ԿարևորՀասարակություն

ՀՀ ոստիկանության հորդորը՝ հասարակական ակցիաների մասնակիցներին

Վերջին օրերին մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ցավոք, սկսել են հաճախանալ օրինականության խախտման, համակեցության կանոնները չպահպանելու, համաքաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու դեպքերը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ակցիաների որոշ մասնակիցներ քաշքշուկներ են հրահրում հասարակական կարգն ու հենց իրենց անվտանգությունը ապահովող ոստիկանների հետ, շշեր են նետում նրանց վրա, վնասում ոստիկանական մեքենաները, պոկում ոստիկանության ծառայողի կրծքանշանները և այլն:

Արձանագրվում են դեպքեր, երբ երթի մասնակից սակավաթիվ քաղաքացիները միտումնավոր փակում են ողջ փողոցը և հրաժարվում կատարել բանուկ ճանապարհահատվածը բացելու հորդորները, ավելին՝ դիմադրություն են ցույց տալիս մյուս քաղաքացիների տեղաշարժի իրավունքը վերականգնող ոստիկաններին:

Վերոհիշյալ գործողություններն ու նմանատիպ արարքները իրավախախտումներ են և ենթակա համապատասխան իրավական գնահատականի ու հետևանքների:

Հասարակական ակցիաների մասնակիցներին ոստիկանությունից հորդորում են գործել բացառապես օրենքի շրջանակներում, հարգել համաքաղաքացիների նույնպիսի սահմանադրական իրավունքները, անվերապահորեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Հասարակության բոլոր անդամներն ունեն նույն սահմանադրական իրավունքները, որոնցից հիմա օգտվում եք դուք, և ոստիկանությունը կոչված է ապահովելու ինչպես ձեր, այնպես էլ նրանց իրավունքները, պահպանելու հասարակական կարգը բոլորի համար և պաշտպանելու յուրաքանչյուրին՝ ցանկացած ոտնձգությունից:

Ոստիկանությունը կոչ է անում օրինապահության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ակնկալում քաղաքացիների աջակցությունը ոստիկանությանը՝ հատկապես այս օրերին հասարակական կարգն ապահովելու գործում: 

Back to top button