Մոռացված ֆիլմերի ստվերները

Ապրելու «Ապրիլ»․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայոց ցեղասպանությունից յոթ տասնամյակ անց էկրան բարձրացավ Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմը։ Սասունցի պապի անունը կրող կինոռեժիսորն այդ արյունալի իրադարձություններից տարիներ անց կատարեց իր հոգու պարտքը՝ նկարահանեց ֆիլմ, որի հերոսները հստակ պատգամ ունեին եկող սերունդների համար։

Նրա ֆիլմերի շնորհիվ աշխարհը ճանաչեց, սիրեց և գնահատեց հայ նորօրյա կինոն. «Ձայն բարբառո», «Տեր ողորմեա», «Քրմուհի» և այլ կինոնկարներ ցուցադրվել և հաջողություններ են գրանցել աշխարհի շատ երկրներում, տարբեր փառատոններում նրան բերել պատվավոր մրցանակներ։

Ավելի քան երկու տասնյակ ֆիլմերի հեղինակ Վիգեն Չալդրանյանն իր դեբյուտը կինոյում սկսեց անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին։ Հաջորդ՝ «Ապրիլ» ֆիլմն էկրան բարձրացավ 1985 թվականին: Ըստ կինոգետ Սիրանույշ Գալստյանի՝ այս ֆիլմում նա որսացել էր ազգային հիշողության ու պահանջատիրության երակը, որն ապրում էր ավագ սերնդի մեջ ու լեգենդի պես փոխանցվում երիտասարդներին, լեգենդ, որն ամենամոտ ապագայում դրսևորվելու էր իբրև իրականություն։

«Երբ որ սկսում ես դիտել ֆիլմը, հասկանում ես, որ այն կարծես մի ամբողջական պարտիտուր լինի, որից ոչ մի նոտա ու ոչ մի տակտ չես կարող հանել»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

«Ապրիլ» ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին։

Կինոնկարի գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում։ Նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին՝ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ գեղագիտական և բովանդակային իմաստով այս ֆիլմը լուրջ ներդրում է հայկական կինոժառանգության մեջ.

«Նույնիսկ այսօր՝ այսքան տարիներ անց, կինոնկարն իր ուղերձներով և ասելիքով բացարձակապես չի հնացել: Ընդհանրապես կինոյում նորարարությունները շատ արագ հնանում են, բայց այս ֆիլմին դա չի վերաբերվում»։

Թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մուտքը կինոյի աշխարհ նշանավորվեց Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմով։ Հիշելով տարիներ առաջ կատարված աշխատանքը՝ նա պատմում է, որ նկարահանումներն իրականացվում էին Արամուս գյուղում՝ ջերմ մթնոլորտում։ Վիգեն Չալդրանյանը, չծանրացնելով նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, պարզապես ասում էր, թե ինչ է ցանկանում ստանալ, և դերասանները ստեղծագործաբար մոտենալով առաջադրանքին, այդ ամենը վարպետորեն իրականացնում էին:

«Ֆիլմն ինձ համար շատ թանկ է նաև այն առումով, որ ես նկարահանման ժամանակ շփվեցի հրաշալի մարդկանց հետ: Նկարահանման ժամանակ պատահում էր, որ դերասանները երբեմն պաթետիզմով էին արտաբերում նախադասությունները, իսկ Վիգենը դա չէր սիրում: Եվ շատ մեղմ կարողանում էր համոզել նրանց, որ շատ թեթև և աննշան արտաբերումով խոսեն միմյանց հետ»,-պատմում է Հասմիկ Տեր-Կարապետյանը։

«Աշնան արևը» ֆիլմից կինոդիտողներին ծանոթ Աղունի դերակատար Անահիտ Ղուկասյանը, «Ապրիլ» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արա Խանջյանից առաջարկ ստացավ մարմնավորել գլխավոր հերոսուհու՝ Արփիկի կերպարը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս ֆիլմում իր խաղընկերոջ՝ Կարեն Ջանիբեկյանի հետ նրանք հանդես եկան գյուղում ապրող ամուսինների կերպարներում։ Անահիտ Ղուկասյանը նշում է մի դժվարության մասին, որ հեշտ ու սովորական կարող էր համարվել հայ կնոջ համար։

«Նկարահանման ընթացքում միակ դժվարությունը կապված էր բուրդ չփխելու տեսարանի նկարահանման հետ: Եվ այդտեղ ես առաջին անգամ ծանոթացա այդ «լուրջ» գործի հետ և հասկացա, որ դա իմ խելքի բանը չէ»,-չզսպելով ծիծաղը պատմում է Անահիտ Ղուկասյանը:

«Ապրիլ» ֆիլմում մշեցի Վահրամի դերում հանդես եկավ գրականագետ Լևոն Ներսիսյանը։ Երկար տարիներ Երևանի պետական համալսարանում դասավանդած Լևոն Ներսիսյանի դասախոսություններին մշտապես մասնակցում էին այլ բուհերի տարբեր մասնագիտությունների ուսանողների մի քանի սերունդներ։ Նրան հիացած լսում էին ընկերներն ու գործընկերները։ Ցավոք, նրա հրաշալի դասախոսություններից չի պահպանվել ոչ մի գրավոր ժառանգություն, բայց փոխարենը ժապավենի վրա պահպանվել են կինոյում մարմնավորած նրա դերերը, որոնցից ամենաազդեցիկը, թերևս «Ապրիլ» ֆիլմի մշեցի Վահրամի կերպարն է։

«Չնայած որ Լևոն Նեսիսյանը փայլուն դերասանական տվյալներ ուներ, բայց նա ոչ մի կերպ չէր համաձայնում նկարահանվել, որովհետև չէր ուզում ստվերել հոր՝ Հրաչյա Ներսիսյանի անունը: Բայց Վիգենին հաջողվեց նրան համոզել»,-ասում է Հասմիկ Տեր-Կարապետյանը։

Վիգեն Չալդրանյանի 30 րոպե տևողությամբ կարճամետրաժ «Ապրիլ» ֆիլմը ծանրակշիռ խոսք է և պատգամ երիտասարդությանը, որ երբեք չմոռացվի այն արհավիրքը, որի միջով անցել են մեր նախնիները:

Ֆիլմը նաև շեշտում է, որ չնայած մեզ բաժին հասած արհավիրքին, մենք պայքարել ենք, չենք կորցրել մեր արժանապատվությունն ու կարողացել ենք վերապրել։

Ցուցադրել ավելի
Back to top button