ԿարևորՄշակույթ

Ծաղր, բռնություն կամ բուլլինգ դպրոցում. «Չուչել»-ի պրեմիերան` Դրամատիկական թատրոնում

Երևանի Դրամատիկական թատրոնի և շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցությամբ բեմ է բարձրացել Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա բեմադրված «Չուչել» ներկայացումը։ Այս բեմադրությամբ ստեղծագործական կազմը  ցանկանում է մշակույթի լեզվով խոսել դեռահասների շրջանում հաճախ հանդիպող և շատերին դեռ անծանոթ «բուլլինգ» երևույթի ու դրա հետևանքների մասին։

«Չուչելը» ներկայացում է այն մասին, թե որքան դաժան ու անսիրտ կարող են լինել երեխաներն ու անգամ առանց շատ բան գիտակցելու` ցավ պատճառել իրենց հասակակիցներին:           

Ծաղր ու բռնություն դասարան եկած նորեկի նկատմամբ։ Դրամատիկական թատրոնում  պրեմիերա է, որը մշակույթի լեզվով պատմում է հասարակությանը  ծանոթ կամ  անծանոթ «բուլլինգ» երևույթի մասին։ «Չուչել» ներկայացումը բեմադրվել է Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա։ Ներկայացման համահեղինակն է Իրինա Ալեվերտը, բեմականացման հեղինակները՝ Գրիգոր Խաչատրյանը և  Էմմա Մանուկյանը։ Համագործակցելով «Գլոբալ թու լոքալ» շվեդական կազմակերպության հետ՝ նրանք  փորձել են գրել ժամանակակից դպրոցականների, նրանց  անհանդուրժողականության մասին, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

«Մենք փորձել ենք լինել անկեղծ, ստեղծել մի ներկայացում, որը հնարավորություն կտա խոսել, մտորել այսօրվա աշխարհի մասին։ Ես և Էմմա Մանուկյանը պիեսը զրոյից ստեղծեցինք՝ գրական հիմք ունենալով, սակայն այն ավելի արդիական ու ժամանակակից դարձնելով»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։

Խաչատրյանն ու իր թիմը երկար են փնտրել գրական նյութը։ Ժելեզնիկովին վեպը միանգամից է գրավել:  Ու չնայած խորհրդային տարիներին գրված գործը այսօր էլ արդիական է, բայց արտահայտչամիջոցները փոխելու կարիք է եղել։

Պիեսի գլխավոր հերոսուհին՝ Լիկան,  ռոմանտիկ  է, համարձակ է, չկոտրվող, բայց անընկալելի է համադասարանցիների համար։ Նա  դառնում է համադասարանցիների ծաղրի առարկան ու  ամեն անգամ ենթարկվում է  բուլլինգի։ Այս ներկայացմամբ փորձել են լինել ճշմարիտ, անկեղծ, հասկանալ՝ ինչ խնդիրներ ունի մեր օրերի երեխան, ինչ է մտածում և այլն։

Դերասանուհի Մարիամ Ադամյանը ներկայացման մեջ մարմնավորում է դասղեկի՝ ընկեր Մարգարիտայի կերպարը։ Հերոսուհին պետք է ամուսնանա և իր անձնական խնդիրներով այնքան է տարված, որ չի նկատում, թե ինչ է կատարվում իր դասարանում, ինչպես են երեխաները վիրավորում իրար։ Այս ամենի հիմքում, իհարկե, կանխամտածված ոչինչ չկա, սակայն երբեմն մարդու անձնական խնդիրները թույլ չեն տալիս տեսնել դիմացինի ցավը։

Բեմադրության գաղափարի համահեղինակ, «Գլոբալ թու լոքալ»-ի հիմնադիր և ղեկավար Իրինա Ալեվերտն ասում է, որ այս ներկայացմամբ հրավիրում են  մեծահասակների ուշադրությունը ու հուշում իրավիճակից դուրս գալու ելքերը։  

«Չուչելը» ներկայացում է մեծահասակների համար, որովհետև փոփոխությունների ճանապարհին չենք կարող պահանջել, որ երեխաները փոխվեն։  Մեծահասակներն իրենց փորձով, գիտելիքներով պետք է օգնեն երեխաներին առողջ հարաբերություններ կառուցել»:

Ստեղծագործական կազմը նախ որոշել է «Չուչելը» բեմադրել դեռահասների համար, սակայն գրական նյութն ուսումնասիրելուց, պիեսը գրելուց հետո, որոշել են դուրս գալ դպրոցական շրջանակից:

Թատերասերներն այն դիտելու հնարավորություն կունենան մայիսի 6-ին և 28-ին:

Back to top button