ԿարևորՀասարակություն

Հրապարակից՝ վարժանքների․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել

Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր պետք է անցնեն եռամսյա վարժական հավաքներ՝ Ազգային ժողովում հրավիրված աշխատանքային քննարկմանը հայտարարել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։

Նաև տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են 44-օրյա պատերազմից հետո  հայտարարված երրորդ  եռամսյա վարժանքները: Մտավախությունը, որ հավաքներից խուսափողներ կան, առկա է՝ ասել ՊՆ ներկայացուցիչը և տեղեկացրել, որ բոլոր նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ:

Նման մտավախություն հայտնել էին իշխանության ներկայացուցիչները՝ դրանք հասցեագրելով նաև մայրաքաղաքում շարունակվող  բողոքի ակցիաների մասնակիցներին։ 

Երևանում արդեն երեք օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներն  իրավիճակի փոփոխության են արձանագրում։ Նրանց պնդմամբ՝ ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր փողոցներից բերման է ենթարկում անգամ մայթեզրին կանգնած և խաղաղ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին։

Իշխանությունը նույնպես խոսում է իրավիճակի փոփոխության մասին։ Ընդդիմադիրների բողոքի ակցիաներին զուգահեռ խորհրդարանում քննարկում են նոր նախաձեռնություն, թե բանակի մոբիլիզացիոն ռեսուրսի համար ինչով կարող են օգտակար լինել ընդդիմության ցույցերից բերման ենթարկված երիտասարդները։ Առաջարկը հնչել է իշխող ուժից, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից։ Ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկմանը հրավիրվել են նաև ընդդիմադիր պատգամավորները՝ ասում է Քոչարյանը։

«Վաղը չասեն՝ մեզ հետապդնում են, բերման ենթարկվածներին։ Չէ։ Բերման ենթարկվածների մեջ մենք ՀՀ քաղաքացուն ենք ուզում տեսնել, որը բանակի հարցում պետք է իր մասնակցությունը ունենա, եթե քաղաքական խնդիրը ձևակերպված է՝ Արցախը և Հայաստանի անվտանգությունը։ Սա լավ հնարավորություն է, որ եթե նախկինում ինչ-ինչ պատճառներով, ով ուզում է լինի, եթե բանակից ապօրինի ազատման թեկուզ կասկածներ կան, կարծում եմ և ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազությունը հսկայական անելիք ունեն։ Որովհետև ես տեսնում եմ «Քելե, լաո» են երգում մարդիկ, որոնք 2 տարի առաջ մահամերձ լինելու թուղթ էին հանել։ Չասեմ անունները, կարծում եմ՝ կռահեցիք։ Այնպիսի ուժով են ոստիկանությանը դիմադրում, ես կուզեի, որ այդպիսի ուժով մեր ժայռերի վրա նստած լինեին։ Այդ տեղերը մենք հիմա կնշենք, և վարժական հավաքների միջոցով շատերին հնարավորություն կտանք իրական հայրենիքի սահմաններին ծանոթանալ, դժվարություններին ծանոթանալ, նաև թթվածնի պակասին որոշ դիրքերում։ Դա կդարձնի մեզ ավելի կուռ և կլուծի նաև մեր անվտանգային խնդիրները»։ 

Ոստիկանությունը և պաշտպանության նախարարությունը պայմանավորվեցին փոխանակել ձեռքի տակ եղած տվյալները, բայց Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ղեկավար, հանրապետության զինկոմիսար Արմեն Ավթանդիլյանը հստակեցրեց՝ վարժանքներից խուսափածները  միանգամից չեն կարող հավաքների մասնակցել։ Այս պահին ընթացքի մեջ է եռամսյա հավաքների երրորդ հերթափոխը, ըստ հաստատված ժամանակացույցի՝ կազմակերպվում են նաև եռօրյա, յոթնօրյա և տասնօրյա մասնագիտական հավաքներ։

«Մտավախությունը, որ իրականում եռամսյա վարժական հավաքներից խուսափողներ կան, ունենք, և նախկին եռամսյա հավաքներից և այսօր։ Չեմ ուզում հնչեցնել թվաքանակը, բոլորի վերաբերյալ նյութերն ուղարկված են քննչական մարմիններին։ Որպեսզի չշահարկվի, ուզում եմ տեղեկացնել՝ մենք ամեն տարի պլանով նախատեսում ենք թվաքանակ, մասնագիտություններ ու երբ ենք դա անցկացնելու։ Դեռևս 21 թվականին պլանավորված են եղել 22 թվականի եռամսյա վարժական հավաքները։ Մենք քաղաքական ոչ մի ուղղվածություն չունենք․ որպես զինվորական կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ բոլորն էլ մասնակցեն եռամսյա վարժական հավաքների, որովհետև դա մեր երկրի անվտանգության ու պաշտպանության խնդիրն է»։

Իշխանության նախաձեռնությանն ընդդիմադիրներն  առայժմ իրավական գնահատական չեն տալիս։ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը խոսում է  հարցի բարոյական կողմի մասին։

 «Այդ մարդիկ որևէ իրավունք չունեն նման հայտարարություններով հանդես գալ կամ նման նախաձեռնություններով հանդես գալ։ Դեռ իրավական հարցը թողնում եմ մի կողմ, բարոյական առումով սա ուղղակի անհեթեթություն է։  Թող պարզեն, ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են եղել, ավելին՝ կամավորներ են եղել։ Այսօր մեզ հետ ցույցի մասնակցողների մեծ մասը ինքնակամ գնացել և իրենց կռիվն են տվել։ Այսօր ՀՀ-ն մի քանի մասերից օկուպացված է թշնամու կողմից ու իրենք ինչ հայտարարություններով են հանդես գալիս։ Անդրանի՛կ Քոչարյան, զբաղվիր նրանով, որ Ներքին Հանդում ադրբեջանցին հերթական հենակետն է տեղադրում, որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ մտածեք ձեր որդուն սահման ուղարկելու մասին»։  

Եթե ընդդիմադիրները պնդում են, որ իրենց կողմնակիցները պատերազմի օրերին անգամ կամավոր են մեկնել հայրենիքը պաշտպանելու, իշխանական պատգամավորները հակադարձում են, որ նրանցից շատերին տեսախցիկներն արձանագրել են նոյեմբերի 9-ին պետական տարբեր շենքերում անկարգությունների ժամանակ։  

Հեռակա բանավեճի նոր առիթ է նաև նախօրեին ԱԺ նիստերի դահլիճ ընդդիմադիր խմբակցությունների կարճատև վերադարձն։ Իշխանությունը այն ընկալեց իբրև փախուստ բացահայտումներից։ Դա որոշել էին նախապես՝ ասում «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։ Իսկ թե ինչ բացահայտման մասին էր խոսում Փաշինյանը, իշխանական թևը դեռ չի բացահայտում։ Ասում են՝ պահը կգա, բացահայտումը կարվի։ Ընդդիմությունը չի հավատում։

Գեղամ Մանուկյան․ «Այսքան ժամանակ, եթե ինչ-որ գաղտնիք գիտեր, ինչո՞ւ չէր բացահայտում։ Հերթական մանիպուլյացիան էր։ Որոշված էր՝ հրապարակում ենք մեր պահանջ-հայտարարությունը, Արմեն Ռուստամյանը արձագանքում է, դրանից հետո դուրս ենք գալիս»։  

Ընդդիմադիրների հրապարակած 5 կետանոց պահանջում իշխանությունը տեսել է միայն մեկ նպատակ՝ ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ։ Նրանք երեկ հստակ հայտարարեցին՝ որն է նրանց նպատակը, դա իշխանության զավթման անհաջող փորձ է։ Այստեղ մենք հստակ այս արձանագրումը պետք է անենք, որովհետև այո, կոչեր են հնչում, կենացներ են հնչում, ճառեր են հնչում Արցախի և Արցախի փրկության մասին, բայց մարդիկ Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով չեն կարող Արցախը փրկել և նրանց նպատակը բոլորովին այլ է»։  

Կա ևս մեկ հարց, որ հետաքրքրում է հանրությանը և որի առնչությամբ հարցերը լրագրողներն ուղղում են ընդդիմադիր գործիչներին։ Նկատելի է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք չեն հանդիպում Ֆրանսիայի հրապարակում։ Հանրապետական կուսակցությունից Հայկ Մամիջյանյանը պարզապես փաստում է՝ գործիչները միասին անցած մեծ ուղի ունեն, մնացածը՝ քննարկման թեմա չի համարում։ Սերժ Սարգսյանի ներկայությունը հրապարակում, ըստ պատգամավորի, սահմանափակվում է խորհուրդներով և կազմակերպչական հանձնարարականներով։

Back to top button