ԿարևորՔաղաքական

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Մայիսի 5-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները (Anna Ifkovits Horner)։ 

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև օրերս նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:

Հայաստանի և Շվեյցարիայի պատվիրակությունները բարձր գնահատեցին երկու երկրների միջև ձևավորված սերտ քաղաքական երկխոսությունը, մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել դրանք խորացնելու ուղղությամբ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ և քննարկեցին փոխաջակցությանը վերաբերող հարցեր։ Շեշտվեց Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարաններում ակտիվորեն գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների խթանման գործում։

Ընդգծվեց առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող շարունակական գործունեությանը. ընդգծվեց 2022-2025թթ. ռազմավարության կարևորությունը, որի շրջանակում, Հայաստանում նախատեսվում է հավակնոտ ծրագրերի իրագործում։  

Խորհրդակցությունների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներին համապարփակ լուծում տալու անհրաժեշտությունը` վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում: Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ 

Հայկական պատվիրակությանն ընդունեց Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Յոհաննես Մաթիասին:

Back to top button