Գերդաստաններ

Նույն գերդաստանի երեք հանրահայտ զավակները` Ալեքսանդր Շիրվանզադե, Կոստան Զարյան և Հովհաննես Աբելյան․ «Գերդաստաններ»

Ծաղկազարդ բնությամբ, այգեգործությամբ ու հիանալի արհեստներով հայտնի Շամախիում ապրում էր մի հրաշալի դերձակ՝ բարձրահասակ, խստադեմ, կապուտաչյա Մինաս Մովսիսյանը, որը հիշեցնում էր «Նամուս» ֆիլմի Բարխուդարին։ Զորեղ կամքի տեր, անողոք ու խիստ այդ մարդը մաքուր էր իր վարքի ու աշխատանքի մեջ և խիստ արդարամիտ էր, որի շնորհիվ էլ վայելում էր համաքաղաքացիների հարգանքը։

Սկզբում նա դերձակ էր, սակայն շուտով մի կողմ դրեց ասեղն ու զբաղվեց տորոնի առևտրով։ Նա շատերի հետ սկսեց տորոն մատակարարել ռուսական, ֆրանսիական և անգլիական մանուֆակտուրաներին և միշտ բացակայում էր տնից, իսկ մանուկ Ալեքսանդրը (ապագա մեծանուն գրող Շիրվանզադեն), քույրերը՝ Խանումն ու Աննմանը, մնում էին տատի և մոր խնամքին, չնայած նաև գոհ էին, որ հեռու էին խիստ ու անողոք հոր հսկողությունից։

Շիրվանզադեի հորեղբայրը խաղամոլ, դաժան, կռվարար տղամարդ էր, որի պատճառով ընտանիքում միշտ վեճեր էին լինում։ Այս մասին գրողը պատմում է իր հուշերում։ Տատը շատ խստադեմ, վիթխարի ուժի տեր կին էր և իր սիրած թոռնիկի երևակայությունը վառում էր պատմություններով։ «Ես նրան պաշտում էի»,- գրում է Շիրվանզադեն նրա մասին։

Ալեքսանդր Շիրվանզադե

Մայրը՝ Օվսաննան, միջահասակ, քնքուշ կազմվածքով, գեղեցիկ դեմքով կին էր, որին քաղաքում անվանում էին սիրուն Սոնա։ 1885 թվականն էր, երբ Շիրվանզադեն ծանոթացավ գնդապետ Զաքարիա Լոռիս Մելիքյանի դստեր՝ Նինայի հետ։ Նա հայտնի մեծահարուստ Արտազյանի կինն էր եղել և բաժանվել էր նրանից՝ վերջինիս կասկածելի վարքի պատճառով։

Շուտով Շամախի ծաղկածիծաղ բնությունից Ալեքսանդրը տեղափոխվում է տափակ կտուրներով հայտնի, հանքերի թանձր ծխով պատված, նավթային բուրգերի սև անտառով պարուրված Բաքու, սակայն այս մռայլ տրամադրությունը փարատվեց, երբ հյուրընկալվեց Մարիամ մորաքրոջ տանը։

Մորաքրոջ որդիները՝ Ներսեսը, Հովհաննեսը և Ալեքսանդրը կարոտով հարցուփորձ էին անում Շամախուց, իսկ ապագա գրողը պատմում էր Շամախու տխուր ու ուրախ կյանքից։ Ամբողջ կյանքում մորաքույրը նեցուկ է եղել Ալեքսանդրին, նրան պահել իր հինգ զավակների պես։

Մորաքրոջ որդին՝ Հովհաննես Աբելյանը, խելացի էր և’ կյանքում, և’ բեմում, նա խաղում էր անկեղծությամբ, արյուն էր ներարկում իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարին։ Նրա Լիրը զորեղ էր, նրա Օթելլոն մեծ սիրտ ուներ, անգնահատելի հմտությամբ էր խաղում Էլիզբարովի դերը և շատ այլ դերեր։ «Նամուս» և «Չար ոգի» վեպերն Աբելյանի խորհրդով է Շիրվանզադեն պիեսների վերածել։

Հովհաննես Աբելյան

«Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»,- գրում է Մարտիրոս Սարյանը։ «Ի՞նչ է արել Աբելյանը մեր հայ թատրոնի համար. նա եղել է թատրոնի ժողովրդականացման ռահվիրաններից առաջինը»,- գրում է հայտնի թատերագետ Գրիգոր Ավետյանը։

Շիրվանզադեի մոր մորաքրոջ՝ Սոնա Գարամյանի որդին, հայտնի գրող Կոստան Զարյանն էր՝ սփյուռքահայ գրականության առաջնային դեմքերից մեկը, որի հայրը՝ Խաչատուր Եղիազարյանը, Ղարաբաղի այն հայերից էր, որը կամավոր զինվորագրվել էր ռուսական բանակին և խիզախության համար արժանացել Ռուսական կայսրության զինվորական բարձրագույն պարգևին` Գեորգևյան շքանշանի։

Կոստյան Զարյան

1890 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու, հետո եղբայրը Կուստան Զարյանին տանում է սովորելու Փարիզ՝ Սեն Ժերմեն քոլեջ։ Դրանից հետո մեկնում է եվրոպական տարբեր քաղաքներ՝ ուսումը շարունակելու, 1910 թվականին տեղափոխվում է Վենետիկ և այստեղ էլ Զարյանն սկսում է սովորել հայերեն Մխիթարյան միաբանների մոտ։ Զարյանն այն գրողներից էր, որ կարող էր փառք ու հռչակ որոնել օտար հորիզոններում, սակայն նա գերադասեց հայրենիքը։


Նա 1913 թվականին մեկնում է Պոլիս և այստեղ հրատարակում նշանավոր «Մեհյան» հանդեսը։ 1915 թվականին, պատահականորեն փրկվելով հայկական ջարդերից, անցնում է Հռոմ, որպես իտալական թերթերի հատուկ թղթակից գործուղվում Մերձավոր Արևելք, հետո՝ Վրաստան, ապա Հայաստան, ականատես դառնում հայ իրականության ծանր մղձավանջին` գրում է «Նավը լեռան վրա» հայտնի վեպը, ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արծրուն Ավագյանը։ Ուզում եմ հաղորդումն ավարտել Կոստան Զարյանի՝ դեռ 1925 թվականին գրված «Սրտի ճանապարհով» բանաստեղծությունների շարքից մի քանի տողով և շարունակենք ապրել այդ հպարտության ու հավատի շնչով։

Հայոց երկիրը ոտքի է կանգնել

Ինչպես մի հսկա՝ վիթխարի, ջահել,

Եվ իր լեռների մենությամբ պայծառ 

Նայում է վստահ աշխարհին արար։

Նոր հայ է եկել։

Back to top button