ԿարևորՀասարակություն

Ստուգված գազաբալոնների 20 տոկոսը պիտանի չէ. լիցենզավորված ընկերության տնօրեն

Ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացն իրականացնելու համար կստեղծվի  ավտոմատացված համակարգ ։ Այս նպատակով կառավարությունը 23 մլն 400 հազար դրամ է կհատկացրել։ Հայաստանում սեղմված և հեղուկ գազով շահագործվող բոլոր մեքենաները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ։ Չփորձաքննված գազաբալոններն օգոստոսի մեկից գազալցակայաններում չեն սպասարկվի, իսկ օրենքը շրջանցող տնտեսվարողները կտուգանվեն։

Այսուհետ մեթան և պրոպան, կամ վարորդների ձևակերպմամբ՝ օդ և հեղուկ գազով կլիցքավորվեն միայն այն մեքենաները, որոնց բալոններն պատշաճ փորձաքննություն կանցեն։ Գազով աշխատող ցանկացած մեքենայի բալոն պետք է փորձաքննվի այն կազմակերպություններում, որոնք ստացել են տարածքային կառավարման նախարարության լիցենզավորումը։ Ի դեպ, տեղադրումը ևս կվերապահվի լիցենզավորված ընկերություններին։ Միայն համապատասխան վկայականի առկայությամբ կթույլատրվի շահագործել մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցները։

Ընդ որում՝ այդ փորձաքննությունը պետք է կատարվի պարբերաբար՝ 2-3 տարին մեկ, իսկ գործընթացքը կվերահսկի  էլեկտրոնային համակարգը։ Այնտեղ կմուտքագրվեն բոլոր արդյունքները՝ հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Այս պահին արդեն 12 ընկերություն է ստացել լիցենզիա։ Մեր քաղաքացիներին հորդորում եմ չսպասել մինչև օգոստոսի մեկը։ Խոչընդոտներից խուսափելու համար սկսեք այսօրվանից»։

Եվ այսպես՝ օգոստոսի 1-ից եթե մեքենան մոտենալով գազալակայանին համապատասխան վկայական չունենա, պարզապես չի սպասարկվի։ Գազալցակայանի աշխատակիցը լիցքավորելուց առաջ մեքենայի համարը մուտքագրելով  էլեկտրոնային շտեմարանի մեջ կտեսնի՝ մեքենան անցե՞լ է ստուգում, թե՞ ոչ: Եթե չի անցել, չի լիցքավորվի։ Մեքենաների տվյալները շտեմարանում մուտքագրելու  է լիցենզավորող ընկերությունը,  շտեմարանը կառավարելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։  Այստեղից վարորդներին խորհուրդ են տալիս չուշացնել ու հիմա արդեն դիմել փորձարկման՝ հետագայում հերթերում չհայտնվելու համար։

Արդյոք վարորդներն արդեն սկսել են փորձաճնշարկել իրենց գազաբալոնները՝ հետարքրքվեցինք լիցենզիա ստացած ընկերություններից։ «Պրեմիում Գազ» ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգայնը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում արդեն 400 գազաբալոն են փորձարկել։

«Հիմնականում դիմում են կազմակերպությունները։ Միջինացված օրական փորձարկում ենք 7 մեքենա։ Ընթացքը 30-40 րոպե է։ Մոտ 20 տոկոսը խոտան է։ Կան դեպքեր, որ ժամկետանց են, կան որ արտաքին վնասվածքներն են շատ»։

Դիմելիությունը պասիվ է գնահատում նաև «Էքսպերտ Թեչ» ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։ Վստահ է՝ մեքենայատերերը կակտիվանան 1-2 ամսից, երբ արդեն կուտակումներ կլինեն և հնարավոր չի լինի  միանգամից բոլորինը հասցնել փորձարկել։

«Ոչ մի աշխուժություն չի նկատվում։ Լինում են նորմալ գազաբալոններ, շատ են ժակետանցները, որոնք չենք էլ փորձարկում»։

Փորձաճնշարկման մոտավոր արժեքը 8-12 հազար է։ Քաղաքացին 2-3 տարին մեկ պետք է այդքան գումար հատկացնի, որպեսզի կարողանա լիցքավորել մեքենան։ Նժարի, մի կողմում, լրացուցիչ ֆինանսական ծախսերն են, մյուսում՝ անվտանգությունը։ Հաշվի առնելով, որ Հայաստանում, ըստ  որոշ տվյալների, շուրջ 300 հազար մեքենա աշխատում է գազով, ու դրանց բալոնները տեղադրվել են խիստ չկանոնակարգված, իսկապես անվտանգության լուրջ խնդիր ունենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Ճիշտ է՝ ճշգրիտ թվը չգիտենք, բայց գիտենք, որ ՀՀ-ում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա և ժամանակ առ ժամանակ պարզապես սպասում ենք, թե հաջորդ պայթյունի լուրը երբ ենք ստանալու։ Մենք պարտավոր ենք ապահովել  շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը։ Էլեկտրոնային շտեմարանի առկայությամբ Պարեկային ոստիկանությունը ևս հետևելու է, թե որ մեքենան համապատասխան վկայական ունի, առանց նույնիսկ կանգնեցնելու»։

Շտեմարանը պարբերաբար կթարմացվի։ Մտահոգությունները, որ սա կարող է հերթեր առաջացնել լցակայաններում, նախարարությունում դիտարկել են։ Փորձելու են սահուն կազմակերպել։ Դրան զուգահեռ բավական խիստ են վարվելու օրենքը շրջանցողների հետ։

Դաշտը վերահսկող Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյան․

«Լիցենզավորման կարգի պահանջների խախտման դեպքում  տվյալ կազմակերպությունը կարող է տուգանվել մինչև 200 հազար դրամով։ Եթե գազալցակայանները լիցքավորեն բալոնն առանց շտեմարանի հետ նույնականացնելու, տնտեսվարողը կտուգանվի 200 հազար դրամի չափով։
Եթե գազաբալոն տեղադրող  կազմակերպությունը  էլեկտրոնային շտեմարանում գազաբալոնի և տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրի կարգի խախտումով, 200 հազարից 500 հազար կկազմի տուգանքը»։

ԱԻՆ-ի տվյալներով՝ վերջին 5 տարիներին մեքենայի գազաբալոնի պայթելու 13 դեպք է գրանցվել՝ 4 զոհ, 8 տուժած։ Ամենաշատ պայթյունները 2021-ին էին։ 4-ից 2-ը՝ Երևանում, 2-ը՝ Տավուշում։ Խստացվող նորմերը հենց այս մտահոգիչ իրավիճակը շտկելու նպատակ ունեն․ քանի դեռ մեքենան փորձաքննված չէ, մասնագետներն այն դիտարկում են պայթյունավտանգ՝ բառի ուղիղ իմաստով։

Back to top button