ԿարևորՀասարակություն

Կճանաչվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքը, կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ

ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը:

Կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և  դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց  գնահատման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները և ընթացակարգերը:

Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի և կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը կսահմանի Կառավարությունը։

««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Back to top button