ԿարևորՀասարակություն

Եկամտային հարկի վերադարձից օգտվողների թիվը 7 տարում ավելացել է 40, գումարը՝ 50 անգամ

2022 թվականի հունվարի 1-ից պետական եկամուտների կոմիտեն գործարկել է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով  եկամտային հարկի գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակը։

Ըստ էության՝ արդեն երկու եռամսյակ շահառուները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, գումարներն էլ ստանում՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմելու  կարգի հեշտացմանը զուգահեռ՝  գործադիրը սահմանափակում է եկամտային հարկի վերադարձի շրջանակները։

506 շահառու  2015 թվականին, 21 707 շահառու՝ 2022-ի առաջին չորս ամսում․ վեց տարում ավելի քան 40 անգամ ավելացել է եկամտային հարկի վերադարձից օգտվող շահառուների թիվը։ Այս աճին զուգահեռ շուրջ 50 անգամ ավելացել են  բյուջեից վերադարձվող գումարները․ եթե 2015թվականին վերադարձվել էր  ավելի քան  273 մլն դրամ, ապա այս տարվա առաջին 4 ամիսներին՝  շուրջ 15 մլրդ դրամ։ 

Տվյալները ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանն է ներկայացնում։

«2019 թվականին ունեցել ենք  7152 շահառու։ Նրանց վերադարձվել է 8 մլրդ դրամ։  2020 թվականին շահառուների թիվը կազմել է 12 322,   վերադարձված գումարը 133 մլրդ դրամ է։  2021-ին 20 920  շահառուի վերադարձվել է 22,7 մլրդ դրամ, իսկ  2022-ի  չորս ամսում ՝ հունվար-ապրիլին, 15 մլրդ է վերադարձվել  21707 շահառուի»։

Հունվարի 1-ից պետական եկամուտների կոմիտեում գործարկվել է հիփոթեքային վարկի տոկոսների չափով  եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակը։ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում գրանցվելուց հետո շահառուն գումարը ստանում է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանն ընդգծում է․

«Շահառուները և ժամանակն են  տնտեսում, և ստիպված չեն լինում բանկեր ներկայանալ և միջինում 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարները հետ ստանալ։ Կարողանում են մուտք գործել էլեկտրոնային հարթակ և ներկայացնել էլեկտրոնային դիմումներ։ էլեկտրոնային հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը ներկայացնել էլեկտրոնային փոստի հասցե՝ ՊԵԿ-ին, որից հետո ՊԵԿ-ը տվյալ շահառուին հղում է  ներկայացնում։ Անցնելով հղմամբ, լրացնելով իգտվողի անուն,ազգանուն, գաղտնաբառը՝ շահառուն կարողանում է մուտք գործել էլեկտրոնային հարթակ ու ներկայացնել դիմումներ»։

Տարեցտարի ավելացող գումարները ծանր բեռ են դառնում բյուջեի համար։ Հենց այդ հիմնավորմամբ էլ գործադիրը որոշեց սահմանափակումներ անել ծրագրի մեջ։

Հուլիսի 1-ից Երևանի առաջին գոտում՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում,  բնակարաններ ձեռք բերելիս քաղաքացին եկամտային հարկի  հետ վերադարձից օգտվելու հնարավորություն չի ունենա։ Մյուս սահմանափակումները ուժի մեջ կմտնեն աստիճանաբար՝ մինչև 2025 թվականը, դրանից հետո այս մեխանիզմը կգործի միայն մարզերում։

Սահմանափակումները ներկա շահառուներին չեն վերաբերում․ նրանք կշարունակեն հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել հիփոթեքի մարմանը։  Սա այս ծրագրի առաջին սահմանափակումը չէ։ 2018 թվականի հունվարի մեկից էլ  կիրառվում է ձեռք բերվող բնակարանի գնային շեմը․ տան արժեքը պետք է չգերազանցի 55 մլն դրամը, իսկ հիփոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարն էլ պետք է չգերազանցի  1.5 մլն դրամը, այսինքն՝ ամսական թույլատրելի  առավելագույնը 500 հազար դրամն է։

Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։  

Ծրագրի շրջանակները մայրաքաղաքում սահմանափակելու որոշումը, տնտեսագետ Մերի Բոյաջյանի կարծիքով, կաշխուժացնի  բնակարանաշինությունը մարզերում․ գուցե ավելանա պահանջարկը ու հանգեցնի անշարժ գույքի գների բարձրանան։

Հակառակ միտումներն էլ սպասվում են մայրաքաղաքին։

«Քանի որ անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկը հիմնականում Երևանում է, ուստի անշարժ գույքի գների որոշակի անկում կարձանագրվի՝  պայմանավորված եկամտային հարկի հետ վերադարձի սահմանափակումներով»։

Այս պահին անշարժ գույքի շուկան ակտիվ է։ Սա տնտեսագետը հենց Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում եկամտային հարկի հետ վերադարձի սահմանափակումներով է պայմանավորում։

«Վերջինս խթանիչ գործոն է հանդիսանում, որպեսզի գործող օրենքի շրջանակներում ձեռք բերեն բնակարաններ։ Եթե դիտարկում ենք հանրապետությունում առքուվաճառքի գործարքների տոկոսային բաշխվածությունը՝ ըստ գույքի տեսակի, նկատում ենք, որ բնակարանների տեսակարար կշիռը ամբողջում կազմել է  ավելի քան 33 տոկոս»։

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է առքուվաճառքի 13 հազար գործարք՝ նախորդ եռամսյակի համեմատ՝ 25 տոկոսով պակաս, իսկ նախորդ տարվա  առաջին եռամսյակի  համեմատ՝ 9,5 տոկսով ավելի․ Անշարժ գույքի պահանջարկի ավելացումը ազդել է գների վրա։ 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնարականները թանկացել են  12․4 տոկոսով, մարզերի քաղաքներում ՝ 15․5 տոկոսով։

Back to top button