ԿարևորՀասարակություն

Ծխախոտի վնասակարությունն ու առողջ սնուցման քաղաքականությունը` հասարակական խորհրդի օրակարգում

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին` փոխնախարարն ընդգծել է, որ օրակարգում ներառված թեմաները` ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցումն ու կանխարգելումը, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությունը, շատ կարևոր են հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը:

ԱՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրել է   «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի կիրարկումը, հասարակության վերահսկումը, անդրադարձել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման, սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքին, ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրմանը:

Ներկաները քննարկել են վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրությունը և երիտասարդների վրա գովազդի բացասական ազդեցությունը: Բանախոսները շեշտել են, որ օրենքի դրույթները կյանքի կոչելը խիստ կարևոր և արդիական է, քանի որ, ըստ հետազոտությունների, ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։

Այնուհետև խորհրդի անդամներն անդրադարձել են առողջ սնուցմանն ուղղված նախաձեռնություններին, այդ համատեքստում` աղի չարաշահմանը և դրա վնասակարությանը` որպես մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն:

Նշվել է, որ աղի քանակի նվազեցումը կարևոր է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար, իսկ դրան հասնել հնարավոր է՝ կանխարգելիչ և իրազեկման աշխատանքներ շնորհիվ:

«Առողջապահության նախարարության քաղաքականությունը միտված է առողջ ապրելակերպի քարոզմանը, խթանմանը: Այդ ուղղությամբ իրականացված ծրագրերն ու մի շարք միջոցառումները ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու, բնակչության վարքաբանական ընկալումները փոխելու համար են»,- նշել է Լենա Նանուշյանը:

ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը ներկայացրել է առողջ սնուցմանն ուղղված նախարարության քաղաքականությունը, անդրադարձել իրականացվող միջոցառումներին, որոնց թվում` սննդային ուղեցույցների մշակում, իրազեկման աշխատանքներ, մոնիտորիգային վերլուծություններ, վիճակագրական տվյալներ և ուսումնասիրություններ, որոնք գերատեսչության առաջնահերթություններից են:

Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել մի շարք հարցեր, հանդես եկել լուծման առաջարկներով:

Ամփոփելով նիստը՝ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Back to top button