ԿարևորՀասարակություն

10 նոր կյանք՝ պատերազմում հերոսացած զինվորների ընտանիքներում

44-օրյա պատերազմում որդի կորցրած ծնողները վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ 10 երեխա են ունեցել՝ տվյալներն ամփոփել է առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունից «Ռադիոլուրին» հայտնել են, որ այս տարվանից պետպատվերով տրամադրվող  բուժօգնության մեջ  ընդգրկվել են նաև փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի միջոցով երեխա ունենալու ծառայությունները։  

Վարդուհի Գևորգյանը 44-օրյա պատերազմում է կորցրել միակ որդուն՝ Արմենին։  Նորից մայրանալու մասին երկար  է մտածել։ 

Երիտասարդ ամուսիններով թեև դժվար են հանգել նորից ծնող դառնալու գաղափարին, բայց այլ ելք չեն տեսել։ Կյանքը շարունակելու միակ բանաձևը նորից փոքրիկի ճիչ լսելն էր՝ ասում է.

«Որոշեցինք, որովհետև տունը շատ է սառել։ Մի տեսակ ուզեցինք մեր մեջ կյանք մտցնել, ուրիշ կերպ ապրել չէր լինում»։

Որոշեցին, սակայն առողջական խնդիրները 39-ամյա կնոջն անմիջապես հղիանալ թույլ չտվեցին։ Որոշեցին դիմել «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ իմացան, որ 44-օրյա պատերազմում որդի կորցրած մայրերի համար հատուկ ծրագիր  է գործում։ Նախարարությունը նրանց  ընդգրկել  է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրում։

«Մի տարվա բուժումներն ապարդյուն էին։ Որոշեցի դիմել էկո տարբերակով երեխա ունենալ։ քանի որ տարիներն անցնում են, իսկ մենք մեծանում ենք, հետո կարող են ավելի խնդիրներ առաջանալ։ Դիմեցի «Աստղիկ» ու հիմա արդյունքն արդեն կա»։

Զույգը դիմել է այս եղանակով երեխա ունենալու ծրագրին՝ առանց իմանալու, որ բոլոր ծախսերը հոգում է պետությունը։  Սեպտեմբերից բազմաթիվ հետազոտություններ են անցել, անալիզներ հանձնել ու նույնիսկ վիրահատական միջամտության ենթարկվել՝ պատմում է Վարդուհին։

«Սեպտեմբերից դիմել եմ։  Առաջին էկոն չստացվեց։ Երկրորդը ստացվեց։ Ամբողջ հետազոտությունները, անալիզներն ու վիրահատական միջամտություններն անվճար են եղել։ Մենք որևէ գումար չենք վճարել»։

2021 թվականի փետրվարից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով երեխա ունենալու  առողջապահության նախարարության ծրագրի շահառուների ցանկն ընդլայնվել է։ Ծրագրում  ընդգրկվել են նաև 44-օրյա պատերազմում որդի կորցրած ընտանիքները։ Այս խմբի  համար հանվել են նաև սահմանափակումները։ Եթե այլ խմբերի համար սահմանված էր մինչև 36 տարեկան լինելու ու անզավակության պայմանը, ապա այս շահառուների դեպքում այս սահմանափակումները հանվեցին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում  է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

Շահառուների հստակ թիվը նախարարությունը դեռ չի ամփոփել, սակայն ծնունդների թիվը հայտնի է։ Ծրագրի մեկնարկից մինչև այսօր պատերազմում որդի կորցրած   մայրերը 10 երեխա են ունեցել։ Նունե Փաշայանի խոսքով՝  պետպատվերով գործող ծառայությունները շատ են՝ անպտղության պատճառագիտության ախտորոշումից մինչև բուժում։

«Մինչև արհեստական սերմնավորումը կամ արտամարմնային բեղմնավորման իրականացումը բոլոր  հետազոտությունները ներառվում են։ Արհեստական սերմնավորման առավելագույնը 6 փորձ և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձ։ Եթե տվյալ փորձի ժամանակ ստացվել են հավելյալ սաղմեր, երկրորդ և երրորդ սաղմի տեղադրումը ևս անվճար է կատարվում»։

50 տոկոս զեղչով է կատարվում  նաև  արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձը։ Մինչև 2022 թվականը  վճարովի ծառայություն էր դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր միջոցով երեխա ունենալը։  Սակայն այս տարի կառավարությունն ընդունեց որոշում՝ ըստ որի՝ պետությունը կփոխհատուցի նաև այս ծառայություններից օգտվող ծնողներին՝ ասում է Նունե Փաշայանը։

«Պարզապես հիմա փոքր-ինչ ընթացակարգային փոփոխություններ են նախատեսվում, որից հետո այս ամենը կփոխհատուցվի։ Նույնիսկ այն պարագայում, երբ զոհվածի ծնողն արդեն իսկ կատարել է վճարում։ Այսինքն՝ նախատեսվում է հետվճարման մեխանիզմ»։

Ծրագիրը շարունակական է։ Այն իրականացվում է Երևանի 5 բուժկենտրոններում՝ «Շենգավիթ», Մոր և մանկան առողջության պահպանման,  «Ֆըրթիլիթի», «Աստղիկ» կենտրոններում և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում։

Ցուցադրել ավելի
Back to top button