք է նշանակի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ դեպքում էլ առիթը Վանաձոր համայնքն էր, որն անցած դեկտեմբերից ղեկավար չունի։

Back to top button