ԿարևորՄշակույթ

Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը հանդես կգա Երևանում

Առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա GRAMMY մրցանակակիր, լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում, Բելի կատարմամբ, կհնչի Բեթհովենի Ջութակի կոնցերը, երկրորդ բաժնում՝ Բեթհովենի թիվ 3 սիմֆոնիան:

Համերգը կկայանա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Մոտ չորս տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում GRAMMY մրցանակակիր ջութակահար Ջոշուա Բելը դարձել է մեր դարաշրջանի ամենահայտնի արտիստներից։ Նա իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը: Լինելով SONY CLASSIC ընկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ` արժանանալով հեղինակավոր GRAMMY, Mercury®, Gramophone և OPUS KLASSIK  մրցանակների։ 2013թ.-ին Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Billboard-ի ցանկում գրավել է առաջին հորիզոնականը:

Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների՝ Ռենե Ֆլեմինգի, Սթինգի, Ջոշ Գրոբանի, Չիկ Կորեայի, Բրանդֆորդ Մարսալիսի, Էդգար Մեյերի և այլոց հետ: Նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ:

Բելը նվագում է 1713թ.-ին ստեղծված Ստրադիվարիուսի ջութակով և 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղով:

Back to top button