Երաժշտական եռանկյունի

«Օբերտոն» երաժշտական ընկերություն․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական երաժշտության ազատ դաշտը հարուստ չէ ինքնակազմակերպվող միավորներով, չկան հղկված օրենսդրական և կազմակերպչական հիմքեր, որպեսզի այդ ինքնակազմակերպումը հեռանկարներ ունենա առաջին հերթին նյութական ռիսկերի պատճառով, բայց մենք նաև ունենք եզակի օրինակներ, երբ այդ ինքնակազմակերպումը տեղի է ունենում, և մեր զրույցը «Օբերտոն» երաժշտական ընկերության համահիմնադիրներ Միքայել և Լուսինե Ոսկանյանների հետ ներառում է ինչպես կազմակերպչական, իրավաբանական, այդպես էլ հայկական ժամանակակից երաժշտության միջազգայնացման հետ կապված խնդիրների լայն քննարկում:

«Մենք երկար մտածելուց հետո որոշեցինք ստեղծել իրավաբանորեն ձևակերպված կազմակերպություն, որովհետև մեր անձնական փորձառությունը և գիտելիքները ցանկացանք կիրառել ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր գործընկերների»,- ասում է «Օբերտոնի» համահիմնադիր Լուսինե Ոսկանյանը, որը զբաղվում է ընկերության արտիստիկ մենեջմենտով:

«Իմ հիմնականան գործառույթը համակարգումն է, կապերը, արտադրությունը և հանրառչակումը: Բացի Միքայել Ոսկանյանի համերգային նախագծերից և սկավառակների արտադրությունից, մենք նույնիսկ կովիդյան իրականության ժամանակահատվածում կարողացանք հրատարակել Դեյվ Գեոդակյանի ձայնասկավառակը, որն այսօր ներկայացված է համացանցային բոլոր հարթակներում»:

Սա «Օբերտոնի» գործառույթներից մեկն է, երկրորդը համերգների կազմակերպումն է և հայաստանյան ու միջազգային փառատոների մասնակցության ապահովումը, այսինքն բուն համերգային ընթացքը, որը կապված է ոչ միայն կազմակերպչական, այլև տեխնիկական, տրանսֆերի և այլ խնդիրների լուծման հետ: Սա նշանակում է մշտական կապ այն կառույցների հետ, որոնք ապահովում են հնչյունային, լուսային, բեմի ձևավորման և միջոցառումների փիառի հստակ աշխատանքը»,- ասում է թառահար, երգիչ և ստեղծագործող Միքայել Ոսկանյանը:

Ընտանեկան տանդեմի նախաձեռնությունը, անշուշտ, ողջունելի և օրինակելի է այն առումով, որ փաստում է հետևողական, արհեստավարժ և կոմպետենտ մոտեցումների հաջողությունը այնպիսի յուրահատուկ դաշտում, ինչպիսին է հայկական շոու բիզնեսը:

«Մենք մի քիչ համամիտ չենք «շոու բիզնես» ձևակերպման հետ, քանի որ այն, ինչ անում ենք, ավելի շատ վերաբերվում է մեր երաժշտական ժառանգությանը և ազատ արվեստագետի ստեղծագործական դրսևորումներին, որոնք մեր կարծիքով արժեքավոր են և ամբողջական՝ առաջին հերթին ձևի և բովանդակության առումով։ Որքանով այն կարելի է դիտարկել որպես շոու բիզնես, այնքան էլ միանշանակ չէ»,- եզրափակում է Լուսինե Ոսկանյանը:

Հաղորդման ընթացքում հնչում են Միքայել Ոսկանյանի տարբեր նախագծերի ստեղծագործությունների կատարումները:

Ցուցադրել ավելի
Back to top button