ԿարևորՀասարակություն

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք, մասնավորապես, բխում են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի սահմանումը հանրակրթության պետական չափորոշչի սահմանման հետ համադրելու և կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը շեշտադրելու անհրաժեշտությամբ:

«Այս փոփոխության օգնությամբ մենք կարողանալու ենք նաև առավել արդյունավետ առաջ տանել նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը, որն արդեն սահմանվել է իբրև պարտադիր պահանջ, և ներկայում գտնվում ենք դրա իրացման փուլում: Նախագծով սահմանվել են մի շարք կարևորագույն լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացման գործընթաց՝ տարակարգերի շնորհման միջոցով: Այս մեխանիզմը ներդրվում է առաջին անգամ, որն ունի կարևոր նշանակություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ հաջորդ կարևորագույն մոտեցումը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցմանը, որի կարգի լիազորող նորմը նույնպես դրվել է այս նախագծով:

«Սա միանգամայն համահունչ ենք առաջ տանում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ, որը թույլ է տալու էապես ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, և սա առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կան այդ կադրերը, և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը հնարավորություն է տալու, որպեսզի նաև հարակից բնակավայրերի մարդիկ կարողանան աշխատել և մեր երեխաների համար ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն»,- շեշտել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև լիազորող նորմերի ներառումը ներառական կրթության համատեքստում, որով հնարավորություն է տրվում սահմանել 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը:

Ըստ նախարարի տեղակալի՝ մի շարք այլ կարգավորող նորմեր ևս կան, որոնք թույլ են տալու հրատապ խնդիրները կարգավորել ենթաօրենսդրական դաշտում և, ընդհանուր առմամբ, ոլորտում ունենալ ավելի որակյալ և բարելավված իրավիճակ: Նա տեղեկացրել է, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ գրեթե չեն ստացվել. եղածներն էլ հիմնականում խմբագրական բնույթի են եղել:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին: Նշենք, որ Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը: 

Back to top button